HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն անօդաչուներով հարվածել է Իրանի տարածքին. ՑԱԽԱԼ-ում հրաժարվում են մեկնաբանություններից

Իսրայելը հարվածել է Իրանի տարածքին։ Այդ մասին հայտնում են CNN-ը, The New York Times-ը և Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի, իսրայելցի և իրանցի պաշտոնյաներին։

Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական ավիաբազային։

Հարձակումն, ինչպես նշվում է, իրականացվել է ոչ մեծ անօդաչուներով, որոնք, ենթադրաբար, արձակվել են հենց Իրանի տարածքից: The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը չեն հայտնաբերել երկրի օդային տարածք ներխուժած ինքնաթիռներ: Նույն լրատվամիջոցը գրում է, որ ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի առանձին խումբ էլ խոցվել է Թավրիզի շրջանում՝ Սպահանից մոտ 800 կիլոմետր հյուսիս:

Թռիչքների հետագծման կայքերի տվյալները ցույց են տալիս, որ Իրանում մի քանի օդանավակայան այս առավոտ դադարել է գործել, իսկ այդ շրջանում քաղաքացիական չվերթերի երթուղիները փոփոխվել են, սակայն շուտով Իրանի ավիացիոն գործակալությունը հայտարարել է թռիչքների սահմանափակումները վերացնելու մասին:

Իրանական լրատվական գործակալությունները հայտնել են, որ Սպահանի և Թավրիզի մոտակայքում պայթյուններ են լսվել՝ հավելելով, որ Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել: CNN-ի տվյալներով՝ միջուկային օբյեկտները հարվածի թիրախ չեն էլ եղել։ Իրանական Fars գործակալությունը հարձակման հնարավոր թիրախ է համարում ռազմական ռադարը, որը գտնվում է Սպահանի օդանավակայանից ոչ շատ հեռու:

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել Իրանի նկատմամբ այս հնարավոր հարվածը։

Ապրիլի 1-ին իսրայելական ավիացիան հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Հարվածի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամ, այդ թվում՝ երկու գեներալ: Իրանը խոստացել էր պատասխանել հարձակմանը։

Ապրիլի 14-ի գիշերը Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքերով, թևավոր և բալիստիկ հրթիռներով հարձակվել էր Իսրայելի տարածքի վրա: Դրանց մեծ մասը խոցվել էր, այդ թվում նաև ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և հորդանանյան ուժերի կողմից, երբ դեռևս մոտենում էին Իսրայելին։ Հարձակման հետևանքով մասնակի վնասվել է երկրի հարավում գտնվող «Նևատիմ» ռազմակայանը:

Հարձակումից հետո Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, «ինքնասահմանափակման» կոչ էին արել և անհանգստություն հայտնել տարածաշրջանում աճող անկայունության կապակցությամբ: Իսրայելում հայտարարել էին, որ դիտարկում են Իրանին պատասխանելու տարբերակները, որոնք «ազդանշան կուղարկեն», բայց զոհերի չեն հանգեցնի: Ամերիկյան կողմը Իսրայելին փոխանցել է, որ իրենք չեն մասնակցի հնարավոր հարձակմանը։

Լուսանկարը՝ KTVB7-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter