HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին լարվածությունը

Իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին ապրիլի 16-ին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ուղղությամբ Իսրայելի կողմից արձակված ավիահարվածից և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո:

Կրեմլը նշում է՝ Պուտինը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որի հետևանքները կարող են աղետալի լինել ողջ տարածաշրջանի համար:

Իր հերթին, ինչպես նշում է ռուսական կողմը, Ռայիսին նշել է, որ Թեհրանը տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու նպատակ չունի: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները հարկադրված էին և սահմանափակ բնույթ էին կրում։

Ըստ այդ հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների բարդացման հիմնական պատճառը իսրայելա-պաղեստինյան հակամարտության չլուծված լինելն է: Բացի այդ, Պուտինն ու Ռայիսին արձանագրել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները Գազայի հատվածում անհապաղ հրադադարի օգտին, հումանիտար օգնության հետագա ապահովումը և ճգնաժամի դիվանագիտական կարգավորման համար պայմանների ստեղծումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Իրանն անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարձակվել էր Իսրայելի վրա, ինչը սակայն Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի համատեղ ուժերով կանխվել էր։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել էր իրանական կողմի հարձակման անհաջող լինելը, իսկ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն էլ իր հերթին հայտարարել էր, որ այդ հարձակումը պատերազմի հայտարարություն է: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայելը մտադիր է տարածաշրջանային կոալիցիա ստեղծել Իրանի կողմից եկող սպառնալիքի դեմ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել էր, որ իրանական կողմի հարձակումն արվել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարվածներից հետո, որտեղ զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ և նրանց ուղեկցող հինգ սպա: Հենց այդ ժամանակ Իրանն Իսրայելին սպառնացել էր վրեժխնդրությամբ։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածից զանգվածային հրթիռակոծության ենթարկեց Իսրայելի տարածք, ինչպես նաև ներխուժեց երկրի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Այդ հարձակում հետևանքով սպանվել և գերեվարվել էին տասնյակ անձինք։ Նույն օրը Իսրայելը սկսեց պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածին, իսկ ավելի ուշ ներխուժեց նաև Գազայի տարածք։

Լուսանկարը՝ Sergei Bobylyov/Pool/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter