HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովն Ադրբեջանին անվանել է Ռուսաստանի ընկեր և դաշնակից

Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների զարգացման ցանկություն ու ներուժ ունեն։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այսօր Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև բանակցությունները։

«Ադրբեջանը մեր մեծ հարևանն է, բարեկամը, գործընկերն ու դաշնակիցը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ունեն շատ ընդհանուր շահեր, ինչպես նաև համագործակցության մեծ ներուժ և երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթներ:

Պեսկովի խոսքով՝ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն «ամեն կերպ շարունակելու և զարգացնելու այդ հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, «նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային խնդիրների շուրջ»:

Բացի այդ, Պուտինն ու Ալիևը կհանդիպեն նաև Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության վետերանների հետ, որի կառուցումը համակարգել է Ալիևը հայրը՝ Հեյդար Ալիևը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԽՍՀՄ մինիստրների խորհրդի առաջին տեղակալի պաշտոնը։

Պուտինի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին, Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ ժամանակից ի վեր երկու նախագահները մի քանի անգամ հեռախոսազրույցներ են ունեցել։ Վերջին անգամ նրանք հեռախոսազրույց էին ունեցել մարտի 24-ին՝ Կրոկուս սիթի հոլի ահաբեկչությունից հետո։

Բնականակաբար, բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ալիև-Պուտին այս հանդիպումը տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ֆոնին։

Լուսանկարը՝ Azertac-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter