HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ահաբեկչական հարձակում Մերձմոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում. ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը

Այսքանով «Հետք»-ն ավարտում է իր ուղիղ թարմացումը։ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության մյուս նորությունները կներկայացվեն առանձին լուրերով։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։

01:39

Al Arabiya-ն ևս հայտնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմի պատասխանատվության ստանձման մասին։

01:35

Այդուհանդերձ շատերը կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պատասխանատվության ստանձման նորությունը ևս կարող է ֆեյք լինել։

Տելեգրամյան մի շարք ալիքներ նշում են, որ հայտարարության համար օգտագործվել է կաղապար, որն ահաբեկչական խմբավորումն այլևս չի օգտագործում։

01:28

⚡️«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։

Այդ մասին նշվում է ահաբեկչական խմբավորման տելեգրամյան պաշտոնական ալիքում։

01:08

Reuters. Զոհերի թվում կան երեխաներ։

01:06

Բլոգեր Պավել Շամպանովը նկարել է սրահում հարձակման ու կրակոցների պահը։

01:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

01:00

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը։

00:59

TACC-ի նոր տեսանյութը դեպքի վայրից։

00:58

Ենթադրյալ ավտոմեքենան, որով հեռացել են ահաբեկչական հարձակում գործած անձինք։

00:57

Varlamon News-ը նոր տեսանյութ է հրապարակել համերգասրահից, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ սկսում էվակուացվել, մինչ ահաբեկիչների ներխուժումը։

00:53

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Կրեմլում ժողովրդին ուղղված ուղերձ են նախապատրաստում։

00:51

Ավելի քան 20 երկիր դատապարտել է Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Նման հայտարարություններ են արել ԱՄՆ-ն, Գերմանիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը, Թուրքիան, Բելառուսը, Ղրղզստանը, Պակիստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսը, Կուբան, Ղազախստանը, Պաղեստինը, Վենեսուելան, Հայաստանն ու Ադրբեջանը:

00:49

Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննան ցնցված է Ռուսաստանից ստացվող նորություններով:

00:47

⚡️ «Важные истории»ՌԴ հատուկ ծառայությունները բացառել են ահաբեկչությանը Ուկրաինայի կամ «Իսլամական պետության» մասնակցությունը

00:39

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը Ռուսաստանի ժողովրդին ցավակցություն է հայտնել։

00:37

ՌԴ ՔԿ նախագահ Սերգեյ Բաստիրկինը ժամանել է դեպքի վայր։

00:36

Տելեգրամյան «ВЧК-ОГПУ» ալիքի աղբյուրը պնդում է, որ «Կրոկուսի» հարձակմանը մասնակից լինելու կասկածանքով հետախուզում է հայտարարվել Ինգուշեթիայի բնակչի նկատմամբ։ Մյուս աղբյուրները դա չեն հաստատում։ Այս տեղեկությունը պաշտոնապես ևս չի հաստատվել։

00:27

⚡️«Կրոկուս Սիթի Հոլ»-ի հարձակման ականատեսները վկայություն են տվել, որ հարձակում գործած անձինք եղել են «ասիացիներ ու Կովկասի բնակիչներ» ու խոսել օտաերկրյա լեզվով, ոչ ռուսերեն։

00:25

Եվրամիությունը դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչությունը։

00:24

Россия 24. Ահաբեկիչների մի մասը դեռ կարող է լինել շենքում։

00:21

⚡️🇦🇲 ՀՀ ԱԳՆ. Տուժածների և զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են:

00:20

Ահաբեկիչները սրահում։

00:18

Ալիևը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

00:15

⚡️ՌԴ ԱԻՆ-ը չի հաստատում հրդեհի տարածման կանխման լուրերը։

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Интерфакс-ը։

00:14

TACC գործակալությունը նոր կադրեր է հրապարակել։

00:13

Ռոսգվարդիան հայտնում է, որ համերգասրահի շենքում շարունակվում է ահաբեկիչների որոնումը։

00:11

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

00:07

«Новая газета»-ն լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են շտապ օգնության տասնյակ ավտոմեքենաներ, որոնք գտնվում են համերգասրահի մոտ։

00:05

Аэрофлот-ը հայտարարել է, որ մարտի 22-ից 25-ը թռիչք ունեցող ուղևորներին հնարավորություն է ընձեռնվում վերաձևակերպել տոմսերը կամ չեղարկել տոմսերը՝ գումարի ամբողջական վերադարձի հնարավորությամբ։

00:03

⚡️Интерфакс-ը հայտնում է, որ հրշեջներին հաջողվել է կանգնեցնել հրդեհի տարածումը։

00:01

Baza: Հատուկ ծառայությունները որոնում են ևս մեկ սպիտակ սեդան, որով կարող էին փախչել հարձակում գործած անձինք։

Ավտոմեքենայում կարող են լինել կանաչ կամուֆլյաժե կոստյումներով զինված տղամարդիկ։ Ներկայումս Մերձմոսկվայում բազմաթիվ ստուգման կետեր են ստեղծվել։

00:00, մարտի 23

Մուրմանսկի մարզում և Ստավրոպոլի երկրամասում դադարեցվել են զանգվածային բոլոր միջոցառումները։

23:59

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է, որ ՄԱԿ-ը դատապարտի ահաբեկչական այս հարձակումը։

23:58

Msk1-ը գրում է, որ սովորական քաղաքացիների ու լրագրողների շրջանում ձերբակալություններ կան։

23:57

Shot-ի տվյալներով՝ ձերբակալվել է համերգասրահի 5 աշխատակից։

Նրանց տեղափոխել են մոտակա ոստիկանական բաժին։

23:55

Mash-ը հրապարակել է տուժածների նախնական ցանկը։

23:53

Հրապարակվել է սպիտակ սեդանի ստուգման կադրերը։

23:50 

Ցավակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

23:46

⚡️🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։

Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից: 

Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին։

23:45

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն առաջին իսկ րոպեներին տեղեկացվել է տեղի ունեցածի մասին։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը մշտապես տեղեկատվություն է ստանում կատարվածի և բոլոր համապատասխան ծառայությունների գծով ձեռնարկվող միջոցների մասին:

23:44

112-ը հայտնում է, որ փրկարարները մտել են այրվող համերգասրահի շենք։

23:43

TACC-ի տվյալներով՝ «Կրոկուս»-ում հրդեհի ինտենսիվությունը մի քանի անգամ նվազել է։ Շենքի վերին հարկը գրեթե ամբողջությամբ այրվել է։

23:41

Ադրբեջանը ևս դատապարտել է տեղի ունեցածը։

23:36

Իտալիան, Եգիպտոսը և Պակիստանը դատապարտել են տեղի ունեցածը։

23:35

Նոր կադր դեպքի վայրից։

23:33 

Հրդեհը տարածվել է համերգասրահի ողջ շենքով մեկ։

23:31

Լենինգրադի մարզում հայտարարվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։

23:29

112 տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են սև պարկեր։ Հավանաբար, դրանց մեջ զոհվածների մարմիններն են։

23:25

Ուկրաինայի նախագահահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը պնդում է,ո ր Ուկրաինան կապ չունի ահաբեկչական այս հարձակման հետ։

23:22

⚡️ Mash-ի աղբյուրը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման կասկածյալներից մեկը ձերբակալվել է։

23:21

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտարարել է, որ տուժածներից չորսը գտնվում է ծանր վիճակում։

23:20

Տելեգրամյան 112 ալիքը հրապարակել է առաջին տուժածների անունները։

23:18

⚡️Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է նախնական 40 զոհի մասին։

23:17

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում փլուզում է եղել, լրագրողներին հեռացնում են շենքի մոտից։

23:15

Մոսկվայի համալսարանները շաբաթ օրը կդադարեցնեն դասերը։ 

23:13

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է Ջոն Քիրբիին: Ինչպես գրում է TACC-ը, Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է ահաբեկչության վերաբերյալ տվյալները անհապաղ փոխանցեր ռուսական կողմին, եթե դրանք ուներ:

23:08

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցել է զոհվածների ընտանիքներին։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

23:06

Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան, որով համերգասրահ են եկել ահաբեկիչները, ականապատված է։ 

Այն կանգնած է ավտոկայանատեղիում։ Ուժայինները շրջափակել են այն։

23:04

Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցել է Վլադիմիր Պուտինին։

23:03

ՌԴ ՔԿ-ն «ահաբեկչության» հոդվածով քրեական գործ է հարուցել։

23:02

Սանկտ Պետերբուրգի առևտրի սրահներում տարհանում են մարդկանց։

23:00

Դաժան կադրեր «Կրոկուս Սիթի Հոլ»-ից։

22:59 

⚡️ Վիրավորների թիվը հասել է 140-ի։

22:57

Ահաբեկչական հարձակման ժամանակ սրահում կարող էր լինել 6200 մարդ։

Նման տվյալներ է փոխանցում The Bell-ը։ Հենց այսքան մարդ կարող էր տեղավորել համերգասրահը։ RedKassa-ի տվյալներով՝ համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին։

22:54

Նոր տեսանյութ դեպքի վայրից։

22:49

⚡️«Կրոկուս Սիթի Հոլ»-ը պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Արազ Աղալարովին։

Նա ու որդին՝ Էմին Աղալարովը ժամանել են դեպքի վայր։

22:47

⚡️Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումները սկսել են գրոհը։

Ականատեսներն ու լրագրողները հայտնում են փողոցում հնչող կրակոցների մասին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մարդկանց հեռացնում են շենքի մոտից։

22:46

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և հանրային այլ միջոցառումները կչեղարկվեն։

22:44

Նոր կադրեր դեպքի վայրից։

22:43

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը։

22:42

⚡️Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հարձակում գործած 4 անձի հաջողվել է փախչել։

22:39

⚡️ Մինչև 130-ի է հասել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում վիրավորների թիվը։

Ահաբեկչական հարձակումից առաջին տուժածներն արդեն իսկ բուժհաստատություններում են։

22:37

Իսկ արևմտյան դեսպանություններն ու արտաքին քաղաքական գերատեսչությունները դեռ մի քանի օր առաջ էին զգուշացնում Մոսկվայում հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին։

«Հետք»-ն այդ մասին գրել էր դեռ մարտի 8-ին։

Ի դեպ, արևմտյան դեսպանությունների այդ հայտարարությունը Վլադիմիր Պուտինը «շանտաժ» էր անվանել։

22:35

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը հայտարարել է անվտանգության ուժեղացման մասին։

22:34

ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցածը «արյունալի ահաբեկչություն» են անվանել։

22:32

Համերգասրահի մոտ աշխատում է շտապ օգնության 70 բրիգադ։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

***

Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները՝ հղում անելով ականատեսներին։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։

Սկզբում տելեգրամյան ալիքները փոխանցում էին առնվազն 12 զոհի ու տասնյակ վիրավորների մասին։ Ավելի ուշ, 112-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է առնվազն 40 զոհի մասին։

Հրապարակված կադրերից երևում է, որ այրվում է համերգասրահի շենքը, իսկ դահլիճում հնչում են կրակոցներ։

Ականատեսները փոխանցում են, որ հարձակում գործած անձանց թիվն առնվազն 3 է, տելեգրամյան ալիքներն էլ փոխանցում են առնվազն 5-ի մասին։

Baza-ն հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կարող է գտնվել մինչև 100 մարդ։ Նրանց մի մասը կարողացել է թաքնվել նկուղում։ Մարդկանց մի մասն էլ 4-րդ հարկում է։

TACC-ի թղթակիցը հայտնում է, որ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումների մարտիկները ժամանել են «Կրոկուս Սիթի Հոլ»։ 112-ի աղբյուրներն էլ հայտնում են, որ հրդեհը մարելու համար ուղարկվել են ուղղաթիռներ։

Mash-ի տվյալներով՝ հրաձգությունը միաժամանակ սկսվել է ինչպես բուն համերգասրահում, այնպես էլ նախասրահում, որտեղ այդ ժամանակ տասնյակ մարդիկ կային։ Նշվում է, որ հարձակում գործած անձինք այրել են սրահի նստատեղերը, որտեղից էլ հրդեհը տարածվել է ողջ շենքով մեկ։

Վաշինգտոնն արձագանքել է տեղի ունեցածին։ Սպիտակ տանն այս ահաբեկչական հարձակումը «սարսափազդու» են անվանել։

«Осторожно, новости» տելեգրամյան ալիքը հայտնում է նոր պայթյունի մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը, իսկ այնուհետ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էին այն մասին, որ Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter