
19 տարի առաջ բանտարկված ազատամարտիկի դատավճիռը չի բեկանվի
19 տարի առաջ ՀՀ Գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված (2003թ.-ից ցմահ ազատազրկում) Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի 1995թ. դատավճիռը չի բեկանվի, այդ գործով նոր քննություն չի սկսվի: Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Նույն կառույցի Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանը որոշում է կայացրել «Հետաքննող լրագրողների» ուղարկած հաղորդման վրա նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործով վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին:
«Հետքի» 2014թ. մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Գերագույն դատարանում 1995թ. մեղադրանքը պաշտպանած նախկին դատախազ Ժիրայր Խառատյանի բացահայտմանը: Ըստ այդմ, «Դատախազը» վավերապատման մեջ (լույս է տեսել այս տարի), 141-143 էջերում «Լոռու մարզ» թերթում 2014թ. մարտի 14-ին հրապարակված հարցազրույցում մեղադրանքը ՀՀ Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Խառատյանը պատմել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ, ԻԻՀ քաղաքացի, իրանահպատակ ադրբեջանցի Իրաջ Փուր Միրզա Բեկի սպանության մեջ մեղադրված Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռին նախորդած դեպքերի մասին:
Մասնավորապես՝ դատախազ Ժիրայր Խառատյանը նշել է, որ 1995-ին մահապատժի դատավճռից առաջ եղել է ՀՀ գլխավոր դատախազի մոտ (Արտավազդ Գևորգյան՝ 1990-97թթ. ՀՀ գլխավոր դատախազ-հեղ.):
«Ընդունարանում պարզվեց, որ պետք է սպասենք, քանի որ գլխավոր դատախազի մոտ Իրանի դեսպանն էր: Գլխավոր դատախազն, ով իմ դասախոսն էր եղել, և ինքն էր ինձ նշանակել այդ պաշտոնում, չափազանց մտերմությամբ բացատրեց, որ այլընտրանք չկա, դեսպանը պատժի առավելագույն չափն է պահանջում, հակառակ դեպքում մեծ սկանդալ կբարձրացնի»,- իր հարցազրույցում նշել է դատախազ Խառատյանը:
Այլ կերպ ասած՝ դատախազ Խառատյանը բարձրաձայնել է մի հանգամանքի մասին, որը 19 տարի առաջ անհայտ է եղել, իսկ այժմ այդ ինֆորմացիան հաստատում է, որ ՀՀ գլխավոր դատախազության վրա քաղաքական ճնշում է գործադրվել մեկ այլ պետության՝ Իրանի կողմից (Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա սպանվել էր Իրանի քաղաքացի, ադրբեջանցի վարորդ):
Մասնագետների հետ խորհրդակցելով` պարզեցինք, որ 19 տարի անց ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք մահապատժի դատապարտված (2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով` ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի գործում: Իրավաբան Արա Ղազարյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող դատախազի՝ 19 տարի անց հայտնած ինֆորմացիան քաղաքական ճնշման մասին կարող է նոր երևան եկած հանգամանք լինել, և հնարավոր է` այդ հիմքով բեկանվի 1995թ. ՀՀ Գերագույն դատարանի կայացրած դատավճիռը:
«Հետքը» դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի նոր երևան եկած հանգամանքի հիմքով քրեական գործի վերաբացման գործընթաց նախաձեռնվի, գոնե այդպես հնարավորություն տրվի Ղարաբաղյան պատերազմով անցած, այսօր արդեն գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզին վերադառնալ ազատություն:
Գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել է՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3 հոդվածի 1-ին մասի հիմքերը, ըստ որոնց դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին չի դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք:
«Ինչպես գործող, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի, վերապահում են դատարանի՝ որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,-ասված է գլխավոր դատախազության մերժման որոշման մեջ:
Հարցի շուրջ «Հետքը» փորձել է լսել նաև Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռն արձակած դատավոր Մհեր Խաչատրյանին, ով այսօր վաստակած հանգստի է անցել: Մեզ հետ հեռախոսազրույցում նախկին դատավորն ասաց, որ վատառողջ է և հրաժարվեց հարցազրույցից:
Սողոմոն Քոչարյանի գործով վարույթի հնարավոր նորոգման վերաբերյալ մեր հրապարակմանը արձագանքել է նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Այժմ փաստաբաններն ուսումնասիրում են գործի նյութերը: Չի բացառվում, որ «Հետաքննող լրագրողները» ՀԿ-ն գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկի դատարանում:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել