HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում

Հիմնական բացահայտումները

  • Երևանից օրական մոտ 400 հազ. մ3 կեղտաջուր լցվում է շրջակա միջավայր և օգտագործվում որպես ոռոգման ջուր
  • «Աերացիա» կեղտաջրերի մաքրման նոր կայանի կառուցումն արժեցել է 10,4 մլն եվրո։ Այն 5 տարուց ավելի է՝ չի գործում
  • Կայանը չունի ավարտական ակտ և պետական գրանցում․ այն ոչ ոքի չի պատկանում
  • Ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուրը» կայանի տարեկան սպասարկման վճարի շուրջ համաձայնության չեն եկել
  • Նոր կայանի չշահագործման վերաբերյալ հարուցված քրեական գործը կասեցվել է․ մեղադրյալի անձը պարզված չէ

«Այսօր Հանրապետության տարածքում կենսաբանական մաքրման է ենթարկվում կեղտաջրերի 0,1%-ը, իսկ մեխանիկական մաքրման՝ 8%-ը»․ «ՋԻՆՋ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյան։

Կեղտաջրերի մաքրման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրներին զգալիորեն զիջում է։ Հանրապետությունում մասնակիորեն գործում է մեխանիկական մաքրման 6 կայան։ Կեղտաջրերի մոտ 92%-ը առանց մաքրվելու թափվում է շրջակա միջավայր, դրանք լցվում են ջրանցքները և ոռոգում դաշտերը։ Կենցաղային կեղտաջրերից առավել վտանգավոր արտադրականն են, որոնք առաջանում են արդյունաբերական գործունեության հետևանքով։ Դրանք պարունակում են բազմաթիվ թունավոր մասնիկներ, և դաշտերը ոռոգելիս, ի վերջո, այդ տարրերը հայտնվում են այնտեղ աճեցված պտուղ-բանջարեղենի մեջ։

Այս խնդիրը մասամբ լուծելու համար Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում 2015-2016թթ․-ին կառուցվեց կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայան։ Կառուցումից հետո, երբ այն արդեն պետք է շահագործվեր, գործընթացն անակնկալ ձևով փակուղի մտավ։ 

«Ֆրանսիական կառավարության տրամադրած վարկային միջոցներով իրականացվող Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման այս փուլով, ըստ էության, մենք կլուծենք կեղտաջրերի տեխնիկական մաքրման հարցը: Ծրագիրը լուրջ ներդրում է մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում, որը ծառայելու է Երևանի բնակչությանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս փուլի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Ծրագրի 2-րդ փուլի իրականացումից հետո արդեն կունենանք Հանրապետությունում առաջին ժամանակակից մաքրման կայանը»․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան, 2016թ․։

2016թ․-ի հունիսի 8-ին, երբ դեռ կայանը շինարարության փուլում էր, այն ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այցելեց կայանի տարածք և տեղում ծանոթացավ կառուցման ընթացքին։ Նա հանձնարարել էր խստորեն հետևել սահմանված չափորոշիչների և ժամկետների պահպանմանը: Կայանը կառուցվեց, չափորոշիչները պահպանվեցին, ժամկետները՝ նույնպես, սակայն այն արդեն հինգ տարուց ավելի է՝ չի շահագործվում։

Նոր կայանի կառուցման համար հատկացվել էր 10,4 մլն եվրո, սակայն այսքան ժամանակ չօգտագործվելուց հետո, առանց նոր ներդրումների այն հնարավոր չէ շահագործել։

Ե՞րբ մեկնարկեց նոր կայանի կառուցումը, ի՞նչ միջոցներով, և ովքե՞ր էին կառուցողները

«Աերացիա» ԿՄԿ-ի նոր շենքը, որն օրեցօր կորցնում է իր կենսունակությունը, սկսել է կառուցվել 2015թ․-ի սկզբից, շինարարությունն ավարտվել է 2016-ի դեկտեմբերին։ Նոր կայանի կառուցման համար հատկացրած գումարը Հայաստանին Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկի մի մասն էր։ 

2008թ․-ի մայիսին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքվել է ֆինանսական արձանագրություն, որով Ֆրանսիան առավելագույնը 24,9 մլն եվրո է տրամադրում Հայաստանին Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար: Տրամադրված գումարից 500 հազ. եվրոն եղել է դրամաշնորհ, իսկ 24,4 մլն-ը՝ վարկ՝ տարեկան 1,75%-ով, առավելագույնը 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ պայմաններով․ մարվել են միայն տոկոսագումարները։

Պայմանագրի կարևոր պահանջներից մեկն էր, որ իրականացվող ծրագրերի համար սարքավորումների և ծառայությունների գնումը 70%-ով պետք է կատարվեր Ֆրանսիայից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ «Աերացիա» մաքրման կայանի կառուցման համար 10,4 մլն եվրոյանոց պայմանագիր է կնքվում ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության դուստր «ՍԱԴԵ» ՋԱԳԸ ընկերության հետ։ Ընդ որում՝ նախքան կայանի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթելը, այս ընկերությունը, 2008թ․-ից սկսած, Հայաստանում կառուցապատման մի շարք մրցույթներում հաղթող է ճանաչվել։

Նոր կայանի կառուցման համար տարածք ազատելու նպատակով  Կառավարության որոշմամբ հին կայանի որոշ հատվածներ ապամոնտաժվել են։ Արբանյակից արված լուսանկարները թույլ են տալիս տեսնել, թե ինչ կար այդ հատվածում նախքան շինարարության մեկնարկը։

Կնքված պայմանագրի պատվիրատուն ի սկզբանե եղել է Երևան քաղաքի, ապա ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։ Դրա լուծարումից հետո՝ 2017-ի վերջին, Կառավարության որոշմամբ ծրագրի իրավահաջորդ է դարձել «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն, որը մասնագիտացված է եղել ոռոգման և ջրամատակարարման ոլորտում։ Հիմնարկը նախկինում չի զբաղվել ջրահեռացմամբ և այդ ոլորտում բավարար քանակով մասնագետներ չի ունեցել։ Արդեն 2019-ի վերջին այս հիմնարկը լուծարվել է, և փաթեթը փոխանցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին»։

Մաքրման կայանի կառուցման պայմանագիրը եղել է FIDIC Red Book դասի, այն աշխարհում լայնորեն տարածված կառուցապատման ստանդարտ է։ Ի սկզբանե պատվիրատուն ներկայացնում է կառույցի նկարագիրը, դիզայնը, գնի շուրջ է համաձայնություն ձեռք բերվում, և շինարարության ընթացքն իրականացվում է համաձայն ժամանակացույցի։ Ի տարբերություն այլ պայմանագրերի տեսակների, FIDIC Red Book-ի դեպքում ամեն ինչ ծրագրվում է նախօրոք՝ առանց հետագա փոփոխությունների հնարավորության։

Կայանի կառուցումն ավարտվում է 2016թ․-ի դեկտեմբերի 30-ին։ Դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2017-ի հունվարի 11-ին, ծրագրի ինժեները ծանուցում է ներկայացնում «Համայնքային զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկին՝ հայտնելով կառուցման վերջին փուլում որոշ թերությունների մասին։ Ի վերջո, շինարարության ավարտի ժամկետի դրությամբ կայանի կառուցման պայմանագիրը չի համարվում ավարտված, քանի որ վերը նշված FIDIC Red Book դասի պայմանագրով նախատեսված փուլերը սահմանված կարգով ավարտին չէին հասցվել։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Ջրային կոմիտեն։

Չնայած այն հանգամանքին, որ կայանի կառուցումն ըստ ընթացակարգի չի ավարտվել ու փորձաքննություն չի անցել, պատվիրատուի և կապալառուի միջև առանց ամսաթվի նշման կազմվել է ավարտական ակտ, որը, եղել է կեղծ։ Այս գործի առնչությամբ 2020թ․-ի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել էր հայտարարություն՝ հայտնելով, որ թեև նախատեսված միջոցները ծախսվել են, և ներկայացվել է հաշվետվություն, սակայն կայանը մինչ օրս չի շահագործվում։ Ծախսված միջոցների ոչ նպատակային օգտագործման և դրա պատճառով հասցված ծանր հետևանքների՝ մասնավորապես Հրազդան գետի աղտոտման հիմքով հարուցվել է քրեական գործ։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե՝ տեղեկանալու քրեական գործի ընթացքից։ Կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կասեցվել է, քանի որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չէ։ Գործի շրջանակում չկա նաև կասկածյալի կարգավիճակում գտնվող որևէ անձ։ Կոմիտեն հաստատել էր նաև, որ որպես վկա հարցաքննության են կանչվել կայանի կառուցման, հետևաբար նաև՝ կեղծ ավարտական ակտի կազմման ժամանակ պայմանագրի պատվիրատու «Համայնքային զարգացման ԾԻԳ»-ի ղեկավար Գառնիկ Ալեքսանյանը, «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը։ Կապալառու «ՍԱԴԵ» ՋԱԳԸ ընկերության ներկայացուցիչը՝ որպես վկա, նույնպես հարցաքննվել է։

Ի վերջո, ո՞վ է պատասխանատու նոր կայանի համար

Մինչ այս պահը՝ արդեն 5 տարուց ավելի, կայանի գործարկմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել։ Պայմանագրի պատվիրատու ԾԻԳ-երը վաղուց արդեն լուծարվել են։ Վարկային միջոցներն ամբողջությամբ ծախսվել են, իսկ արդյունքն առ այսօր տեսանելի չէ։ Կայանի կառուցման համար տրամադրվել է 10,4 մլն եվրո գումար, վարկը չի մարվել, կայանը չի շահագործվում, իսկ Քննչական կոմիտեում քրեական գործը կասեցվել է։

Գույքը, որը ֆիզիկապես գտնվում է «Աերացիա» մաքրման կայանի տարածքում, գրանցված չէ որպես պետական գույք և որևէ մարմնի կառավարման տրված չէ։ Այն առայժմ գտնվում է օդից կախված վիճակում, և որևէ մեկը չի կարողանում պատասխանել, թե ինչու կայանը չի գործարկվում։ 

Գույքի հետագա ճակատագրի վերաբերյալ «Հետքի» գրավոր հարցմանը Ջրային կոմիտեն պատասխանում է, որ իրենք արդեն մշակել և շրջանառության մեջ են դրել «Աերացիա» ԿՄԿ-ի վերականգնման ծրագրի պայմանագիրն ավարտելու մասին Կառավարության որոշման նախագիծը, և միայն դրա ընդունման դեպքում Ջրային կոմիտեն հնարավորություն կունենա քայլեր կատարելու՝ ուղղված կայանի գործարկմանը։

Դեռևս 2017-2018թթ․-ին Ջրային կոմիտեն «Վեոլիա ջրի» հետ կայանի շահագործումը կազմակերպելու նպատակով բանակցություններ է վարել, թեև Կոմիտեն չէր կարող ներգրավված լինել կայանի շահագործման և գործարկման գործընթացներում, քանի որ չէր ստանձնել գույքի կառավարումը։ Բանակցություններն, ի վերջո, որևէ արդյունք չեն տվել, քանի որ կողմերը սպասարկման սակագնի շուրջ այդպես էլ համաձայնության չեն եկել։ «Վեոլիա ջուր»-ն առաջարկել է սպասարկել կայանը տարեկան 1,4 մլրդ դրամով, առաջարկը չի ընդունվել։

2016թ․-ի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի» հետ կնքել է վարձակալության պայմանագիր, որտեղ նշվում է որ «Վեոլիա ջուր» ընկերությանն է հանձնվում Հանրապետության 6 ԿՄԿ-ի սպասարկումը։ Այդ ժամանակ «Աերացիա» նոր կայանը դեռևս կառուցման փուլում էր, ուստի դրա շուրջ քննարկումներ չեն վարվել։ Պայմանագրի մեջ, սակայն, նշվում է, որ եթե վարձատուն (Ջրային կոմիտեն) «Աերացիա» կայանի բարելավմանն ուղղված ներդրում կատարի, ապա վարձակալը («Վեոլիա ջուրը») պարտավոր է օժանդակել այդ ներդրմանը։ Եվ եթե կատարված ներդրումների արդյունքում նախատեսվում է, որ վարձակալը լրացուցիչ ծառայություններ տրամադրի, ապա կողմերը պարտավոր են համաձայնության գալ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ։

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ որոշ քննարկումներ թեև տեղի են ունեցել, բայց առարկայական քայլեր չեն ձեռնարկվել, քանի որ գույքը բերված չէ ավարտական տեսքի։ Համաձայնության չգալու հիմնական պատճառը, ըստ ամենայնի, առաջարկված սակագինն է եղել։ 

2019թ․-ի հուլիսին ՏԿԵՆ նախկին նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Այդ հանդիպման ընթացքում նախարարը անդրադարձել էր նաև Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերագործակման հնարավորություններին՝ ասելով, որ Հանրապետությունում այն կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը։ Այս պայմաննեում, իհարկե, դժվար է ասել, թե երբ կայանը առհասարակ կսկսի գործել, և արդյոք այն երբևէ կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը։

«Կայանը եթե գործարկվեր, պետք է օրական 400 հազ. մ3 արտադրողականություն ունենար։ Այն միանգամից որոշ չափով կբարելավեր Հանրապետությունում կեղտաջերի վիճակը։ Այս պահին մեր երկիրը տարածաշրջանում վերջին տեղում է այս առումով, և եթե էլի տեղ լիներ, գուցե ավելի իջներ։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կեղտաջրերի 30-35%-ը կենսաբանական մաքրման է ենթարկվում, Ադրբեջանում մի փոքր ավելի շատ, իսկ մեզ մոտ մաքրվում է կեղտաջրերի ընդամենը 0,1%-ը՝ Փարաքարի հիբրիդային կայանում։ Իսկ մեխանիկական մաքրման ենթարկվում են ամբողջ կեղտաջրերի 8%-ը»,- ասում է ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ոլորտում մասնագիտացած «Ջինջ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։

Այս ընթացքում միջազգային մի քանի ընկերությունների հետ (իսպանական GS Inima, հունական EYDAP, գերմանական Tilia, ավստրիական STRABAG) Ջրային կոմիտեն քննարկումներ է ունեցել և կնքել հետագա համատեղ գործունեության համաձայնագրեր, որոնցից միայն մեկ բաղադրիչ է վերաբերել «Աերացիա» կայանին։ Հաշվեքննիչ պալատի 2021թ․ եզրակացությունից պարզ է դառնում, որ Ջրային կոմիտեն վերը նշված կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում կարողացել է շահագործման գինը հասցնել մինչև 750 մլն դրամի։

Կայանը գործարկելու համար այս պահին անհրաժեշտ է կրկին ներդրում անել, քանի որ մի շարք դետալներ չօգտագործվելու պատճառով դուրս են եկել շարքից։ Անցել են որոշ սարքավորումների երաշխիքային ժամկետները, որոշ մասեր էլ գողացվել են։

«Կայանը, որ կառուցվել է, էնտեղ կան պոմպեր, օդամղիչներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսված չեն երկար չաշխատելու համար։ Օրինակ՝ բետոնը պետք է միշտ թաց լինի, որպեսզի պահպանի իր ֆունկցիոնալությունը, որոշ մասեր խոնավությունից ժանգոտվում են, արևից փչանում, և այդպես կառույցի ներուժը գնալով նվազում է»,- ասում է Էդուարդ Մեսրոպյանը։

Թվարկված միջազգային կազմակերպություններից որոշները համաձայն են կատարել պահանջվող ներդրումը՝ կայանը շահագործելու պայմանով։

Այս պահի դրությամբ «Վեոլիա ջուրը» «Աերացիա» մաքրման կայանում իրականացնում է հսկողություն, քանի որ 64 հա մակերեսով տարածքը վարձակալությամբ իրեն է հանձնված։ Նոր կայանի և տիղմի ջրազրկման կառույցները, սակայն, հատուկ պահպանության տակ չեն։ Տարածքը տարբեր կողմերից բաց է, և մտնելու համար խոչընդոտներ չկան։ Եթե որևէ մեկը որոշի ներս մտնել և թեկուզ անզգուշությամբ ինչ-որ բան վնասի, դժվար թե այդ պահին նկատող լինի։ 

Միջոցները, որոնք ծախսվել են կայանը կառուցելու և ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքներ կատարելու համար, ինչպես նշեցինք, տրամադրվել են վարկի տեսքով։ «Հետքը» հետաքրքրվել է, թե մինչ այս պահը վարկից որքան մասնաբաժին է մարվել։ Կառավարությունից հայտնում են, որ 29,9 մլն եվրոյից, որից 5,9 մլն-ը որպես տոկոսավճար, այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ մարվել է 4,2 մլն եվրո (13.9%), որից միայն 1,6 մլն-ը (6.5%)՝ որպես մայր գումար։

«Ասել, թե կառուցողն է վատ կառուցել՝ ոչ, նախագծողն է վատ նախագծել՝ ոչ, շահագործող չկա՝ կա, այս դեպքում ի՞նչն է պակասում այս թանկարժեք կառույցը աշխատեցնելու համար։ Կարծում եմ՝ կամքի բացակայությունը, ինչ-որ մեկը պետք է, ի վերջո, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և սկսի շահագործումը»,- ասում է «Ջինջ» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։

Կեղտաջրերը պատշաճ մաքրելու համար, կայանից բացի, առանցքային նշանակություն ունեն նաև խողովակաշարերը, որոնք նույնպես բավականին թանկ են։ Այսօր Հանրապետության տարածքում ջրահեռացման խողովակները բարվոք վիճակում չեն, ուստի կեղտաջրերի մի մասը մաքրման կայան չի էլ հասնում, դրանք խողովակների վթարված հատվածներից թափվում են շրջակա միջավայր։ Էդուարդ Մեսրոպյանի խոսքով՝ Երևանի օրական կեղտաջրի մոտ կեսը՝ 150-200 հազ. մ3, այդպես էլ չի հասնում «Աերացիա» ԿՄԿ՝ լցվելով հիմնականում Հրազդան և Գետառ։

«Կեղտաջրերի մաքրման պրոցեսի համար շատ կարևոր են հանրային պահանջն ու վերահսկողությունը, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը դեռ բավարար տեղյակ չէ, թե ինչ լուրջ հետևանքներ է սա առաջացնում։ Կեղտաջրում եղած տոքսիկ մասնիկները լցվում են գետերը, հետո` ջրանցքները, իսկ մի քանի կիլոմետր հետո սկսվում են ոռոգովի դաշտերը։ Շատ տեղերում մարդիկ, իմանալով, որ նորմալ հսկողություն չկա, կոտրում են կոյուղու խողովակները ու այդ ջրով իրենց դաշտերը ոռոգում։ Նույն այդ մարդիկ իրենց ուտելու համար աճեցրած լոլիկը կամ վարունգը երբեք այդ ջրով չեն ոռոգում»,- ասում է Էդուարդ Մեսրոպյանը։

Մասնագետի խոսքով՝ այն, որ այսօր Հայաստանում ոռոգման ջրի որակի ստանդարտ գոյություն չունի, գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ կենցաղային և արտադրական կեղտաջրերը մաքրման գրեթե չեն ենթարկվում: Այս պարագայում ոռոգման ջրի որակի մասին խոսելն անհեթեթ է։ Անգամ նման ստանդարտի առկայության դեպքում պետությունն ո՞ւմ պետք է տուգանի՝ համայնքի ղեկավարների՞ն, թե՞ ինքն իրեն։

«Մաքուր լինի ջուրը Հրազդանի»․ ինչո՞ւ «Աերացիա» կեղտաջրերի մաքրման

հին կայանը դադարեց աշխատել

«Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) մուտքի մոտ մեծ և գունաթափ տառերով գրված է․ «Մաքուր լինի ջուրը Հրազդանի»։ Խորհրդային Միության և կայանի փլուզումից հետո այս կարգախոսն օրըստօրե ավելի ու ավելի է հեռանում ճշմարտացի լինելուց։ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոնի» հետազոտություններով՝ վերջին տարիներին Հրազդան գետում ջրի որակը 5-րդ դասի է։ Սա նշանակում է՝ մակերևութային ջրերի որակի գնահատման 5 դասային սանդղակով այն ամենավատ ցուցանիշն է։

«Աերացիա» ԿՄԿ-ն, որն ընդգրկում է 64 հա տարածք, կառուցվել է 1972թ․-ին Երևանի հարավարևմտյան հատվածում։ Կայանը նախատեսված է եղել Երևանից և Կոտայքի մարզի որոշ քաղաքներից օրական 600 հազ. մ3 ծավալով կեղտաջուր մշակելու համար։ Մաքրված ջուրը բաց էր թողնվում Հրազդան գետ։

Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում կեղտաջրերի մաքրման 20 կայան է գործել։ Ներկայում դրանցից և ոչ մեկը չի պահպանվել և չի գործում։ Վերջին տարիներին կառուցվել են 3 կայաններ Սևանի ավազանում (Գավառում, Մարտունիում, Վարդենիսում), ինչպես նաև Ջերմուկում, Դիլիջանում և Երևանի վերոնշյալ կայանը։

«Աերացիա» կայանը կառուցումից մինչև 1990-ականների սկիզբը գրեթե անխափան իրականացրել է իր գործառույթը։ Այն կատարել է մեխանիկական և կենսաբանական մաքրում։ Կեղտաջուրը, հասնելով կայան, նախ անցել է ճաղավանդակների միջով, որոնք որսացել են համեմատաբար խոշոր աղբը, այնուհետև անցնելով ավազորսիչների միջով՝ կեղտաջրից առանձնացվել է ավազը։ Մեխանիկական մաքրման վերջին փուլում պարզարաններում ջրից անջատվել են ավելի փոքր մասնիկները և նստվածքի տեսքով կուտակվել։ Այս փուլից հետո ջուրն արդեն պատրաստ է եղել ենթարկվելու կենսաբանական մաքրման։ Հատուկ սարքավորումների միջոցով՝ աերոթենկերով, ջրի մեջ մղվել է օդ, որի շնորհիվ ոչնչացվել են այնտեղ եղած ավելի փոքր օրգանական մասնիկները և վերածվել տիղմի։ Ջուրը օդով հարստացնելու այս գործընթացը կոչվել է աերացիա, որտեղից էլ ծագել է կայանի անվանումը։

Բացի այս կայանից՝ 1980-ական թթ․-ի կեսերից նույն տարածքում սկսել էր կառուցվել ԿՄԿ-ի երկրորդ բլոկը։ Այն նախատեսվում էր կառուցել նախորդից ավելի մեծ քանակով կեղտաջուր ընդունելու և մշակելու համար։ Հայաստանի անկախացման պահին կայանը մոտ 40-50%-ով կառուցված էր։ Դրանից հետո կայանի նոր բլոկի կառուցման ուղղությամբ այլևս աշխատանքներ չկատարվեցին։ Մի քանի տարվա ընթացքում կայանը վերջնականապես դադարեց գործել՝ պահպանելով միայն մեխանիկական մաքրման առաջին փուլը՝ ճաղավանդակային հատվածը։

«Սա այլևս չի էլ կարելի համարել մաքրում, քանի որ այդ ճաղավանդակներից հետո կեղտաջուրը, անցնելով պահպանված, սակայն չգործող ավազորսիչով, ենթարկվում է երկրորդային աղտոտման՝ այնտեղ կուտակված և չմաքրված նստվածքի պատճառով։ Այն ժամանակ, երբ կայանն արդեն չէր գործում, դեպի գետ լցվում էին միայն կենցաղային կեղտաջրերը, քանի որ Երևանում դեռևս արդյունաբերություն չկար, հետո սկսեցին ավելանալ նաև արտադրական կեղտաջրերը։ Ներկայում հանրապետությունում կան դեպքեր, երբ արտադրական կեղտաջրերը առանց մաքրման մղվում են նաև այդ նպատակով կառուցված հորատանցքեր՝ առաջացնելով ստորգետնյա ջրային պաշարների աղտոտման ռիսկեր, ինչն անթույլատրելի է և կարող է աղետի հանգեցնել․ պետք է օր առաջ կանգնեցնել այս պրոցեսը»,-ասում է Էդուարդ Մեսրոպյանը։»,-ասում է Էդուարդ Մեսրոպյանը։ 

Փաստ այն է, որ 10,4 մլն եվրո արժողությամբ, պետական վարկով կառուցված կայանը արդեն հինգ տարի է՝ չի շահագործվում։ Մինչ այն գործարկելու վերաբերյալ քննարկումեր են ընթանում, կայանը շարունակում է չծառայել իր նպատակին․ կեղտաջրերը, անմիջապես դրա հարևանությամբ հոսելով, առանց մաքրվելու թափվում են Հրազդան գետ, այնտեղից էլ՝ ոռոգման համակարգ։

Լուսանկարները և տեսանկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Նախորդներին. կարևորը վարկը վերցվել է, դա ռեալ փող է, որի մոտ 20% ծախսվել է ատկատով: Ներկա ֆեյսբուկիստներին. մեզ մաքրման աշխատող մաքրման կայան պետք չէ, կարևորը՝ թղթի վրա այն կա, Բալիում խոսվել է դրա մասին: Հետո՝ աշխարհում ամենահամեղ լոլիկն ու ձմերուկը աճեցվում է Արարատյան դաշտավայրում... Փոխարենը իրենք աղամանի և կրկեսում վայրի կոնդանիների էպոպեյան են գործարկում, որն իր կարևորույթամբ անհամեմատելի է ինչ-որ մաքրման կայանի աշխատել-չաշխատելու հարցի հետ: Բայց լուրջ՝ զուտ մաքրման կայանի հարցը, որ «Հետք»-ը փայլուն ներկայացրել է, փաստում է այս կառավարության հոգեբուժական պաթոլոգիկ վիճակը: Վայելեք աշխարհի ամենահամեղ լոլիկը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter