HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է

Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։

Սիսիանում մաքուր գետ և շրջակա միջավայր ունենալու հեռանկարը դեռևս 80-ական թվականների վերջերին շատ մոտ էր իրականությանը։ Թվում էր՝ շատ շուտով կեղտաջրերի և գետը աղտոտելու խնդիրը մեկընդմիշտ կլուծվի, սակայն կառուցվող մաքրման կայանը, որի շինարարությունն այդպես էլ մնաց անավարտ, չարդարացրեց սիսիանցիների սպասումները։

Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 2022-ի թվականին Որոտան գետի ջուրը Սիսիան քաղաքից 6 կմ ներքև հատվածում եղել է 4 դասի՝ անբավարար։ Սա նշանակում է՝ մակերևութային ջրերի որակի գնահատման 5 դասային սանդղակով այն 2-րդ ամենավատ ցուցանիշն է։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ վատ որակի։ Գետի ջրում հայտնաբերված քիմիական տարրերը զգալիորեն գերազանցել են նորման։ Սովորաբար ջրերի որակը քաղաքային բնակավայրերից հետո շատ ավելի վատն է լինում, քան մինչ այդ, որովհետև առանց մաքրվելու գետ են լցվում քաղաքում եղած կենցաղային և արտադրական կեղտաջրերը։

Մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Սիսիան համայնքի բոլոր 36 բնակավայրերի կեղտաջրերը թափվում են բնություն՝ գետեր, առվակներ, ձորեր, հողամասեր, անգամ՝ ջրամբարներ։ Օրինակ՝ Տոլորս գյուղի կոյուղաջրերը թափվում են Տոլորսի ջրամբարը, Շամբ գյուղինը՝ Շամբի ջրամբար։

Դեռևս 2017թ․-ին Սիսիան համայնքի հնգամյա զարգացման պլանով նախատեսվում էր մաքրել Որոտան գետի հայելիները և արդեն 2021թ․-ին ունենալ գերազանցապես մաքրված ջուր։ Այս կանխատեսումները, սակայն, չիրականացան։

Սիսանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը

1980-1990-ականներին Խորհրդային Հայաստանում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման բում էր։ Այդ տարիներին ողջ երկրի տարածքում կառուցվեցին և կառուցման փուլում էին տարբեր հզորությամբ 20-ից ավելի մաքրման կայաններ։ Դրանց շահագործումը խոստանում էր ապահովել երկրի ջրային և առհասարակ շրջակա միջավայրի մաքրությունը և անվտանգությունը։

Մաքրման այդ կայաններից որոշները, սակայն այդպես էլ մնացին անավարտ, շատերի դեպքում աշխատանքները 90%-ով կատարված էին, և շահագործումը ամիսների հարց էր։

Խորհրդային Միության փլուզման և դրան հաջորդած էներգետիկ ճգնաժամի պատճառով, Հայաստանին երբեք էլ բախտ չվիճակվեց գործարկել այդ կայանները և բնություն բաց թողնել մաքուր ջուր։ Նույնիսկ այն կայանները, որոնք արդեն աշխատում էին, դադարեցին գործել։

Սիսիան քաղաքի մաքրման կայանը ևս գրեթե ավարտուն տեսքի էր, ու շատ քիչ բան էր մնում այն շահագործելու համար։ Սիսիանում կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու համար ընտրվել էր քաղաքից 2-3 կմ հեռավորության վրա Ույծ գյուղի ձորը, որտեղով հոսում է Որոտան գետը։ Կայանը նախատեսված էր կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրում կատարելու համար։ Սակայն նախքան կայանի կառուցումը, խնդիր կար կոյուղաջրերն այնտեղ հասցնելու։ Այդ նպատակով որոշվեց թունել փորել, որն էլ կեղտաջրերը կհասցներ կայան։ 1982-ին սկսվեցին թունելի շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ թունելի երկարությունը մոտ 2 կմ էր, բարձրությունն ու լայնությունը՝ 4 մետր։

Կայանի և թունելի շինարարությունը հանձնված էր «Տաթև» հէկ-ին։ Այդ ժամանակ շինարարության պետն էր Լավրենտի Սարգսյանը՝ Սիսիանի հետագա քաղաքապետը։ Նա հիշում է, որ թունելի ու մաքրման կայանի շինարարությանը ի սկզբանե հանձնարարված էր «Արփասևանշին» շինարարական կազմակերպությունը, բայց քանի որ շինարարությունը Սիսիանում էր կատարվելու, մեկնել էին Մոսկվա, որպեսզի խոսեին և իրենք անեին։

«Էդ թունելը Սիսիանից սկսվում էր Ույծի ձորից դուրս էր գալիս։ Ամբողջ կեղտաջրերը մտնելու էին էդ թունելի մեջ, էլ ոչ մի գետով չէին գնալու, գնալու էին թափվեին կայան։ Հատուկ կառույց էր դա՝ նախ իր բարդությամբ, հետո, որ իմանում էին՝ ինչի համար է, բոլորը որակով գործ էին անում։ Արդեն համարյա պատրաստ էր, թունելը սարքված էր, կոյուղագծերը սարքված էին, շենքերն էլ արդեն պատրաստ էին, մաքրման կայանը արդեն պետք է սկսեր աշխատել։ Հետո երկիրը սկսեց քանդվել, սկսեցին էդ թանկանոց սարքավորումները մեջ-մեջ անել, ով ինչ հասցրեց, տարավ։ Բայց մինչև էդ, կայանը արդեն համարյա լրիվ պատրաստ էր շահագործմանը»,- պատմում է Լավրենտի Սարգսյանը։

Մաքրման կայանի աշխատանքներին մեծ մասամբ մասնակցել են հենց տեղացիները։ Նախագիծը տիպային էր՝ հաստատված, ուղարկված Մոսկվայից, մնում էր տեղում կառուցելը։

«1975 թ․-ից, որ ես շինարարության պետ էի, աշխատողները բոլորը Սիսիանից էին, իսկ մինչև էդ Ռուսաստանից էին գալիս, Դոնեցկից, հետո կամաց-կամաց սիսիանցիները դարձան մասնագետ։ Արփա-Սևան թունելը սարքելու ժամանակ Սիսիանից մասնագետներ էին տանում, արդեն հմտացել էին։ Լավ թունելչիկներ ունեինք, մանավանդ էս ձորերի ժողովուրդը՝ լորեցիք, շատ լավ աշխատող ժողովուրդ էին»,- պատմում է Լավրենտի Սարգսյանը։

Սիսիանի մաքրման կայանի արտադրողականությունը, ըստ Ջրային կոմիտեի մեզ տրամադրած տեղեկության, օրական 17 հզր խորանարդ մետր էր, իսկ ավարտվածության աստիճանը՝ 80 տոկոս։ Կայանը զբաղեցնում է 3 հա տարածք և բաղկացած է 14 միավոր շինությունից՝ կաթսայատնից, կեղտազտման բլոկից, ավազանից, քլորացման կայանից և այլն։ Այդ կառույցները մինչ օրս պահպանում են իրենց արտաքին տեսքը։

«Էդ կայանը էն սարքավորումները ուներ, որ կեղտաջուրը միջով անցնելուց հետո կարող էիր տակը բաժակ պահել, էդ ջուրը խմել։ Լրիվ ախտահանվում, մաքրվում, դառնում էր խմելու ջուր։ Այդպիսի մաքրման կայան ոչ մի տեղ չկար, դրա մասին անգամ շրջկոմի քարտուղար Դավթյան Շչորսն է իր գրքում գրել, թե ինչ եզակի կառույց էր դա»,- ասում է Լավրենտի Սարգսյանը։

Կայանի շինարարությունն անավարտ թողնելուց հետո, երբ շատ ու շատ սարքավորումներ արդեն իսկ թալանվել էին, 2000-ականների սկզբներին սկսվեց կայանի սեփականաշնորհման գործընթացը։ Մի քանի տարի տևած դատական քաշքշուկներից հետո այն ի վերջո վաճառվեց Սիսիան քաղաքի բնակիչ Վարդան Վարդանյանին։

Բազմաթիվ դատական գործեր և թե ինչպես սեփականաշնորհվեց մաքրման կայանը

Սիսիան քաղաքի «Սիսիան» ՓԲԸ-ն դատարանի որոշմամբ ճանաչվել էր սնանկ։ Բոլոր գույքերը, որոնք պատկանում էին այդ ընկերությանը պետք է վաճառվեին, որպեսզի մարվեին ընկերության ֆինանսական պարտավորությունները։ Այդ ժամանակ ընկերության հաշվեկշռի վրա էր գտնվում նաև Սիսիանի կեղտաջրերի մաքրման կայանը, որը, ըստ կարգի, ևս պետք էր վաճառվեր։ Սնանկության կառավարիչ էր նշանակվել Կամո Հարոյանը, որը այդ տարիներին գործուղվել էր Սյունիքի մարզ։

«2001 կամ 2002 թվականն էր, կայանը գնեց Վարդան Վարդանյանը, ու դրանից հետո մոտ 4 տարի դատական պրոցեսների մեջ էինք, 20-ից ավելի նիստի ենք մասնակցել ու մինչև Վճռաբեկ հասել»,- հիշում է Կամո Հարոյանը։

Կայանի օտարումից հետո Լավրենտի Սարգսյանը, որը այդ ժամանակ Սիսիանի քաղաքապետն էր և մաքրման կայանի կառուցողն է եղել, դատական հայց է ներկայացնում, որպեսզի չեղարկվի առքուվաճառքի պայմանագիրը, և կայանը դառնա համայնքի սեփականությունը։

«Արդեն քաղաքապետ էի, մեկ էլ եկան, ասեցին մաքրման կայանը վաճառում են։ Ասեցի՝ ո՞ւմ են ծախում, ո՞վ է ծախում, դատի տվեցի։ Կառավարությունում ասեցին՝ դե ճիշտ են անում, թող վաճառեն, մեկ ա քանդում էին, թալանում էին։ Կոպեկներով վաճառեցին։ Էդ նույն բանը եղել է, երբ որ Որոտանի կասկադը սեփականաշնորհեցին, որը էլի մենք էինք կառուցել, ու մի անգամ չեկան, ասեցին՝ էսքան շինարարություն ես արել, սեփականաշնորհում ենք, ի՞նչ կասես»,-պատմում է Լավրենտի Սարգսյանը։

Ներկայիս սեփականատեր Վարդան Վարդանյանը, որի կինը սեփականաշնորհման տարիներին Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետն էր, ասում է, որ ինքն առանձնապես հետաքրքրված չէր մաքրման կայանով, բայց քանի որ ասել են՝ լավ տեղ է, լավ կառույց է, ինքն էլ գնել է։

«Էնպես չի, որ ես գնացել, խնդրել եմ, որ կայանն ինձ վաճառեն։ Սկզբում մի քանի կաթսայատուն էին վաճառում Սիսիանում, դրանք գնեցի էլի աճուրդով, կինս ասում էր՝ արի սրանք առ, որ մարդկանց աշխատավարձ կարողանանք տալ, ես էլ էդպես գնում էի։ Այդ ժամանակ Սարատով-Երևան-Սարատով չվերթի մենեջերն էի ու կարող էի գնել։ Մի օր էլ Հարոյան Կամոն եկավ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ պիտի գնեմ»,- ասում է Վարդան Վարդանյանը։

Սնանկության կառավարիչը հիշում է, որ ամեն բան օրինական է եղել և մոտ 4 տարի տևած դատական պրոցեսներից հետո կարողացել է հաղթել դատը։ Գտել է բոլոր այն հիմքերը, որով Հայաստանի անկախացումից հետո կայանը անցել է «Սիսիան» ՓԲԸ-ին, որի սնանկացումից հետո էլ Վարդան Վարդանյանին են վաճառել։

«Այն ժամանակվա համար 9,5 մլն դրամը, որով կայանը վաճառվեց, բավականին նորմալ արժեք էր, եթե համեմատենք, թե ինչ չնչին գումարներով ինչ մեծ կառույցներ են սեփականաշնորհվել։ Մենք էլ՝ որպես սնանկության կառավարիչներ, էնպիսի մարդկանց էինք փնտրում, որոնց կկարողանայինք գոնե շատ թե քիչ նորմալ գնով գույքը վաճառել»,- ասում է Կամո Հարոյանը։

Դատական դեպարտամենտից «Հետք»-ին հայտնեցին, որ Տնտեսական դատարանում քննված այդ գործն այս պահին հասանելի չէ, քանի որ սահմանված ժամկետն անցնելու հետևանքով այն ոչնչացվել է։ Հայտնի է միայն վճիռը, որով 2004թ. նոյեմբերին կայանը գրանցվել է Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիան» ՓԲԸ-ի անվամբ, իսկ 2005թ. փետրվարին օտարվել է Վարդան Վարդանյանին և ստացել իրավունքի պետական գրանցում:

Մաքրման կայանի համար Վարդանյանը վճարել է 9,5 մլն դրամ։ Մինչև վերջերս կայանի տարածքում նրա անասնաֆերման էր, այս պահին այն ոչնչի չի ծառայում։ Սեփականատերն ասում է, որ ժամանակին այնտեղ հէկ կառուցելու մտադրություն ուներ, հետո մտափոխվել է։ Հիմա մտածում է հանգստի գոտի և հյուրանոց կառուցելու մասին, և քանի որ ճանապարհի վրա է, կարծում է՝ լավ կաշխատի։

Սիսիան համայնքն այս պահին մաքրման նոր կայան կառուցելու ծրագիր դեռևս չունի։ Հետագայում եթե անգամ լինեն նման ծրագրեր, ապա համայնքը ստիպված կլինի կա՛մ նոր վայր փնտրել, կա՛մ որևէ կերպ ձեռք բերել կայանի հին տարածքը։ Նոր տարածք գտնելը գործը մի քանի անգամ կբարդացնի, քանի որ նորից անհրաժեշտւթյուն կառաջանա թունել փորել, ինչը երկար և ծախսատար աշխատանք է։ Տեղ գտնելը նույնպես հեշտ գործ չէ, մաքրման կայան ամեն վայրում չէ, որ կարելի է կառուցել, այն պետք է լինի լավ մտածված և հաշվարկված՝ խնայելու համար էներգետիկ և այլ ռեսուրսներ։

Իսկ ի՞նչ կլինի եթե պետությունը մի օր ցանկանա մաքրման կայան կառուցել այն հին կայանի տեղում, որտեղ Վարդան Վարդանյանն արդեն կառուցած կլինի իր հյուրանոցը։

Տեսանկարահանումը և մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Թիմի անդամներ՝

Տիրայր Մուրադյան

Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter