HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ակտիվ մարտական գործողություններ, տասնյակ զոհեր ու վիրավորներ. ինչ է հայտնի իսրայելա-պաղեստինյան հերթական սրման մասին

Հոկտեմբերի 7-ի առավոտյան «Համաս» շարժումը հարձակվել է Իսրայելի վրա։ Խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ալ Աքսայի ջրհեղեղ» ռազմական գործողության ընթացքում Իսրայելի քաղաքների ուղղությամբ արձակվել է շուրջ 5 000 հրթիռ, իսկ մի քանի տասնյակ գրոհայիններ ներթափանցել են իսրայելական բնակավայրեր, որոնք գտնվում են Գազայի հատվածի հետ սահմանին։ Իսրայելի իշխանությունները պնդում են, թե Իսրայելի տարածքին հարվածել է ավելի քան 2 000 հրթիռ։ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինյան ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու Իսրայելի հարձակումներից։

Հարձակման հետևանքով զոհվել են Իսրայելի տասնյակ քաղաքացիներ, հարյուրավոր մարդիկ տուժել են։ 

Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ Իսրայելի իշխանությունները հայտնել են առնվազն 22 զոհի և 545 վիրավորի մասին։ Զոհերի թվում կա 1 բուժաշխատող։ Իշխանությունները հավանական են համարում, որ զոհերի թիվը կարող է աճել։ 

«Համաս»-ի մարտական թևը հայտնել է, որ գրոհայինները պատանդ են վերցրել իսրայելցի ավելի քան 35 զինվորականի և բնակչի։ 

Գերիներին տեղափոխել են Գազայի հատված։ Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաընկերությունը, Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել գերիների ճակատագրի շուրջ։ Իսրայելցի զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։ 

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել «Համաս»-ի 21 օբյեկտների, որոնցից 17-ը ռազմական են, իսկ 4-ը՝ հրամանատարական կենտրոններ։ Իսրայելի ողջ հարավը շրջափակված է ոստիկանության կողմից, հատուկ ստորաբաժանումները գործում են ավելի քան 20 բնակավայրերում։ Իսրայելի ազգային պաշտպանության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, սկսվել է նաև զորակոչ։

Գազայի հատվածի ուղղությամբ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ։ 

Այդ մասին հայտնում են բուժաշխատողները, որոնք գործում են տեղում։ Մի քանի մարդ տուժել է, ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։ Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ հարված է հասցվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկին։ 

Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ։

Դրանց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Վրաստանը և այլն։ Գրոհայինների գործողությունները դատապարտել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եգիպտոսը և Թուրքիան հակամարտության կողմերին զսպվածության կոչ են արել։ Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ «ուշադրությամբ հետևում է» իրավիճակին։ Լիբանանյան Hezbollah խմբավորումը, որը դեմ է հանդես գալիս Իսրայելին, հայտարարել է, որ հետևում է Գազայում առկա իրավիճակին և շփման մեջ է «պաղեստինյան դիմադրության ղեկավարության հետ»։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան։

«ՀՀ ԱԳՆ-ն, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Լուսանկարը՝ Tsafrir Abayov / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter