HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20-րդ տարին ազատազրկված ազատամարտիկի փաստաբանը բողոք է ուղարկել վերադաս դատախազին

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 1995 թ.-ին մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը երեկ վերադաս դատախազին բողոք է ներկայացրել: Այս մասին «Հետքին» փոխանցեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռևազյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 17-ին գլխավոր դատախազությունից ստացել է գրություն, որի համաձայն, կարող են բողոք ներկայացնել վերադաս դատախազին:

«Մենք վերադաս դատախազին՝ մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետին, և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել ենք մեր բողոքը: Շեշտը դրել ենք այն հանգամանքի վրա, որ 1995 թ.-ին մեղադրող դատախազը համամիտ չի եղել Սողոմոն Քոչարյանին մահապատժի դատավճիռ տալուն: Ավելին՝ նա գտել է, որ 15 տարին բավարար է՝ նշելով, որ մարդը նաև ավանդ ունի հայրենիքին մատուցած: Այսինքն՝ դատախազի ասածը վկայում է անձի նվազ մեղավորության մասին, ինչի պահանջը դրված է նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգում սկսելու դրույթում: Բացի այդ, աննախադեպ է, երբ մեր գլխավոր դատախազության վրա ճնշում է գործադրվում: Է՛լ ավելի աննախադեպ է, երբ դա արվում է մեկ այլ պետության կողմից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Ռևազյանը:  

Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ նշված է. «Հիմք ընդունելով ԵԿԴ/0122/11/14 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ. օգոստոսի 25-ի որոշումը` պարզաբանում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` «Նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին» ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալի 2014 թ. մայիսի 31-ի որոշումը կարող եք բողոքարկել որոշումը կայացրած դատախազի վերադաս դատախազին»:

Նշենք, որ մայիսի 31-ի որոշումը կայացնելով՝ գլխավոր դատախազությունը չէր պարզաբանել, թե բողոքարկման ինչ մեխանիզմներ կան օրենքով նախատեսված, չէր նշել նաև ժամկետներ: Սողոմոն Քոչարյանի փաստաբանն էլ միանգամից բողոքարկել էր դատարան և ոչ վերադաս դատախազին:

Սա այն խախտումն էր, որի վերացման պարտավորություն էր դրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատարանի որոշման մեջ նշված էր, որ քանի դեռ Սողոմոն Քոչարյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության բոլոր մեխանիզմները սպառված չեն, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային մասին: 

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանն այս տարվա մայիսի 31-ին որոշում էր կայացրել «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ուղարկած հաղորդման վրա նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործով վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին

«Հետքը» վկայակոչել էր մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: Մոտ 20 տարի անց պարզվել է, որ գլխավոր դատախազության վրա քաղաքական ճնշում է եղել մեկ այլ պետության՝ Իրանի դեսպանի կողմից: Այսինքն՝ մեր հետախույզին, Արցախյան պատերազմի մասնակցին մահապատժի դատապարտելու պահանջը եղել է իրանական կողմից: Այս հիմքով «Հետքը» դիմել էր գլխավոր դատախազություն, որպեսզի նոր երևան եկած հանգամանքներով վերանայվի Սողոմոն Քոչարյանի քրեական գործը, սակայն մերժում է ստացել, ինչն էլ այժմ բողոքարկվում է վերադաս դատախազին:

«Դրական պատասխան, այսինքն՝ նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործի վերաբացման հնարավորություն չստանալու դեպքում, մենք նորից կբողոքարկենք դատարան: Այս անգամ արդեն դատարանը չի կարող չանդրադառնալ բողոքի բովանդակային կողմին»,- ասաց փաստաբանը:

Հ.Գ. Սողոմոն Քոչարյանը արդեն երրորդ օրը հացադուլի մեջ է. մյուս ցմահ դատապարտյալների հետ պահանջում է պատժաչափերի վերանայում: Այս մասին «Հետքին» փոխանցեց նրա քույրը՝ Անժելա Քոչարյանը: «Ճի՛շտ է, ես դեմ եմ հացադուլին, որովհետև էդ վատ պայմաններում իրենք իրենց առողջությունն են վնասում: Իսկ պետական մարմիններում ուղղակի լռում են: Սողոմոնը լուրջ հիվանդ է` սիրտը, ստամոքսը: Մենք միշտ դեղեր ենք տանում իրեն: Բայց նրանք էլ պայքարելու միջոց չեն տեսնում: Մենք սովորական ենք արտասանում 20 տարի փակի տակ, բայց նրանք ամեն օրը գոյատևում են այնտեղ»,- ասաց Սողոմոն Քոչարյանի քույրը` կոչ անելով իշխանությանը գոնե ինչ-որ ճանապարհ գտնել ու լուծել խնդիրը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter