
Գլխավոր դատախազության վրա քաղաքական ճնշումը մի՞թե միջամտություն չէ
Սողոմոն Քոչարյանի գործով ՀՔԾ-ն հանցակազմ չի տեսնում
1995 թ-ին մահապատժի դատապարտված (2003 թ.-ից՝ ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանն օրեր առաջ ևս մեկ մերժում է ստացել: Այս անգամ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն է մերժել Ռևազյանի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: Ըստ ՀՔԾ հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Վ. Ավետիսյանի, նախապատրաստված նյութերի արդյունքում պարզվել է, որ հանցակազմ չկա:
Ըստ փաստաբանի` 19 տարի առաջ Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
Հիշեցնենք, որ փաստաբանը հանցագործության մասին հաղորդումը նախ ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա այն ուղղվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Փաստաբանն իր դիմումի հիմքում դրել էր «Հետքի»՝ այս տարվա մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը, որտեղ մեջբերված է դատախազ Ժիրայր Խառատյանի խոսքը, ըստ որի Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռին նախորդել է Իրանի դեսպանի այցը ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ նա պահանջել է մահապատժի դատավճիռ՝ հակառակ դեպքում սպառնացել քաղաքական սկանդալ բարձրացնել:
Նշենք, որ ըստ քրեական գործի, 1995 թ-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա սպանվել էր Իրանի քաղաքացի, ազգությամբ՝ ադրբեջանցի Իրաջ Փուր Միրզաբեկը:
Դատախազ Խառատյանը, այս տարվա մարտի 15-ին հարցազրույց տալով «Լոռու մարզ» թերթին՝ լրագրող, արձակագիր Սամվել Խալաթյանին, ի թիվս այլ հարցերի՝ պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե դատախազական աշխատանքի ընթացքում եղել են դեպքեր, երբ նա ցանկացել է օգնել մարդկանց, սակայն չի ստացվել, և դա ծանրացել է նրա խղճին, դատախազը պատասխանել է այսպես. «Ցավոք, եղել են այդպիսի դեպքեր…»: Խառատյանը պատմել է Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատապարտմանը նախորդող դեպքերի մասին: Այդ հարցազրույցը տեղ է գտել նաև դատախազ Ժիրայր Խառատյանի ինքնակենսագրականում, որը հեղինակել է նույն լրագրող, արձակագիր Սամվել Խալաթյանը: Գիրքը լույս է տեսել այս տարի, կոչվում է «Դատախազը»: Գրքում Սողոմոն Քոչարյանի անունը լրիվ գրված չէ, այլ միայն ազգանվան առաջին տառը՝ Ք-ն: Սակայն ողջ պատմությունից պարզ է դառնում, որ խոսքը հենց Սողոմոն Քոչարյանի մասին է: Ահա գրքի այդ հատվածն ամբողջությամբ (տես վերևի լուսանկարը):
«Ինձ որևէ մեկը չի հանձնարարել մահապատիժ միջնորդել». դատախազ
Սակայն ՀՔԾ քննիչ Վ. Ավետիսյանը բացատրություններ է վերցրել դատախազ Խառատյանից, այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանից, 1995 թ-ին գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերի քննության վրա հսկող բաժնի պետ Ռաֆայել Կարապետյանից, նաև արձակագիր Սամվել Խալաթյանից:
Ժիրայր Խառատյանը բացատրության մեջ նշել է, որ իր դատախազական գործունեությանն իր վերադասները չեն միջամտել, ոչ մեկը չի հանձնարարել դատարանում միջնորդել մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին, թեպետ եղել է մահապատժի պահանջ Իրանի դեսպանի կողմից գլխավոր դատախազությանը: Նա նշել է, որ սկզբում դեմ է եղել մահապատժի դատաճռին, հետո համոզվել, որ ավելի ճիշտ է մահապատիժ միջնորդելը՝ հիմնվելով դատաքննության նյութերի վրա: Իսկ գրքի ու հարցազրույցի հեղինակ Սամվել Խալաթյանն իր բացատրության մեջ նշել է, որ չի արել ձայնագրություն հարցազրույց վարելիս, հետևաբար հարցազրույցը վերարտադրել է ոչ թե բառացի, այլ որոշակի գեղարվեստական երանգավորումներ է տվել:
«Չեմ ուզում հեքիաթ բառը օգտագործել, բայց այս ամենը գրական հենց այդ ժանրն է ինձ հիշեցնում». փաստաբան
Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան, Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը, ով օրերս է ստացել ՀՔԾ մերժումը քրեական գործ հարուցելու մասին, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն մերժումը բողոքարկել է գլխավոր դատախազություն:
«Այնպիսի տպավորություն է, որ ՀՔԾ-ն գործը քննելիս նպատակ է ունեցել գործը տանել կարճման՝ հերքելով դիմումում իմ կողմից նշած հանգամանքները: Միայն այն հանգամանքը, որ չի հերքվել, որ գլխավոր դատախազը թեկուզ կարծիքի կամ հորդորի տեսքով իր ստորադասին ասել է մահապատժի դատավճռի ու Իրանի դեսպանի կողմից արված հայտարարությունների մասին, արդեն բավարար հիմք է, որ դիտենք դրանք որպես միջամտություն: Այդ հայտարարություններն արվել է ոչ թե կողմնակի անձի կողմից, այլ հանրապետության գլխավոր դատախազի, ով մեղադրող դատախազի վերադասն է եղել: Եվ հետո, այդ ի՞նչ հանգամանքներ դատախազին հանկարծ հայտնի դարձան, որ նա որոշեց կարծիքը փոխել և 15 տարվա փոխարեն՝ մահապատիժ միջնորդել: Գիտե՞ք, չեմ ուզում հեքիաթ բառը օգտագործել, բայց այս ամենը գրական հենց այդ ժանրն է ինձ հիշեցնում»:
«Մերժումները գոնե մի՛ ուղարկեք Սողոմոնին՝ բանտ»
Արցախյան պատերազմով անցած հետախույզը 20-րդ տարին է՝ բանտում է: 1966 թ-ին ծնված, «Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Սողոմոն Քոչարյանը մասնակցել է Շուռնուխի,Կոռնիձորի, Հորադիզի, Քարվաճառի, Միրքենդի, Ջեբրայիլի մարտերին, Կուբաթլու-Լաչին օպերացիայում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած՝ նորից կռվի դաշտ վերադարձել, երկու անգամ կոնտուզիա է ստացել, 1994-ին ձեռքի ծանր բեկորային վնասվածք: Սակայն քրեական գործով չի կատարվել անգամ դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն: Ճառում փաստաբան Ալբերտ Թումանյանն անդրադարձել է իր պաշտպանյալի անցած ճանապարհին, սակայն դատարանը (այսօր արդեն՝ վաստակած հանգստի անցած դատավոր Մհեր Խաչատրյան) որևէ կերպ չի արձանագրել Սողոմոն Քոչարյանի վաստակը Արցախյան պատերազմում:
Անցած 20 տարիներին Սողոմոնը կորցրել է ընտանիքը. կինը մահացել է ծանր հիվանդությունից, 19-ամյա դուստրն, ով հորը 4 անգամ էր ընդամենը տեսել, ինքնասպանություն է գործել այս տարի: Սողոմոն Քոչարյանին դեղորայք ու սնունդ է հասցնում թոշակառու մայրը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամը 20-րդ տարին է, չի ստանում իրեն հասանելիք զինվորական թոշակը:
«Սողոմոնիս առողջությունը, հոգեկան վիճակը լավ չի: Վերջին ամիսներին ամեն անգամ էդ մերժման թղթերն են ուղարկում բանտ, կարդում ու շատ ա վատանում: Ի՞նչ կլինի, մի ուղարկեք էդ թղթերը: Դրա փոխարեն ձև մտածեք, դուրս բերեք, օգնեք նրան»,-կոչ արեց Սողոմոն Քոչարյանի մայրը:
«Հայաստանում գործում է Մուսոլինիի օրենքը». իրավապաշտպան
Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ամեն ինչ Հայաստանում, սկսած դեռ 1990-ականներից որոշվում է քաղաքական նպատակահարմարությամբ: «Չկա ցմահ դատապարտյալների գործերին անդրադառնալու քաղաքական որոշում, դա է պատճառը, որ նոր երևան հանգամանքներ են ի հայտ գալիս, բայց համակարգը չի գնում գործերի վերաբացման ճանապարհով: Հայաստանում գործում է Մուսոլինիի օրենքը՝ մեր ընկերներին ու բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Գործում է քաղաքական ընտրովի վերաբերմունք քաղաքացիների համար»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի կարծքով Սողոմոն Քոչարյանի գործով հերթական մերժումը կրկին ապացուցեց մեր դատաիրավական համակարգի սնանկ վիճակը: «1990-ականների իներցիայով հարցերի իրավական կողմը թողած՝ մտածում ենք միջազգային հարաբերությունների մասին, դա ցույց է տալիս ողորմելիությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել