HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարց կառավարությանը. ինչո՞ւ է դադարեցվել Վարդենիս գյուղի դպրոցի կառուցումը

Ապարանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Վարդենիս գյուղի դպրոցի շենքը 1988-ի երկրաշարժից հետո վթարային է դարձել: Մասնագետները վթարայնության 4-րդ կարգ են տվել դպրոցին, սակայն մինչ օրս երեխաները հաճախում են վթարային դպրոց: Շենքի նկուղում գարնան հալոցքի ժամանակ ջուր է հավաքվում, պատուհանները կոտրտված են, ձմռան խստաշունչ օրերին երեխաները ցրտահարված են տուն գնում: Համայնքապետ Կամո Պետրոսյանը լրջորեն մտահոգվում է դպրոցում սովորող երեխաների ապագայով` նշելով, որ ձմռան այդ ցրտի պատճառով աղջիկները առողջական խնդիրներ են ունենում, երբ հարս են գնում:

«Բա էնտեղի հարսը երեխա կունենա՞»,- կատակով  նշում են վարդենիսցիները: Շահագործման օրվանից դպրոցի շենքը չի վերանորոգվել:

Ի վերջո, այս տարվա սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով անցկացված Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները` «Սպիտակ կամար» ՍՊԸ-ին 430 մլն 662 հազար 120 դրամ պայմանագրային արժեքներով մրցույթի հաղթող ճանաչելով։ «Սպիտակ կամար» ընկերությունը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին:

Նույն նիստում և նույն ծրագրով, Վարդենիսի դպրոցին զուգահեռ, հաստատվել էր Կոտայքի մարզի Քասախի N2 դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները` 428 մլն 572 հազար 676 դրամի չափով: Քասախում վաղուց շինարարությունն ընթանում է, իսկ Վարդենիսում այն սկսվել էր, բայց դադարեցվել է:

Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանն ու դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը անհանգիստ են: Գյուղապետը նոր դպրոցի կառուցման համար հող է հատկացրել, նախագծանախահաշվարկային աշխատանքներն արված էր, տեխնիկան մտել, սկսել էր աշխատանքներ իրականացնել, շենքի հիմքերը փորվել են: Սակայն շինարարներն այնուհետև թողել ու հեռացել են` առանց բացատրելու, թե ինչու են ընդհատում շինարարական աշխատանքները:

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ քաղաքաշինության նախարարին` խնդրելով տեղեկացնել, թե ե՞րբ է սկսվելու Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունը և ե՞րբ է ավարտվելու: Այս հարցը ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղել էինք դեռևս նոյեմբերի 23-ին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը բանավոր տեղեկացրել էր, որ պատասխանելու են 15-օրյա ժամկետում, քանի որ լրացուցիչ աշխատանքներ են կատարելու: Սակայն միայն 22 օր անց ստացանք անհասկանալի մի պատասխան, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները կատարելու համար 2011 թվականի օգոստոսի 5-ին «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի հետ կնքել է թիվ ԲԸՀԱՇՁԲ-11/7 պետական գնման պայմանագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 430 662 120 ՀՀ դրամ: Վերոնշյալ դպրոցի հիմանորոգման նպատակով ֆինանսավորումը չի իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն»:

Նախարարությունն, ըստ էության, անպատասխան է թողել մեր հարցը` չնշելով, թե երբ է սկսվելու և ավարտվելու դպրոցի կառուցումը: Պատասխանից հասկանալի չէ նաև, թե ընդհանրապես կառուցվելու՞ է Վարդենիս գյուղի դպրոցը, թե՞ ոչ: Ավելին, «կառավարության քաղաքականությունն ուղղված է շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն» հիմնավորումը առնվազն տարօրինակ է, քանի որ Քասախի դպրոցի կառուցումն արդեն ընթանում է: Նորից ենք հարց ուղղում կառավարությանը, մասնավորապես` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին. ինչո՞ւ են դադարեցվել Վարդենիս համայնքի դպրոցի կառուցման աշխատանքները, ե՞րբ է սկսվելու շինարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter