Զինհաշմանդամների բացիկների վաճառքից հավաքվել է մոտ 4 մլն դրամ
Զինհաշմանդամների պատրաստած մարտի 8-յան տոնական բացիկների վաճառքից հավաքվել է մոտ 4 մլն դրամ։
Նախաձեռնության կազմակերպիչ Հայկուհի Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր առմամբ վաճառել են մոտ 700 բացիկ, որից 325-ը պատվիրել է պաշտպանության նախարարությունը, 50-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 35-ը՝ նախագահի աշխատակազմը։
Հայկուհու փոխանցմամբ՝ նախաձեռնող խումբը չէր ակնկալում, որ տոնական բացիկների վաճառքից այդքան գումար կահավաքվի և նախաձեռնությունը նման արձագանք կունենա։ Հայկուհին նշում է, որ գումարի մեծ մասը հավաքվել է մարտի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպված համերգի ժամանակ կազմակերպված վաճառքից: Ընդհանուր առմամբ, այդ օրը վաճառվել է 1.805.000 դրամի բացիկ։
Քանի որ բացիկների վաճառքը կազմակերպվում էր զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման համար և, նախնական հաշվարկներով, դրա համար անհրաժեշտ է ամենաքիչը 40 մլն դրամ, իսկ իրենց ունեցածը դեռ 4 մլն է, ծրագիրը շարունակական կլինի։
Մարտի 25-ին մշակույթի նախարարության ևս մեկ միջոցառման ժամանակ, նախարար Արմեն Ամիրյանի առաջարկով, կրկին կվաճառվեն այդ բացիկները։
Հիշեցնենք, որ «Աջակցություն զինվորական հաշմանդամներին և զինվորներին» ծրագրի շրջանակներում զինհաշմանդամները պատրաստում էին մարտի 8-յան տոնական բացիկներ։ Այդ բացիկները նրանք գունազարդում և «շտրիխավորում» էին, իսկ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները՝ «ամբողջացնում»։
Բացիկները նախնական պատվիրել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Երևանի ծաղկի սրահներից մեկը, սակայն հետագայում դրանք ձեռք բերելու պատրաստակամություն հայտնեցին նաև այլ պետական կառույցներ և արվեստագետներ։
Նախաձեռնությանը միացել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ այդ մասին «Ֆեյսբուք»-յան իր էջում գրառում կատարելով նաև օգտատերերին կոչ էր արել ՝ աջակցել այս նախաձեռնությանը։
Մեկնաբանել