HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից չեն հայտնում, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք համաժողովին

Հաջորդ ամիս Շվեյցարիայում նախատեսվում է Ուկրաինայի հարցով համաժողով անցկացնել։ Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ այն տեղի կունենա հունիսի 15-ին և 16-ին Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում։

Առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղության համաժողով առաջարկել էր կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն շվեյցարական կողմը հրավիրել է նաև Ռուսաստանին՝ հավելելով, որ համանման հրավեր ուղարկվել է աշխարհի ավելի քան 100 երկրների։ Այդուհանդերձ Մոսկվան հրաժարվում է մասնակցել այս համաժողովին։ Ինչպես հայտարարել է Շվեյցարիայում ՌԴ դեսպան Սերգեյ Գարմոնինը, «առանց Ռուսաստանի մասնակցության՝ Ուկրաինայում կարգավորման շուրջ ցանկացած խոսակցություն անիմաստ է»։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան չի հայտնել, թե արդյոք հայկական կողմը Շվեյցարիայից ստացե՞լ է նման հրավեր և արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստվու՞մ է մասնակցել այդ համաժողովին։

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային որևէ համաժողովին մասնակցության վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հրապարակվում է պատշաճ ժամկետներում»,- ասված է ԱԳՆ պատասխանի մեջ։ 

Դեռ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում մասնակցել էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին և հանդիպել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ 

Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր Կիևի նախաձեռնությամբ։ Այս մասնակցությունը Մոսկվայում բացասաբար էին ընդունել՝ պնդելով, թե դա հակասում է հայ-ռուսական հարաբերություններին։ «Եթե խոսում եք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից հակառուսական ցուցադրական ժեստ»,- նոյեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Համանման մեկ այլ հանդիպման էլ Գրիգորյանը մասնակցել է այս տարվա հունվարի Դավոսում։

Երևանում, սակայն, նշում էին, որ այդ քայլն ուղղված չէ Մոսկվայի դեմ։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter