HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարի առաջ արդարադատության դեմ ուղղված հանցագործություն եղե՞լ է, թե՞ ոչ

Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ հատուկ քննչական ծառայությունը, թե՛ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արձանագրել են, որ ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի գործով 20 տարի առաջ միջամտություն չի եղել արդարադատության իրականացմանը:

Սակայն ըստ ցմահ դատապարտյալի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի` այս գործով 20 տարի առաջ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված  քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):

Փաստաբանը նախ ՀՔԾ, ապա գլխավոր դատախազություն ու դատարան դիմել էր «Հետքի» 2014 թ.-ի մայիսի 6-ի հրապարակման հիման վրա: Այնտեղ վկայակոչված է մեղադրող դատախազ Խառատյանի «Դատախազը» ինքնակենսագրականից մի քանի հատված այն մասին, որ ինքը համաձայն չի եղել մահապատիժ պահանջելուն, այլ մահապատժի պահանջը եղել է ԻԻՀ դեսպանի կողմից ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին (տուժողը ԻԻՀ քաղաքացի է եղել):

«Բացակայում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Բացի «Դատախազը» գրքում հրապարակված որոշակի տեղեկություններից, այդ կապակցությամբ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշված է ՀՔԾ-ի մերժման մեջ: ՀՔԾ քննիչ Վ. Ավետիսյանը բացատրություններ է վերցրել դատախազ Խառատյանից, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանից, 1995 թ-ին գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերի քննության վրա հսկող բաժնի պետ Ռաֆայել Կարապետյանից, նաև արձակագիր Սամվել Խալաթյանից ու մերժել քրեական գործի հարութցումը հանցակազմի բացակայության հիմքով:

Բացատրություն տալով ՀՔԾ-ում` մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանը հայտնել է, որ ոչ մի միջամտություն էլ չի եղել իր գործունեությանը վերադասների կողմից, ոչ մեկն իրեն չի ճնշել, այլ ինքն է հետագայում հանգել այն համոզման, որ պետք է այդ գործով մահապատիժ պահանջի դատարանում: «Այդ ո՞ր հանգամանքները հանկարծ հիմք հանդիսացան, որպեսզի Խառատյանը փոխի իր տեսակետը և Սողոմոն Քոչարյանի համար միջնորդի մահապատիժ: Այդ հանգամանքները հատուկ քննչական ծառայության կողմից պարզված չեն»,-վերաքննիչ բողոքում նշել է փաստաբանը: «Դատախազը» գրքի հեղինակ, արձակագիր Սամվել Խալաթյանն էլ հայտնել է, որ  Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ իր հարցազրույցը Խառատյանի հետ ոչ թե բառացի է մեջբերել, այլ դրան որոշակի գեղարվեստական երանգավորում է տվել, որպեսզի նյութն ավելի հանրամատչելի բնույթ կրի:

Հատված Սամվել Խալաթյանի «Դատախազը» գրքից

Արձակագիր Սամվել Խալաթյանի հեղինակած «Դատախազը» գրքում մեջբերված է դատախազ Ժիրայր Խառատյանի հարցազրույցը, որը տպագրվել է «Լոռու մարզ» թերթում, որտեղ դատախազը պատմում է, թե ինչ է նախորդել Սողոմոն Քոչարյանի դատավարությանը: Ահա մի հատված. «Ասացի` «Կարելի՞ է մի հարց»: Տեղակալն էլ, թե` «Այստեղ հարց տվողը ես եմ»: Վիրավորվեցի, հավաքեցի թղթերը, ասելով, որ եթե մենք հարցը չենք քննարկում, այլ հրաման ենք կատարում, ես այստեղ անելիք չունեմ...  Չհամաձայնեցին, պնդեցին իրենցը: «Այդ դեպքում,- ասացի,- զեկուցագիր կգրեմ, ես հրաժարվում եմ այս պաշտոնում աշխատել»: Տեղակալն ասաց` «Գնա, գրի»: Հետո պետը մոտեցավ ինձ, թե` տեղակալն ասում էր` ինքը հենց այնպես ասաց, հանկարծ զեկուցագիր չգրես... Ինչպես ասում են` սրտիցս մի մեծ քար ընկավ, որ Ք.-ն չի գնդակահարվում և, բացի այդ, ինքնասփոփանք կար, որ իմ զեկուցագիրը կցված է վարույթում, որն, ի դեպ, մինչև օրս էլ այնտեղ է»:

«Հարցազրույցում գեղարվեստական երանգավորում չկա, դեպքերի շարադրանք է: Իսկ զեկուցագիրը, որը ամենաառանցքային փաստերից մեկն է, ուսումնասիրության նյութ չի դարձել: Հատուկ քննչական ծառայությունը չի փորձել պարզել այդ զեկուցագրի բովանդակությունը և ճակատագիրը»,-նշեց Ռոբերտ Ռևազյանը: Ըստ նրա, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության պահանջից ելնելով, պետք էր ստուգվեր զեկուցագիրը վարույթին կցված լինելու հանգամանքը և պարզվեր դրա բովանդակությունը:

Այս պահին Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը լսվում է Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքաբեր Ռևազյանը խնդրում է դատարանից բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և պարտավորեցնել ՀՔԾ-ին քրեական հետապմդման վարույթ սկսել: Այսօր նիստը սկսվելուն պես հետաձգվեց դատախազ Ենոքյանի գրավոր դիմումը հաշվի առնելով: Նա խնդրել էր դատարանին ծանրաբեռնվածության պատճառով հետաձգել նիստը: Մայիսի 13-ին, ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ դատարանը` Հենրիկ Տեր-Աբրահամյանի նախագահությամբ, կորոշի բեկանել որոշումը, թե ոչ:

Հ.Գ. Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին և այս տարվա մարտին «Հետքը» գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ծանոթանա Սողոմոն Քոչարյանի գործով դատախազության վարույթին (որտեղ, ըստ նախկին դատախազ Ժիրայր Խառատյանի, գտնվում է իր ներկայացրած զեկուցագիրը), սակայն պատասխան չի ստացել: Այդ հիմքով «Հետքը» 2015 թ.-ի ապրիլին դիմել է Վարչական դատարան ընդդեմ գլխավոր դատախազության` տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջով:

Մեկնաբանություններ (1)

Մարտիկ
Ինչ ամոթ ու խատառակություն մեր ազգի համար, պարոնյաք արդարադատներ, դուք տղամարդ ե՞ք, 20 տարի առաջ մի ղալաթ արել են, հիմա էլ դուք ձեր նախորդների ղալաթն եք պարտակում։ Լավ, չեք ուզո՞ւմ կյանքում գոնե մեկ անգամ մի բարի գործ կատարել, մի արդար գործ կատարել, ամեն ինչ հո փողով չի չափվում, մեկը լինի ձեզ դատի այ լիսկաների նման ճիվաղներին արդարացնող ամենաարդար հայոց արդարադատություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter