HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու Հայաստանում կեղտաջրերը չեն մաքրվում

Երևանի կեղտաջրերը տարին 12 ամիս Արարատի մարզի Ղուկասավան գյուղի մոտ թափվում են Հրազդան գետը։ Խողովակները, որոնք առնվազն 50 տարվա վաղեմության են, տարբեր տեղերից կոտրված են, ու կեղտաջրերը անարգել հոսում են բաց միջավայր։ Այս կեղտաջրերը այստեղ են հասնում մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող Աերացիա մաքրման կայանից։ Կարելի է կարծել, թե ամեն բան կարգին է, քանի որ եթե կոյուղաջրերը մաքրման կայանից են այստեղ հոսում, հետևաբար մաքրված են։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։

Երևանի Աերացիա մաքրման կայանը, թեև պահպանում է իր գոյությունը և մասամբ կատարում մեխանիկական մաքրում, բայց ասել, որ այնտեղից դուրս եկող կեղտաջրերը մաքրված են, ճիշտ չէ։ Կայանի միակ աշխատող մասը ճաղավանդակային հատվածն է, որը որսում է կեղտաջրերի հետ Աերացիա մտնող խոշոր աղբը։ Սա նշանակում է, որ մնացած ամեն բան, ինչ կա այդ կեղտաջրերի մեջ, նույնությամբ լցվում է Հրազդան գետ՝ ընդ որում ոչ միայն կենցաղային, այլև արտադրական թափոններ ևս։

Հրանուշ Ղազարյանի այգու անմիջապես կողքին կեղտաջրերը բաց խողովակից դուրս են հոսում ու լճանում։ Ասում է, որ երբեմն, երբ ջուրը շատ է լինում, բարձրանում, լցվում է այգին՝ փչացնելով ցանքսը ու աղտոտելով հողը։ Այդ հատվածում հողի վրա հաստ կաշենման շերտ կա, որը աղտոտված ջրի վարարումից հետո է առաջանում։

«Տղաս էստեղ արդեն քանի տարի է՝ կարտոֆիլ է ցանում, Աերացիայից էդ կոյուղին գալիս, լցվում է, բերքը չի աճում։ Կողքին էլ ծաղկի ջերմոց ունենք, նույն պատմությունը։ Էս տարի մեր միջոցներով տրակտոր բերեցինք, որ հողը բարձրացնի, պատնեշի նման մի բան ստեղծվի, որ էլ չլցվի։ Մի քանի անգամ եկել, նկարել, գնացել են, բայց օգուտ չկա․ մեր ձայնը տեղ չի հասնում»,- ասում է Ղուկասավանի 60-ամյա բնակիչը։

Խորհրդային տարիներին այս կայանը կատարում էր ոչ միայն մեխանիկական, այլև բիոլոգիական մաքրում՝ դարձնելով այնտեղ մտնող կեղտաջրերն այնքան մաքուր, որ կարելի լիներ բաց թողնել ջրային միջավայր։ 1980-ական թթ․-ի կեսերից նույն տարածքում սկսել էր ԿՄԿ-ի երկրորդ բլոկի շինարարությունը։ Այն նախատեսվում էր կառուցել նախորդից ավելի մեծ քանակով կեղտաջուր ընդունելու և մաքրելու համար։ Հայաստանի անկախացման տարիներին շինարարությունն այդպես էլ անավարտ մնաց, դադարեց գործել նաև հիմնական կայանը՝ պահպանելով միայն մի փոքր հատված, որը, մասնագետների խոսքով, առանձնապես որևէ խնդիր չի լուծում։

«Կայանի միակ գործող հատվածում՝ ճաղավանդակային մասում կուտակված աղբը, կարելի է ասել, որ ընդհանրապես չի մաքրվում, ու երբ այդտեղ նոր կեղտաջուր է մտնում, բավական չէ, որ չի մաքրվում, այլ նաև ենթարկվում է կրկնակի աղտոտման այնտեղ կուտակված կեղտի պատճառով»,- ասում է ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ոլորտում մասնագիտացած «Ջինջ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։

Երևան քաղաքի և հարակից մի քանի բնակավայրերի կոյուղաջրերի մաքրման հարցը լուծելու նպատակով 2015-2017թթ․-ին Աերացիայի տարածքում կառուցվեց մեխանիկական մաքրման նոր կայան։ Այն արժեցավ 10,4 մլն եվրո, որը ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկ էր Հայաստանին։ Կառուցվելուց հետո այդ կայանը երբևէ չգործեց, քանի որ ի վերջո չանցավ փորձաքննություն և չստացավ ավարտական ակտ։ Փաստացի, այն 7 տարուց ավելի է՝ չի գործում և օրեցօր օգտագործման համար դառնում է ավելի քիչ կենսունակ։ Երևանի Աերացիա մաքրման հին կայանի և նոր կառուցված կայանի վերաբերյալ մանրամասներին «Հետք»-ն առանձին հոդվածով անդրադարձել է դեռևս 2022թ․-ին։

Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում

Հայաստանում այժմ գործում է կեղտաջրերի մաքրման 6 կայան, նախկինում այդ թիվը 25 էր

Շարունակելով ուսումնասիրել Հայաստանում կեղտաջրերի մաքրման թեման՝ «Հետք»-ը տարբեր աղբյուրներից՝ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, բաց աղբյուրներից և տարբեր փորձագետներից ստացած տեղեկատվությունը ամբողջացրել է և ստեղծել տվյալների բազա, որտեղ ներկայացված են, թե տվյալ պահի դրությամբ ինչպես է Հայաստանը կառավարում կեղտաջրերի հոսքը դեպի ջրային տարածություններ, մաքրման քանի կայաններ են գործում այժմ, և քանիսն են գործել խորհրդային տարիներին։ 

Հայաստանում այսօր գործում է կեղտաջրերի մեխանիկական մաքրման 6 կայան` Վարդենիսում, Մարտունիում, Գավառում, Դիլիջանում, Ջերմուկում և Երևանում։ Գեղարքունիքի մարզում գտնվող երեք կայանը կառուցվել է 2013թ․-ին «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում։

«Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչեւ 19000 խմ, իսկ Մարտունի եւ Վարդենիս քաղաքների համար` մինչեւ 9500 խմ: Կայանների կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքում կառուցվել են նաև կոյուղագծեր` ընդհանուր 52 կմ երկարությամբ»,- այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարությունը, 06․03․2013։

Ջերմուկ և Դիլիջան քաղաքների մաքրման կայանները կառուցվել են Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրով։ Դիլիջան քաղաքի մաքրման կայանի հզորությունը օրական մինչև 19000 խմ է, իսկ Ջերմուկինը՝ 9500 խմ։

Կարևոր է նշել, որ բոլոր այս 6 մաքրման կայանները կատարում են միայն մեխանիկական մաքրում, ինչը նշանակում է, որ ջրում եղած անտեսանելի և լուծված թափոնները, շրջանցում են մաքրումը և հոսում ջրային միջավայր։

Ներկայիս գործող կայաններից միայն Երևանինն է, որ ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից, մյուսները նոր են՝ կառուցված հնի տեղում։

Որտե՞ղ են թափվում բնակավայրերի կեղտաջրերը

Հայաստանում կեղտաջրերի ընդամենը 1․3%-ն է հասնում մաքրման կայաններ և մաքրվում։ Դրանք Վարդենիս, Գավառ, Մարտունի, Դիլիջան և Ջերմուկ քաղաքի կեղտաջրերն են, քանի որ մեխանիկական մաքրման կայաններ միայն այդ քաղաքներում կան։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Երևան քաղաքի կեղտաջրերը նույնպես համարվում են մաքրող սարքավորումներով բաց թողնված, սակայն մեր վիճակագրության մեջ մենք դրանք չենք ներառում և չենք համարում մաքրված, քանի որ կեղտաջրերը թեև անցնում են մաքրման կայանի միջով, սակայն իրականում որևէ մաքրում՝ բացի խոշոր աղբի հեռացումից, չի կատարվում։

2022թ․-ին Հայաստանի տարածքում կոյուղի է բաց թողնվել 120 մլն խմ կեղտաջուր, որի 66%՝ Երևանից։ Այդ կեղտաջրերի ընդհանուր ծավալի 94% լցվել է ջրային միջավայր։

Տարբեր բնակավայրերից կեղտաջրերի հեռացումը կատարվում է տարբեր եղանակներով։ Դրանք հոսում են ջրային միջավայր՝ գետեր, ջրամբարներ, լցվում են դաշտեր, ձորեր և անհատական հորեր։

ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկությունները համադրելով՝ Հայաստանի 590 բնակավայրում կեղտաջրերը լցվում են անհատական հորեր, 92-ի դեպքում՝ ջրային միջավայր, 89-ի դեպքում՝ և՛ ջրային միջավայր, և՛ հորեր։ Մյուս բնակավայրերի կեղտաջրերը հոսում են բնություն, մաքրման կայաններ կամ միաժամանակ մի քանի տարբեր ուղղություններով։

Քարտեզի վրա Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր նշված է կանաչ, կապույտ, դեղին և շագանակագույն գույներով։ Կապույտ գույնով նշված բնակավայրի կեղտաջրերը թափվում են ջրային միջավայր, կանաչ գույնով՝ բնություն, դեղին գույնով՝ մաքրման կայան, շագանակագույնով՝ հորեր։

Ի՞նչ պատահեց մաքրման նախկին կայանների շենքերին, ովքե՞ր սեփականաշնորհեցին դրանք

1980-ական թվականներին Հայաստանում կեղտաջրերի մաքրման կայանների ակտիվ շինարարություն էր։ Հայաստանի 9 մարզում և Երևանում կառուցվել կամ կառուցման փուլում էր 25 կայան։ Դրանցից որոշները կառուցված էին և պատրաստ շահագործման, բայց ստեղծված անբարենպաստ պայմանների հետևանքով չաշխատեցին։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բավարար չափով էլեկտրաէներգիա չկար, այդ կայանները դադարեցին գործել, քանի որ դրանց աշխատանքի համար մեծ քանակով էներգիա էր անհրաժեշտ։

Մաքրման այդ կայաններից վեցը Լոռիում էին, չորսը՝ Սյունիքում, երեքը՝ Արմավիրում, երեքը՝ Արարատում, մեկական՝ Երևանում, Կոտայքում, Շիրակում, երկուական՝ Արագածոտնում, Տավուշում, Գեղարքունիքում։ 

Այսօր այդ կայանները լքված և թալանված վիճակում են, շատերը պահպանել են իրենց արտաքին տեսքը, սակայն պատերից և մի քանի շինություններից ավելի ոչինչ չկա։

«Հետք»-ը հանրապետության տարածքում տեղորոշել է բոլոր այդ կայանների տարածքները և պարզել, թե դրանք ինչ կարգավիճակ ունեն այսօր։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ մաքրման չգործող 21 կայանից 5-ը տարբեր ժամանակահատվածներում սեփականաշնորհվել է տարբեր անձանց կողմից։

Սեփականաշնորհված կայաններից առաջինը Լոռու մարզի Թումանյան համայնքում եղածն է։ Այս կայանը ներառված չէ Ջրային կոմիտեի մեզ տրամադրած մաքրման կայանների ցանկում։ Այն գտնվում է Այգեհատ գյուղի վարչական տարածքում՝ Դեբետ գետի ափին։

Թումանյան համայնքի կեղտաջրերի մաքրման այս կայանը՝ մոտ 2 հա տարածքով, մասնավորեցվել է 2005 թ․-ին։ Թումանյան-Ալավերդի ճանապարհի աջ մասում՝ Դեբետ գետի ափին գտնվող կայանը գնել է Թումանյան համայնքի նախկին ղեկավար Լևոն Զավարյանի եղբայրը՝ Ռոբերտ Զավարյանը։ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ կայանը մինչ Զավարյանների սեփականությունը դառնալը՝ 1995 թ․-ին, պատկանել է պետությանը։ Նույն տարում Կառավարության որոշմամբ փոխանցվել է Թումանյան համայնքին և սեփականության իրավունքով գրանցվել է Թումանյան համայնքի բնակարանային տնտեսություն ՓԲԸ-ի անվամբ։

2005 թ․-ին գույքը առքուվաճառքի պայմանագրով համայնքային ՓԲԸ-ից գնել է Թումանյանի համայնքապետի եղբայրը, որը 2010 թ․-ին կրկին առուքուվաճառքի պայմանագրով կայանի գույքը փոխանցել է նախկին համայնքապետի որդուն և ազգականներին պատկանող «Զավարյան եղբայրներ» ՍՊԸ-ին։

Թումանյան համայնքի նախկին ղեկավար Լևոն Զավարյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ կայանի տարածքում հիմա քարի արտադրամաս է աշխատում։

«Էդ գույքը մենք գնել ենք աճուրդի ժամանակ, դա Թումանյանի հրակայուն նյութերի գործարանի մաքրման կայանն էր, հետո, դե որ արդեն գործարանն էլ չկար՝ մաքրման կայանի անհրաժեշտություն էլ չկար»,- ասում է Լևոն Զավարյանը։

Թումանյանի համայնքապետարանից, սակայն մեզ հայտնեցին, որ այդ կայանը ոչ միայն գործարանի կեղտաջրերն էր մաքրում, այլև Թումանյան քաղաքի կենցաղային կեղտաջրերը։

Թե ինչ արժեքով են գնել մաքրման կայանը, Լևոն Զավարյանը հրաժարվեց պատասխանել։

Թեև «Թումանյանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ն ստեղծվել է Թումանյան համայնքի կողմից, կանոնադրությունը հաստատվել էր նախկին համայնքապետ Լ․Զավարյանի կողմից, Թումանյանի ներկայիս համայնքապետը տեղեկություններ չունի մաքրման կայանի սեփականաշնորհումից։ Թումանյանի համայնքապետ Սուրեն Թումանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ խոշորացված Թումանյան համայնքում ՓԲԸ-ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, չգիտեն նաև, թե որտեղ են արխիվացվել ՓԲԸ-ի փաստաթղթերը։ 

Քարտեզի վրա դեղին գույնով նշված են Խորհրդային տարիներին գործած կեղտաջրերի մաքրման կայանները, իսկ կարմիրով՝ այժմ գործող մաքրման կայանները։

Սեփականաշնորհված մյուս կայանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքում է գտնվում։ Այս կայանի վերաբերյալ «Հետք»-ը մանրամասն հոդված է հրապարակել՝ ներկայացնելով կայանի կառուցման պատմությունը, հետագայում առքուվաճառքի գործընթացը և ներկա վիճակը։

Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է

Սիսիանի մաքրման կայանը գրեթե ամբողջովին պատրաստ էր գործելու, երբ Հայաստանի անկախացման շրջանում ստեղծված ճգնաժամի պատճառով այդպես էլ չշահագործվեց։ Կայանի 3 հա տարածքը մի քանի տարի տևած դատական պրոցեսներից հետո՝ 2005թ․-ին, գնել է Վարդան Վարդանյանը, որի կինը սեփականաշնորհման տարիներին Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետն էր։ Մաքրման կայանի համար Վարդանյանը վճարել է 9,5 մլն դրամ։ Մինչև վերջերս կայանի տարածքում նրա անասնաֆերման էր, այս պահին այն ոչնչի չի ծառայում։ Սեփականատերն ասում է, որ ժամանակին այնտեղ հէկ կառուցելու մտադրություն ուներ, հետո մտափոխվել է։ Հիմա մտածում է հանգստի գոտի և հյուրանոց կառուցելու մասին, և քանի որ ճանապարհի վրա է, կարծում է՝ լավ կաշխատի։

Սեփականաշնորհվել է նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող մաքրման կայանը։ Այն սեփականաշնորհվել է 2013 թ․-ին, մինչ այդ այն պատկանել է «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին։ Տավուշ գյուղից Բերդ քաղաք տանող ճանապարհին՝ Տավուշ գետի ափին գտնվող կեղտաջրերի մաքրման կայանի տարածքը 3 հեկտար է։ Հողամասն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի է։

Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ կայանի տարածքի ներկայիս սեփականատերը «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի աներորդուն՝ Վարդան Առաքելյանին։ Ե՛վ Գագիկ Մելիքյանը, և՛ Վարդան Առաքելյանը Տավուշի մարզի Բերդ համայնքից են։ «Վիցի գրուպը» Բերդ քաղաքում գազալցակայան է շահագործում։

Ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանի հետ զրույցում հարցրինք, թե ինչ նպատակով է սեփականաշնորհվել կեղտաջրերի մաքրման նախկին կայանը։ Տնօրենը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Ասաց միայն, որ այդ տարածքում ոչ մի գործունեություն դեռ չեն ծավալել ու նպատակ էլ դեռ չունեն։ Տնօրենի խոսքերով՝ ոչինչ նախկին կայանի տարածքից փոփոխման չի ենթարկվել, կայանից մնացել են միայն շենք-շինությունները, իսկ սարք-սարքավորումներ չեն եղել։

Մասիսի կեղտաջրերի մաքրման կայանի պատմությանը «Հետք»-ն անդրադարձել է առանձին հոդվածով։ 

Մասիս քաղաքի գարշահոտը․ ո՞ւր է անհետացել մաքրման կայանը

Չգործող և մասամբ սեփականաշնորհված մյուս մաքրման կայանը Մասիս քաղաքում է։ Կայանի ընդհանուր տարածքի մի փոքր հատվածը՝ մոտ 2 հա սեփականության իրավունքով փոխանցվել է «Արհովշին» շինարարական ընկերությանը։ Իսկ մնացած 8 հա տարածքը՝ կառուցապատման իրավունքով տրվել նույն ընկերությանը։

Մոտ 30 տարի կայանը պահպանել է իր ամբողջական տեսքը, տեղում են եղել և՛ շենքերը, և՛ ճաղավանդակները, և՛ ավազանները։ Հետո՝ 2017-ից սկսած, մի քանի ամսվա ընթացքում, կայանի նախկին տեսքից ոչինչ չի մնացել։ Այսօր այն վերածվել է ասֆալտի արտադրամասի, սակայն ըստ Ջրային կոմիտեի մեզ տրամադրած տեղեկատվության՝ կայանը վերականգնման կարիք ունի։ Սակայն մաքրման կայանից որևէ բան չի մնացել, ինչը ենթակա կլինի վերականգնման։

Վանաձորը Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ երկու մաքրման կայան է եղել։ Դրանցից մեկը պատկանում է համայնքին, իսկ մյուսը սեփականաշնորվել է նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներից սկսած։

Սկզբում կայանի գույքի մի մասը վաճառվել է, ապամոնտաժվել, որից հետո կայանի զբաղեցրած տարածքը վաճառվել է տարբեր անձանց և ընկերությունների։ Վանաձորից Ալավերդի ճանապարհի 3-րդ կիլոմետրին գտնվող կեղտաջրերի մաքրման կայանի շինություններից այժմ գերթե ոչինչ չի մնացել։ Մոտ 8 հեկտար մակերես ունեցող կայանը Կառավարության 1997 և 2006 թ․-ի որոշումներով փոխանցվել է Վանաձոր համայնքին։

Գույքն աժմ մասնատվել է և պատկանում 4 սուբյեկտի։ Դրանք են՝ Վանաձոր համայնքը (1.27 հա+1.6 հա, 0.4 հա), «Ա․Ա․Բ պրոեկտ» ՍՊԸ-ն (1.35 հա, 1 հա, 1.5 հա, 0.43 հա), քաղաքացիներ Արթուր Սարուխանյանը (0.2 հա, 0.21 հա) և Միշա Ներկարարյանը (0.15 հա)։ Վանաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերից 0.4 հա-ն կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Ավազահանք» ՍՊԸ-ին, որն էլ իր հերթին տարածքը վարձակալությամբ փոխանցել է «Արգիշտի-1» ՍՊԸ-ին։ Արբանյակից արված լուսանկարների համաձայն՝ մաքրման կայանի տարածքի շենք-շինությունները գրեթե ամբողջությամբ ապամոնտաժված են։

Մյուս բոլոր կայաններն առայժմ պատկանում են համայնքներին, դրանք նույնպես վաղուց արդեն լքված և խարխուլ շինություններ են։ Հայաստանը թեև ունի ջրային բավարար ռեսուրսներ, սակայն դրանք անընդմեջ աղտոտվում են կենցաղային և արտադրական կեղտաջերով։ Իսկ աղտոտված այդ ջրերը որևէ տեղ չեն կորչում, դրանք հայտնվում են ջրամբարներում, գետերում, մարդիկ դրանցով ոռոգում են իրենց դաշտերը, պտուղ-բանջարեղենը, որը հետո հայտնվում է խանութներում և ի վերջո՝ մարդկանց սեղաններին։

Տեսանկարահանումը՝ Արծվիկ Դավթյանի, Սարո Բաղդասարյանի

Ինֆոգրաֆիկաները՝ Կատյա Մամյանի 

Թիմի անդամ՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter