HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վթարված վերելակում տեխնիկական թերություն չի հայտնաբերվել. տուժածը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վթարված վերելակի քննությունը իրականացնող հանձնաժողովը, ուսումնասիրելով դժբախտ պատահարի տեղանքը, զրուցելով ականատեսների հետ, վերելակում տեխնիկական թերություն չի հայտնաբերել: ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կառուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ դեպքի հենց հաջորդ օրը մասնագետները կատարել են տեխնիկական վիճակի գնահատում:

Ամփոփելով փորձաքննության արդյունքները, Լ. Հովհաննիսյանը նշում է, որ խափանվել էր ռելեի շղթան, ինչի արդյունքում վերելակը ներքև է շարժվել բաց դռներով: Տեղի ունեցածը, սակայն, Լ. Հովհաննիսյանը որակում է ոչ թե անսարքություն, այլ «խափանում»: Նրա խոսքով` վերելակը «իրավունք չուներ» բաց դռներով շարժվել, քանի որ ռելեի շղթան, որը պատասխանատու է դռների՝ փակ վիճակում աշխատանքի համար, անսարք չի եղել:

Ինչո՞ւ է այդ դեպքում խափանվել ռելեի շղթան, եթե անսարք չի եղել, բաժնի պետը հստակ ասել չկարողացավ, կարծում է՝ հնարավոր է և խոնավությունից, և մեքենայական սրահի և հորանի ոչ նորմալ ջերմային ռեժիմից։

«Ասել, որ այդ ռելեն անսարք է, միանշանակ հանձնաժողովը չի կարող և իրավունք էլ չունի, քանի որ նրանք վերելակը սարքին վիճակում ենք տեսել: Ոչ մի սխալ տեխնիկական սպասարկում, թերություն չենք տեսել,  որը կբերեր այդ ռելեի շղթայի չգործելուն։ Այդ պատճառով չենք կարող ասել, որ վերելակի անսարքության պատճառ է հանդիսացել տեխնիկական ոչ պաշաճ ապահովումը»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝  ժամը 09:50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել են 1954թ. ծնված Ռ.Դ.-ի ստորին վերջույթները։ Կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կնոջ առողջական վիճակը դեռևս մնում է ծանր, սակայն դրական տեղաշարժ գրանցվել է։

«Նա դեռևս արհեստական շնչառության սարքի տակ  է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այս հանգամանքները իրենց մեջ պարունակում են կյանքին սպառնացող վտանգներ։ Բազմաթիվ կողեր է կոտրված և թոքի սալջարդ ունի, որոնք լուրջ վնասվածքներ են։ Սակայն որոշ դրական փոփոխություն կա նրա առողջական վիճակում, մասնավորապես՝ գիտակցությունը նորմալ է, ոտքի վիճակը լավ է»,-նշում է Միքայել Մանուկյանը:

Տնօրենի խոսքով` թոքերը բուժվելու և արհեստական շնչառության սարքը անջատելու դեպքում միայն հնարավոր է հիվանդի վիճակը գնահատել բավարար:

Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի սպասարկումն իրականացնում է «Արգիշտի» համատիրությունը: Մեզ հետ զրույցում համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանը հայտնեց, որ դեպքից հետո իրենց զգուշացրել են՝ հսկողությունը ուժեղացնել։ Շ. Քալանթարյանը կարծում է, որ բնակիչների հետ ևս պետք է աշխատանք տարվի, որպեսզի վերելակը «նորմալ շահագործեն»: Ըստ Քալանթարյանի՝ վերելակը նորմալ վիճակում է, սակայն դեռևս չեն միացնում՝ սպասելով քննության ավարտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter