HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիս քաղաքի գարշահոտը․ ո՞ւր է անհետացել մաքրման կայանը

2022թ․-ի մարտին «Հետքը» հոդված էր հրապարակել Երևանում 2016-ին կառուցված 10․4 մլն եվրո արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանի մասին։ Նորակառույց կայանը մինչ օրս չի գործում։ Կեղտաջրերի մաքրման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում ամենավատ վիճակում է։

Կեղտաջրերի մոտ 92%-ը առանց մաքրվելու թափվում է շրջակա միջավայր, դրանք լցվում են ջրանցքներ, խառնվում են ստորգետնյա ջրերին։ «Հետքը» ուսումնասիրել է Հայաստանի ողջ տարածքի կեղտաջրերի հեռացման նախկինում գործող մաքրման կայանները։ Պարզել ենք, թե ինչ վիճակում են դրանք և ում են պատկանում։ Այսօր ներկայացնում ենք Մասիս քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի պատմությունը:


Մասիս քաղաքի կենտրոնական մանկապարտեզներից մեկի դիմաց կուտակվել ու ճահճի են վերածվել բնակիչների տներից հոսող կոյուղաջրերը։ Այդտեղից տարածվող գարշահոտը կարելի է զգալ նույնիսկ հեռվից, անգամ մեքենայով անցնելու դեպքում։ Մանկապարտեզի խաղահրապարակը հենց այդ ճահճացած հատվածի կողքին է, որը երկար տարիներ չի մաքրվել։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի թե՛ մանկապարտեզը, թե՛ ամբողջ քաղաքը տանել մեկ այլ տեղում կառուցել, քան լուծել Մասիսի կոյուղաջրերի օրեցօր աճող խնդիրը։

Այն, որ քաղաքի կեղտաջրերն արդեն 30 տարուց ավելի է՝ լցվում են քաղաքի միջով անցնող բաց առուներ (դրենաժ), նորություն չէ։ Վերջին տարիներին խնդիրը հատկապես սրվել է, քանի որ ջրային պաշարները նվազել են, և առուների հոսքն այնքան ուժեղ չէ, որ կարողանա քշել-տանել այնտեղ լցվող կոյուղաջրերը, հետևաբար դրանք կուտակվում են, ճահճանում և դառնում մոծակների ու գարշահոտության տարածման պատճառ։

Քաղաքի միջով անցնող դրենաժները նախատեսված են մակերևութային ավելորդ ջրերը՝ անձրևները, սելավները հեռացնելու համար, դրանք երբեք նախատեսված չեն եղել կոյուղաջրերի հեռացման համար։ Այսօր Մասիս քաղաքի շենքերի կոյուղին խողովակաշարով միացված է այդ դրենաժներին, քանի որ այլ տարբերակ առայժմ չկա։ Մասիսում չկա ո՛չ կեղտաջրերի մաքրման կայան, ո՛չ էլ միասնական կոյուղատար, որը կեղտաջրերը կհասցնի կայան։

Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանն ասում է, որ երբ ահազանգում են Ջրային կոմիտե կամ պետական այլ կառույց, որ մաքրեն առուներում կուտակված, խցանված կոյուղաջրերը, ասում են, որ դրենաժները ոչ նպատակային ենք օգտագործում, և իրենք պարտավոր չեն մաքրել դրանք կեղտաջրերի նստվածքներից։

««Մելորացիա» ՓԲԸ կա, որի գործառույթը դրենաժների սպասարկումն է, այդ թվում՝ մաքրումը, ապօրինի փակումները բացելը և այլն։ Իրենք իրավացի պահանջ են դնում, ասում են՝ հարգելի՛ համայնք, երբ որ դու ասում ես՝ դրենաժը լցված է, եկե՛ք, մաքրե՛ք, էդ դեպքում կոյուղաջրերի բոլոր խողովակները հանիր դրենաժներից, դա արգելված է։ Բայց այս դեպքում համայնքը հնարավորություն չունի տեղափոխելու և այլ վայրով կեղտաջուրը տանելու։ Հետևաբար մենք էլ ենք լռում, իրենք էլ, բայց սա հարցի լուծում չէ, այլ պարզապես գործնական հարաբերությունների շարունակություն։ Մեծ խնդիրը մնում է»,- ասում է Նորայր Հակոբյանը։

Քաղաքի կոյուղաջրերը դրենաժները լցվելուց հետո, եթե ժամանակ առ ժամանակ ջրի հոսքը առատ է լինում, մասամբ գնում, թափվում են Հրազդան գետ, եթե ոչ՝ վերածվում են տիղմի։ Արարատի մարզպետարանից ստացած տեղեկատվության համաձայն՝ Մասիս համայնքի բոլոր 25 բնակավայրի կոյուղաջրերը լցվում են կա՛մ դրենաժները, կա՛մ գյուղական բնակավայրի դեպքում՝ հորերը։ Մասիսի համար խնդիր են նաև նոր կառուցվող տները, քանի որ սրանք նույնպես միանում են ընդհանուր դրենաժին և ավելացնում կոյուղաջրերի ծավալները։

Նորայր Հակոբյանի խոսքով՝ վերջին շրջանում շինթույլտվություններ տալու ժամանակ հատկապես ուշադրություն են դարձնում սեպտիկ հորերի առկայությանը, որտեղ կկուտակվեն կոյուղաջերը և հետո կմաքրվեն, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում ընդհանուր համակարգում։ 

Կենցաղային կեղտաջրերից բացի, մեկ այլ մեծ խնդիր են անասնապահական գործունեության հետևանքները, որոնք ամբողջությամբ լցվում են ոռոգման ջրանցքը՝ առաջացնելով գյուղացիների դժգոհությունը։

Հարակից գյուղերի խոզաբուծարաններից ողջ կոյուղին լցվում է ջրանցքը

Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղի կողքով հոսում է Արտաշատի ջրանցքը, այն կառուցվել է 1930-ական թվականներին ու նախատեսված է եղել Հրազդան գետից Արարատի մարզի գյուղերի հողատարածքներին ջուր մատակարարելու համար։

Համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Առաքել Մինասյանը զայրույթով ցույց է տալիս, թե ինչպես են ջրանցքի հարևանությամբ աշխատող հսկայական խոզաբուծարանից ողջ մեզը և արտաթորանքը լցվում ջրանցքը։ Դրանից մի քանի հարյուր մետր հեռու դաշտերն են, որոնք ոռոգվում են ջրանցքի արդեն աղտոտված ջրերով։

Գյուղացիները դժգոհում են, որ դրա հետևանքով իրենց մշակաբույսերը հաճախ չորանում են, ծախս են անում, ցանքս անում ու այդ ջրով ոռոգելուց հետո կորցնում բույսը։

Այդ խոզաբուծարանի մի մասը պատկանում է «ԷՍ ԷՍ ՋԻ ԷՄ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին, իսկ մյուս կեսը վարձակալությամբ տրվել է «Վասանավի» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը Երևան քաղաքում նաև սպանդանոց ունի։

Մասիսի համայնքապետարանից ասում են, որ բազմիցս դիմել են Շրջակա միջավայրի նախարարություն, ներկայացրել խնդիրը, մատնանշել խոզաբուծարանը, կեղտաջրերը լցվելու վայրը, սակայն նախարարությունից ոչինչ չեն ձեռնարկել։

Կենդանիների թափոնաջրերը շարունակաբար ջրանցքը լցնելով՝ հնարավոր է, որ այն նաև վարակի բռնկման աղբյուր դառնա։ Խոզերի մեզը և արտաթորանքը բացասական ազդեցություն ունեն ինչպես բնության և հատկապես ջրային ռեսուրսների համար, այնպես էլ՝ մարդու օրգանիզմի։ Դրանց մեջ մեծ քանակությամբ պաթոգեններ՝ ախտածին միկրոօրգանիզմներ կան, օրինակ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, որոնք մարդու օրգանիզմի հետ շփվելու դեպքում բազմաթիվ հիվանդություններ կարող են առաջացնել։

Ենթադրենք Մասիսի Ջրաշեն գյուղի դաշտերում (այս գյուղն ամենամոտն է աղտոտման աղբյուրին) գյուղացիները ելակ են մշակում։ Այդ դաշտերից մոտ երկու կիլոմետր վերև խոզաբուծարանից ողջ արտաթորանքը լցվում է ջրանցքը, հետո այդ ջրով գյուղացին ոռոգում է ելակի իր դաշտը ու բերքը տանում շուկա՝ վաճառելու։ Այդպիսի ելակը, որը ոռոգվել է ջրանցքի ջրով, և հետևաբար պտուղը անմիջականորեն շփվել է աղտոտված ջրի հետ, մարդու օրգանիզմում, առանց պատշաճ լվացման հայտնվելու դեպքում, կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ։ 

Համայնքապետարանից ասում են, որ այս խնդրի դեմ իրենք անընդհատ պայքարում են, սակայն ոչ մի տեղից ո՛չ արձագանք են ստանում, ո՛չ էլ լուծման առաջարկներ։ 

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս այս համայնքում ի վերջո կարգավորել կեղտաջրերի մաքրման խնդիրը։

Ինչպե՞ս անհետացավ Մասիս քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանը։ Ովքե՞ր են ներկայիս վարձակալները

Մասիս քաղաքում կոյուղաջրերի խնդրի լուծման միակ տարբերակը կեղտաջրերի մաքրման նոր կայանի կառուցումն է։ Այս հարցը, սակայն, համայնքը միայնակ ի զորու չէ լուծելու։ Փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանն ասում է, որ եթե նույնիսկ Մասիս համայնքը 10 տարվա իր բյուջեն ուղղի միայն այդ խնդրի լուծմանը, միևնույն է, կկարողանա լուծել խնդրի 10-20%-ը։

Մասիս քաղաքը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ունեցել է կեղտաջրերի մաքրման կայան, որը հանրապետությունում իր հզորությամբ եղել է 4-րդը՝ օրական 53 մլն լիտր արտադրողականությամբ։ Կայանը գտնվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում։ Այնտեղ հոսող կեղտաջրերը մաքրվել են ինչպես մեխանիկական, այնպես էլ կենսաբանական եղանակով, որից հետո լցվել են Հրազդան գետը։

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամից հետո Մասիսի կայանը դադարել է գործել։ Մոտ 30 տարի կայանը պահպանել է իր ամբողջական տեսքը, տեղում են եղել և՛ շենքերը, և՛ ճաղավանդակները, և՛ ավազանները։ Հետո՝ 2017-ից սկսած, մի քանի ամսվա ընթացքում, կայանի նախկին տեսքից ոչինչ չի մնացել։ Այսօր այդ տարածքում հազիվ թե գտնվի որևէ բան, ինչը կհիշեցնի, որ ժամանակին այդտեղ գործել է կեղտաջրերի մաքրման կայան։ 

GIF.gif (13.60 MB)

Արբանյակից արված լուսանկարներից երևում է, որ 2018-ին կայանի տարածքում սկսում են փոփոխություններ տեղի ունենալ։ Քանդվում են շենքերը, ապամոնտաժվում են ավազանները, և աստիճանաբար տարածքում կայանից ոչինչ չի մնում։

Թե ովքեր և ինչու են ապամոնտաժել կայանի գույքը, ստույգ պատասխան ստանալ չհաջողվեց։ Մասիսի համայնքապետարանից ասում են, որ սնանկության դատարանից են եկել-տարել գույքը, բայց ավելի հստակ տեղեկություններ չունեն, քանի որ համայնքների խոշորացումից հետո համապատասխան փաստաթղթերը չեն պահպանվել։ Սայաթ-Նովա գյուղի նախկին ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը, ում օրոք տեղի է ունեցել կայանի գույքի առգրավումը, հրաժարվում է առհասարակ խոսել և ասում է՝ ցանկացած հարցի դեպքում դիմենք ներկայիս ղեկավարին։ 

Կայանի տարածքն այժմ մասամբ սեփականաշնորհված և մասամբ վարձակալությամբ է տված «Արհովշին» շինարարական ընկերությանը։ Այս ընկերությունը զբաղվում է  ճանապարհաշինարարական, վերանորոգման և շահագործման աշխատանքներով։ Այն պետության հետ կնքած բազմաթիվ պայմանագրեր ունի։ Հիմա կայանի տարածքում գործում է քարի և ասֆալտի արտադրություն։

2021-ին «Արհովշին» ընկերությունը դիմել է Սայաթ-Նովա համայնքին և կառուցապատման իրավունքով վարձակալել կայանի տարածքը՝ տարեկան 1 մլն 23 հզր դրամով։ Ընկերության տնօրեն Միքայել Գրիգորյանը պատմում է, որ երբ ինքը տարածքը վարձակալել էր, կայանի գույքն արդեն գրեթե ամբողջովին ապամոնտաժված էր, մեկ-երկու ավազան է մնացած եղել, դրանք էլ են հանել։

«Ես, երբ պայմանագիր կնքեցի, էդ ժամանակ արդեն համարյա ամեն ինչ քանդել, տարել էին։ Մի հատ շենք կա ստեղ, մի կերպ համոզեցի, որ պահեն։ Ասեցի՝ ինչքան գումար եք էս շենքից հանելու, որ քանդեք։ Ասեցին՝ 2,5 մլն։ 4 մլն դրամ տվեցի, ասեցի՝ շենքին ձեռք չտաք։ Հիմա էդ շենքում քար են կտրում։ Դրա կողքն էլ մի հատ ավելի մեծ շինություն կար, էլի քանդեցին։ Ասում եմ՝ խիղճ ունե՞ք, հսկա շենքը քանդել եք, ինչ ա թե մեջի արմատուրան հանեք, տանեք»,- պատմում է Միքայել Գրիգորյանը։

«Արհովշին» ընկերությունը դեռևս 2017-ին գնել էր Մասիս քաղաքի կեղտաջրերի նախկին կայանի անմիջապես հարևանությամբ գտնվող ասֆալտի գործարանը։ Հետագայում տեսնելով, որ ընդարձակ տարածք կա կողքին՝ հետաքրքրվել էր՝ արդյոք այն ևս կարող է օգտագործել, դիմել էր Սայաթ-Նովա համայնքին ու 2021թ․-ին 25 տարի կառուցապատման իրավունքով վարձակալել տարածքը։ Ի սկզբանե դա մեկ ամբողջական հողակտոր է եղել, բայց նախկին գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանի որոշմամբ բաժանվել է երկու մասի։ Դրանցից մեկը՝ տարածքով մեծը, պատկանում է Սայաթ-Նովա բնակավայրին, իսկ մյուս մասը սեփականության իրավունքով տրված է «Արհովշին» ընկերությանը։ Սեփականաշնորհված հատվածում ընկերությունը շինություն է կառուցել։

Կայանի տարածքի անմիջապես կողքին մեծ աղբանոց կա, Միքայել Գրիգորյանի խոսքով՝ իր վարձակալած տարածքից 2 հեկտարի վրա աղբ է լցված, վերցնելուց հետո այլևս թույլ չի տվել, որ այդտեղ աղբ բերեն։

«Հիմա էս տարածքը մենք օգտագործում ենք հումք պահեստավորելու, քարեր մշակելու ու այլ շինարարական գործերի համար»,- ասում է ընկերության փոխտնօրեն Արման Սեյսյանը։

Ջրային կոմիտեից «Հետքի» հարցմանը պատասխանել էին, որ Մասիսի ԿՄԿ-ն վերականգնման կարիք ունի, այնինչ չկա պահպանված որևէ բան, որի հիմքի վրա կարելի է վերակառուցել կայանը։ Ու չնայած այս հանգամանքին՝ Շրջակա միջավայրի նախարարությունում համոզված են, որ Մասիսի ԿՄԿ-ն մասամբ գործում է՝ օրական 5 մլն լիտր արտադրողականությամբ։

Ինչո՞ւ է Շրջակա միջավայրի նախարարությունը համոզված, որ Մասիսի ԿՄԿ-ն մասամբ գործում է

Այն, որ Մասիս քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանը չի գործում, համոզվել ենք տեղանք անձամբ այցելության ընթացքում։ Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը ևս հարցազրույցի ժամանակ հաստատեց, որ այն 30 տարուց ավելի է՝ առհասարակ չի գործել։ Մինչդեռ ըստ Կառավարության որոշման՝ կայանը դեռևս մասամբ աշխատում է։

2022թ․ դեկտեմբերի 8-ին Կառավարության՝ Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․-ի կառավարման պլանը հաստատելու մասին որոշման մեջ նշված է, որ Մասիս քաղաքում գործում է կեղտաջրերի մաքրման կայան, որը կատարում է միայն մեխանիկական մաքրում՝ օրական 5 հզր մ3 արտադրողականությամբ։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Կառավարություն՝ պարզելու, թե ում կողմից է մշակվել Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․-ի կառավարման պլանը։ Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ այն մշակվել է «ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի կողմից»։

Նախարարությունից մեր այն դիտարկումներին, որ որոշման մեջ ակնհայտ սխալ տեղեկություններ կան, չեն հերքում։ Հայտնում են, որ վերը նշված որոշման մեջ նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել, որի շրջանակներում կճշգրտվեն նաև «Հետքի» հարցերը։

Որոշման մեջ նշված է, որ մինչև 2027թ․-ը նախատեսվում է հին կայանի տեղում կառուցել նորը, միևնույն ժամանակ այն մինչև 2046թ․-ը վարձակալությամբ տրված է «Արհովշին» ընկերությանը։

Ընկերության տնօրեն Միքայել Գրիգորյանին հարցնում ենք՝ եթե կայանի տարածքն անհրաժեշտ լինի նոր մաքրման կայանի կառուցման համար, արդյո՞ք ընկերությունը պատրաստ է հրաժարվել վարձակալությունից և արդեն իսկ կատարած ներդրումներից, տնօրենը պատասխանում է՝ այո։

«Եթե պետությանը էս տարածքը պետք ա, ու որոշել ա, որ նման լավ բան պիտի անի պետության համար, ես նույնիսկ իմ սեփական միջոցներից եմ պատրաստ գումար հատկացնել, որ էդ կայանը կառուցվի։ Ընդհանրապես կապ չունի՝ ես ինչ ներդրում եմ արել էստեղ, կհանեմ, կտանեմ ուրիշ տեղ կշարունակեմ»,- նշում է ընկերության տնօրենը։

Որոշման մեջ կայանի կառուցման համար մոտավոր արժեք սահմանված է 9 մլն դրամը։ Այս թիվը փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանին ծիծաղելի թվաց։ Նրա խոսքով՝ միայն 400 բնակչություն ունեցող Սիփանիկ գյուղում մաքրման կայան կառուցելու համար 259 մլն դրամի բյուջե են կազմել և մինչև այս տարվա վերջ կառուցման մրցույթ կհայտարարեն։

«400 բնակիչը դա միայն Մասիսի մեկ փողոցը կամ բարձրահարկ 2 շենքի քանակն է։  Պատկերացրեք՝ ինչ կարժենա ամբողջ Մասիս քաղաքի համար մաքրման կայանի կառուցումը»,- ասում է Նորայր Հակոբյանը։ 

Նախարարությունից մեզ հայտնում են, որ Մասիսում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման ֆինանսական գնահատականը նախնական է և մաքրման կայանի կառուցման դեպքում կարող է տարբերվել փաստացի անհրաժեշտ գումարից։

Տեսանկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի

Թիմի անդամներ՝

Տիրայր Մուրադյան

Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter