
Հաղորդում հանցագործության մասին՝ Սողոմոն Քոչարյանի գործով
Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 20-րդ տարին բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի փաստաբան (Հայաստանի Հելսինկյան կոմիտե) Ռոբերտ Ռևազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Ռևազյանը խնդրել է հարուցել քրեական գործ և կատարել քննություն:
«Գտնում եմ՝ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հրապարակումները ի հայտ են բերել այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են Սողոմոն Քոչարյանի գործով դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կայացնելուն, որի մասին պաշտպանական կողմին հայտնի չեն եղել»,-նշել է Ռևազյանը Գևորգ Կոստանյանին հասցեագրված հաղորդման մեջ:
Ըստ փաստաբանի` մեղադրող դատախազի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
![]() |
Ռոբերտ Ռևազյան |
Փաստաբանը հաղորդման հիմքում դրել է «Հետքի» այս տարվա մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը, որտեղ մեջբերված է 1995 թ. մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի խոսքը:
Մասնավորապես՝ դատախազը 20 տարի անց բացահայտել է, որ Սողոմոն Քոչարյանին մահապատժի դատապարտելու պահանջը թելադրված է եղել Իրանի դեսպանի կողմից, իսկ ինքն անձամբ դեմ է եղել մահապատժի դատավճռին:
Դատախազ Խառատյանն իր ինքնակենսագրականում՝ «Դատախազը» վավերապատման մեջ նշել է, որ իրանական կողմի ճնշումների մասին տեղեկանալով՝ որոշել է զեկուցագիր գրել, հայտնել իր կարծիքը ու հեռանալ պաշտոնից: Ապա ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Ընդունարանում պարզվեց, որ պետք է սպասենք, քանի որ գլխավոր դատախազի մոտ Իրանի դեսպանն էր: Գլխավոր դատախազն (Արտավազդ Գևորգյան՝ 1990-97թթ. ՀՀ գլխավոր դատախազ-հեղ.), ով իմ դասախոսն էր եղել և ինքն էր ինձ նշանակել այդ պաշտոնում, չափավոր մտերմությամբ բացատրեց, որ այլընտրանք չկա. դեսպանը պատժի առավելագույն չափն է պահանջում, հակառակ դեպքում մեծ սկանդալ կբարձրացնի»,- գրել է Սողոմոնի գործով մեղադրող դատախազ Խառատյանը:
«Մենք ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին: Գլխավոր դատախազությունում պարտավոր են տասնօրյա ժամկետում որոշում կայացնել դրա վերաբերյալ: Գտնում ենք, որ առաջին հերթին այն ժամանակվա գլխավոր դատախազի կողմից է եղել միջամտություն: Էլ չեմ խոսում այլ երկրի դեսպանի միջամտության մասին: Ակնհայտ է, որ մեր պետության գլխավոր դատախազն էլ տրվել է այդ ճնշումներին: Հետևանքը եղել է այն, որ Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի»,-«Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Ռևազյանը:
Հիշեցնենք, որ օրերս փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Սողոմոն Քոչարյանի գործը նոր երևան եկած հանգամանքներով չվերաբացելու որոշման դեմ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել