HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ո՞վ է զբաղվում «Աերացիա» մաքրման նորակառույց կայանի շահագործմամբ․ արդյունքներ առայժմ չկան

Երևանի «Աերացիա» մաքրման նորակառույց կայանի մասին «Հետքի» առաջին հրապարակումը 2022թ․-ի մարտի 22-ին էր։ Հոդվածը ներկայացնում է «Աերացիա» կեղտաջրերի մեխանիկական մաքրման նորակառույց կայանի պատմությունը, մասնավորապես այն, որ կայանի կառուցման համար տրամադրվել էր 10․4 մլն եվրո, որը Հայաստանին որպես վարկ տրամադրել էր ֆրանսիական կառավարությունը։ 2015-2016թթ․-ին տևած կայանի շինարարությունից հետո որոշ թերություններ հայտնաբերվեցին, այդ կայանը չստացավ ավարտական ակտ և մինչ օրս այն չի շահագործվում։

Դրանից անցել է 2 տարի, և «Հետքը» կրկին հարցմամբ դիմել է Ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ նախաձեռնություններ կամ գործողություններ են իրականացվել «Աերացիա» ԿՄԿ-ի գործարկման համար։ Կոմիտեի պատասխանից ակնհայտ է, որ այդ կառույցն ընդգրկված չէ «Աերացիա» ԿՄԿ-ի նոր շենքի շահագործման վերաբերյալ քննարկումներում (եթե այդպիսիք կան) և բավարար տեղեկություններ չունի։

Կոմիտեին խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է «Աերացիա» ԿՄԿ-ի վերականգնման ծրագրի պայմանագիրն ավարտելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել Ջրային կոմիտեն։ Միայն այս նախագծի ընդունման դեպքում Ջրային կոմիտեն հնարավորություն կունենար կայանի գործարկմանն ուղղված քայլեր կատարել։ Այս մասին կոմիտեն մեզ տեղեկացրել էր դեռևս 2022թ․-ին, հետևապես հարցումն ուղղել էինք հենց Ջրային կոմիտե։ Սակայն, Կոմիտեն իր պատասխանում դրան չի անդրադարձել։

Մյուս հարցն այն մասին էր, թե արդյոք Ջրային կոմիտեն այս ընթացքում որևէ քայլ, նախաձեռնություն կամ հանդիպում է կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու նորակառույց «Աերացիա» ԿՄԿ-ի շահագործման կամ, ընդհանուր առմամբ, կառույցի հետագա հեռանկարը։ Կոմիտեի պատասխան նամակում այս հարցին նույնպես անդրադարձ չի եղել։

Ի սկզբանե «Հետքի» այս հարցումը Ջրային կոմիտեն վերահասցեագրել էր Տարածքային կառավարման և զարգացման հիմնադրամին (ՏԿԶՀ), որին 2019թ․-ին փոխանցվել էր «Աերացիա» նորակառույց ԿՄԿ-ի փաթեթը, հետևաբար այս պահին կայանի պատվիրատուն հենց ՏԿԶՀ-ն է։ Հիմնադրամից հարցումը կրկին ուղարկել էին Ջրային կոմիտե, որտեղից էլ մեզ պատասխանեցին․

1․ Մեր ունեցած տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանում՝ գնահատելու ստեղծված իրավիճակը։

2․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սեփական միջոցներով իրականացնում է մոնիթորինգ՝ գնահատելու համար կայանի տեխնիկատնտեսական վիճակը, այն գործարկելու հնարավորությունները և նպատակահարմարությունը։

Վերջերս Ջրային կոմիտեում կեղտաջրերի խնդրին անդրադարձել է  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որպես օրինակ նա բերել է Սևանա լճի խնդիրը, նշել, թե ինչպես է լիճը տարբեր եղանակներով աղտոտվում հարակից բնակավայրերից հոսող կոյուղաջրերի հետևանքով։

«Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը Ջրային կոմիտեի 2023 թ․-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Վարչապետի բարձրաձայնած այս խնդրին որոշակի լուծում տալու ամենահարմար ելակետը Երևանի «Աերացիա» մաքրման կայանն է։ 2022-ին հենց Երևանին է բաժին ընկել Հայաստանի տարածքում կոյուղի բաց թողնված 120 մլն խմ կեղտաջրերի 66%-ը։ Այդ կեղտաջրերի ընդհանուր ծավալի 94%-ը առանց մաքրվելու լցվել է ջրային միջավայր։

«Աերացիա» կեղտաջրերի մաքրման նորակառույց կայանի մասին նշվում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Այստեղ ասված է, որ մինչև 2022թ․-ի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը պետք էր ապահովել շինարարության կապալի միջազգային պայմանագրի ավարտը, գույքի ձևավորումից հետո կայանի գործարկումը, շահագործման հանձնումը ու ԿՄԿ-ի վերակառուցման ծրագրի հետագա փուլերի համար նախապատրաստական աշխատանքների իրականացումը։ Առայսօր, սակայն, կայանը նույն փուլում է՝ առանց ավարտական ակտի և գործարկման հստակ որոշման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter