HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տաշիրի խոշորացումից շահել են փոքր գյուղական բնակավայրերը

Վերջին տարիների գորշությունը թոթափած Տաշիր քաղաքի «հմայիչ» կերպարանափոխությունն ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունի: Կենտրոնական այգին, նորակառույց շինությունները, քաղաքի անձնագիրը համարվող փողոցում գտնվող մասնավոր տների միանման ցանկապատերը, խնամված գազոնները, աչքի զարնող մաքրությունը մի պահ հետին պլան են մղում բնակավայրում առկա լուծման կարոտ որոշ խնդիրներ: «Շատ չեն այդ պրոբլեմները, բայց կան, հատկապես խոշորացումից հետո»,- խոստովանում է խոշորացված Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը:

Լոռու մարզի  Տաշիրի՝ նախկին Կալինինոյի տարածաշրջանը խորհրդային տարիներին գործող սկզբունքով (որպես շրջկենտրոն-հեղ.) վերականգնելու կառավարության մտադրությունը չհաջողեց միմիայն գյուղական համայնքների ղեկավարների ընդդիմության պատճառով: «Ես մշտապես դեմ եմ եղել խոշորացման ծրագրին,-ասում է Տաշիր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնառատի նախկին գյուղապետ, ներկայում վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանը,-խոշորացվող համայնքների համայնքապետերի հետ մի քանի հանդիպում են ունեցել թե մարզպետարանի, թե տարածքային նախարարության ներկայացուցիչները: Երկու մոդել էին առաջարկում, ու դրանք վերաբերում էին միայն խոշորացմանը՝ բացարձակ խոսք չկար ծրագիրը չեղարկելու մասին: Մեզ ասին` մեկ է՝ խոշորացնելու ենք, եթե չեք ուզում նախկին շրջկենտրոնի մոդելով, ուրեմն գյուղապետերով համաձայնության եկեք, թե ով ում է ուզում միանալ»:

Կաթնառատի վարչական ղեկավարի կարծիքով` գյուղական համայնքները քաղաքին միացնելը ճիշտ որոշում չէր՝ պետք էր փունջը ձեւավորել գյուղական համայնքներից: Զրուցակցիս համոզմամբ, նույնատիպ խնդիրները միավորում են համայնքներին՝ գյուղերն այլ հոգսեր ունեն, զարգացման այլ ծրագրեր են պետք, քաղաքն իր հոգսերն ունի, ներդրումային այլ քաղաքականություն է վարում: Կաթնառատ գյուղն ունի 942 բնակիչ, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Նախկինում համայնքի բյուջեն կազմել է 22 մլն դրամ, որից 16 մլն-ը պետական դոտացիան էր: Սեփական ուժերով կարողացել են իրականացնել միայն փոքր ծրագրեր: Համայնքի խոշորացումից հետո անցած 11 ամիսների ընթացքում դեռեւս որեւէ էական նշանակության ծրագիր համայնքում չի իրականացվել: Կաթնառատցիները երազում են բարեկարգված տեսնել Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ 16 կմ միջպետական ճանապարհը:

Տաշիր կենտրոնով փնջի խոշորացման մոդելը, որ ի սկզբանե առաջարկվել էր (Տաշիրին պետք է միանար 19 գյուղ եւ 4 բնակավայր-հեղ.), քննարկումների արդյունքում մերժվեց համայնքապետերի կողմից եւ 2017թ. նոյեմբերին ձեւավորվեցին երեք՝ Տաշիր, Մեծավան եւ Սարչապետ փնջերը նույնանուն կենտրոններով: Տաշիր խոշորացված համայնքի կազմում ընդգրկվեց 8 գյուղ եւ 3 բնակավայր՝ Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ (Նորահովիտ բնակավայրով), Մեդովկա (Կռուգլայա շիշկա բնակավայրով), Նովոսելցովո, Սարատովկա (Գետավան բնակավայրով):

Բլագոդարնոյե գյուղի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը գոհ է խոշորացումից: Նրա համոզմամբ, այս ծրագրից հիմնականում շահել են փոքր բյուջե ու հնարավորություններ ունեցող համայնքները: Աշոտ Ավետիսյանը Բլագոդարնոյե գյուղը ղեկավարել է 2014-ից: «Փոքր գյուղ է Բլագոդարնոյեն՝ ընդամենը 63 տնտեսություն (281 բնակիչ) ունի: Բյուջեն եղել է 8 մլն դրամ, որից  3,5 մլն դրամը պետական դոտացիան էր: Բյուջեի հիմնական մասը ծախսվում էր աշխատավարձի եւ սոցիալական օգնությունների վրա, շատ քիչ գումար էր մնում որեւէ ծրագիր սեփական ուժերով իրականացնելու համար»,-ասում է Աշոտ Ավետիսյանը՝ շեշտելով, որ խոշորացումից անմիջապես հետո առաջին մեծ ծրագիրը՝ խմելու ջրի անցկացումը, հենց իրենց գյուղում է իրականացվելու:

«Հետք»-ն անդրադարձել է Բլագոդարնոյե գյուղի խմելու ջրի ցանցի բացակայությանն ու բնակիչների դժգոհությանը: Տարիներ շարունակ բարձրաձայնված հարցի լուծումը տրվել է ընդամենը վերջերս` Տաշիր համայնքի խոշորացումից 10 ամիս անց:

«Համայնքների միավորումից հետո հարկ եղավ դասակարգել գյուղերի պրոբլեմները, որոնք որ առավել կարեւոր էին՝ մղվեցին առաջին պլան,-ասում է Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը,-խոշոր ծրագրերի առումով սկսել ենք Բլագոդարնոյե գյուղից, որը երբեք խմելու ջրի նորմալ ցանց չի ունեցել: Կենցաղի համար օգտագործվող ջուրը վերցրել են գետից, խմելու ջուրը տարաներով բերել են Տաշիրից: Սա գլոբալ հարց էր, որ պետք է անմիջապես լուծում ստանար: Մենք դիմեցինք կառավարությանը, մարզային իշխանություններին եւ հրատապ ծրագրերի շրջանակում արդեն 20 մլն դրամ են հատկացրել, հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերն են կազմվում, որից հետո կլինի մրցույթ: Եթե գումարը չհերիքի, ապա համայնքը պատրաստ է բյուջեից հատկացումներ կատարել: Մինչեւ տարեվերջ հարցը կլուծվի՝ 6-7 կմ խողովակաշար կքաշվի, կարգավորիչ ջրամբար եւ քլորակայան կկառուցվի»:

Տաշիր խոշորացված համայնքի բյուջեն 330 մլն դրամ է, որի 60 տոկոսը ծախսվում է համայնքապետարանի ու համայնքային ենթակայության կառույցներում աշխատողների (ընդհանուր` 180 աշխատակից, քաղաքապետարանի աշխատակազմը` 30 հոգի-հեղ.) աշխատավարձի վրա: Համայնքի ղեկավարը շեշտում է, որ 11 հազար բնակիչ ունեցող Տաշիր քաղաքում 3 մանկապարտեզ են պահում, ունեն արվեստի ու սպորտդպրոցներ: Խոշորացումից հետո համայնքային ենթակայության մանկապարտեզների թիվն ավելացել է մեկով: 8 գյուղից ամենամեծում՝ Լեռնահովիտում, որն ունի 1700 բնակիչ, մանկապարտեզ է գործում:

Տաշիր համայնքի ավագանու անդամ Էդուարդ Սողոյանը համայնքի անցած մեկ տարվա աշխատանքը գնահատելիս չի մոռանում բարեգործական «Տաշիր» հիմնադրամի կատարած աշխատանքները Տաշիր քաղաքում, որի արդյունքում որոշակիորեն թեթեւացել է իրենց հոգսը: «Բոլորս էլ հասկանում ենք, որ միացված գյուղերն ունեն բազմաթիվ պրոբլեմներ՝ համեմատած Տաշիրի հետ: Բնականաբար, աշխատում ենք բյուջեի գումարներն էլ ուղղել հենց գյուղերին»:

Անցած 11 ամիսների ընթացքում Տաշիրի ավագանու 3 արտագնա նիստ է գումարվել համայնքին միացված գյուղական բնակավայրերում: Էդուարդ Սողոյանի փոխանցմամբ, դա հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել տվյալ բնակավայրը, տեղում հանդիպել բնակիչներին ու լսել խնդիրների մասին: Ի դեպ, Տաշիրի ավագանու նիստերը նաեւ հեռարձակվում են յութուբյան ալիքով: Համայնքապետարանի առաջին հարկում տեղադրված էկրանի միջոցով բնակիչները կարող են հետեւել նիստի ընթացքին, իսկ նիստից հետո իրենց անհանգստացնող խնդիրներով դիմել ավագանու անդամներին:

Ավագանու 15 անդամներից 4-ն ընտրվել են գյուղական բնակավայրերից: Էդգար Արշակյանն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր առաջադրել են իրենց թեկնածությունը ոչ Տաշիրից՝ ընտրվել են: Ավագանու երկու կին անդամ կա, նրանցից մեկը՝ Հայկանուշ Ռեւազյանը, Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Առաջին անգամ է ընտրվել ավագանու անդամ:

«Ես ինքս դեմ էի խոշորացման ծրագրին, բայց որ գործընթացը սկսվել էր, պետք էր գոնե այնպես անել, որ խնդիրները տեղ հասցնող ունենայինք,-անկեղծանում է տիկին Ռեւազյանը,-ինձ գյուղում առաջարկեցին առաջադրվել ավագանու թեկնածու, եւ հիմա, երբ ընտրվել եմ, հասկանում եմ, որ վարչական աշխատողը չպետք է զուգահեռ նման պատասխանատու գործով զբաղվի, թեկուզ եւ հասարակական: Ավագանու անդամի գործը շատ պատասխանատու է: Պիտի լավ տիրապետես համայնքներում առկա պրոբլեմներին, որ ներկայացվող ծրագրերի հետ կապված էլ ճիշտ դիրքորոշում ունենաս: Ժամանակ պիտի տրամադրես բոլոր բնակավայրերն ուսումնասիրելու համար»:

Հայկանուշ Ռեւազյանը հույս ունի, որ գոնե խոշորացումից հետո կլուծվի Կաթնառատում դպրոցի շենքի կառուցման հարցը եւ կհիմնանորոգվի Տաշիր-Կաթնառատ 16 կմ անբարեկարգ ճանապարհը: Տաշիրի ղեկավար Էդգար Արշակյանը բնական է համարում գյուղերից յուրաքանչյուրի սպասումները ծրագրերի իրականացման առաջնահերթության առնչությամբ, սակայն չեն կարող միաժամանակ բոլոր բնակավայրերում մեծածավալ աշխատանքներ սկսել:

Նա թվարկում է խոշորացումից հետո բնակավայրերում իրականացրած, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը: Տաշիրը Կաթնառատին, Բլագոդարնոյեին եւ Մեղվահովտին կապող 16 կմ անբարեկարգ ճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ նշում է, որ 10 կմ-ը միջպետական նշանակության ճանապարհ է եւ համայնքային բյուջեից հարթեցումների համար գումարներ տրամադրելով հարցը չի լուծվի, կառավարության աջակցությունն է անհրաժեշտ: Փնջում ընդգրկված գյուղական բնակավայրերի մի մասը, որ ընդհանրապես զուրկ են եղել գիշերային լուսավորության ցանցից, օրինակ` Նովոսելցովոն եւ Դաշտադեմը, այժմ զինված են լուսատուների բավարար քանակով: Այն բնակավայրերում, որտեղ թերի է արված, լրացրել են՝ նոր հենասյուներ ու լուսավորության կետեր ավելացնելով:

Դաշտադեմում անձրեւառատ տարիներին սարերից եկող սելավը լցվում է գյուղի փողոցները: Մտածում են որեւէ կերպ կարգավորել այս խնդիրը` հավելյալ սելավատարներ կառուցելով: Լեռնահովտում ջրի մատակարարման պրոբլեմ ունեն: Լեռնահովիտցիները ջուրը ստանում են պոմպի միջոցով: Էլեկտրաէներգիայի համար ամեն ամիս բյուջեից մոտ 400 հազար դրամ են հատկացնում: Համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ներառել են այս խնդիրը, որպեսզի ապագայում լուծեն ինքնահոս ջրամատակարարման հարցը: Սարատովկա գյուղի արոտներում խմոցներ են տեղադրել անասունի համար, լուծել են գյուղի լուսավորության հարցը, մաքրել լճերը սնուցող ուղիները:

Բնակավայրերից Կռուգլայա շիշկա մտնող գլխավոր ճանապարհը`մոտ 600 գծամետր, ունի հիմնանորոգման կարիք: Մեղվահովիտ գյուղի կազմում ընդգրկված Նորամուտ բնակավայրում 4 ընտանիք է ապրում եւ խմելու ջրի խնդիր ունեն: «Մի քանի հարյուր մետր խողովակի հարց է, պետք է լուծենք, որ մարդիկ ջուր ունենան»,-ասում է Էդգար Արշակյանը:

Տաշիր քաղաքը 2016թ. արժանացել է «Մաքուր համայնք» տիտղոսին: «Կարելի է ասել` մեզ մոտ իդեալականին մոտ մաքրություն է: Նախ` ժամանակին աղբը տարվում է, հետո էլ մարդիկ աղբը փողոց չեն նետում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի վարորդի քաղաքապետը տուգանեց թղթե արկղը փողոց շպրտելու համար»,-ասում է ավագանու անդամ Էդուարդ Սողոյանը: «Հենց հիմա 100 հազար դրամի տուգանք կա, որ գնալու է ԴԱՀԿ, աղտոտելու համար վարչական պատասխանատվության ենք ենթարկել անձին»,-նկատում է համայնքի ղեկավարը:

Խոշորացումից հետո աղբահանություն կազմակերպվում է նաեւ գյուղական համայնքներում, ինչը նախկինում չի եղել: Աղբատար մեքենան շաբաթը երկու անգամ լինում է բնակավայրերում: Առայժմ շրջիկ տարբերակից են օգտվում, մինչեւ կարողանան գյուղերում եւս աղբամաններ տեղադրել: «Տարածքային զարգացման հիմնադրամին ծրագիր ենք ներկայացրել 4 միավոր տեխնիկայի, այդ թվում նաեւ մեկ աղբատար մեքենայի ու 40 աղբաման ձեռք բերելու համար,-ասում է Էդգար Արշակյանը,-աղբամանները տեղադրելու ենք գյուղերում, որ մեքենան էլ չշրջի թաղերով, կոնկրետ մեկ-երկու տեղ կլինի, էդտեղից կտանի աղբը»:

Խնդիրների մասին խոսելիս Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարը նշում է մոտ 200 մլն դրամ ապառքի մասին, որ «ժառանգություն» է ստացել գյուղերում տարիներով կուտակված հողի չվճարված հարկ ու տուրքից: Այս խնդրին եւս «Հետքն» անդրադարձել է: Էդգար Արշակյանն ասում է, որ ներկայում կարողացել են մոտ 73 հողակտորի պատկանելության հարցը լուծել: «Եթե գոնե առաջիկայում կարողանանք ապառքի կեսն էլ հավաքել, բավական գումար կլինի, ու ինչ որ հարց կլուծենք գյուղերում»,-նկատում է զրուցակիցս:

Խոսելով համայնքների խոշորացման դրական ու բացասական կողմերից` Տաշիրի ղեկավաը խոստովանում է, որ ինքը դեմ է եղել՝ հաշվի առնելով այն բեռը, որ ավելանալու է գյուղերի միացման դեպքում: «Խոշորացման սկզբունքը ճիշտ է, երբ միավորման նպատակը թույլ համայնքների զարգացումն է: Բայց եթե միավորվում են համայնքներ, որոնց կենտրոնում բացակայում են ենթակառուցվածքներն ու իրենք էլի գալիս են Տաշիր, որովհետեւ իրենց կենտրոնը զուրկ է դրանից, էլ ո՞րն էր խոշորացման իմաստը: Իսկ կոնկրետ մեր պարագայում ես դեմ էի, որովհետեւ գիտեի, թե ինչ ծանրաբեռնվածություն է սպասվում. խնդիրներն ավելանալու էին, գումարները՝ ոչ»:

Խոշորացումից հետո գյուղերում հաստիքների կրճատումներ եղան, սակայն ներկայում մոտ 16 հազար բնակչի սպասարկելու համար քաղաքապետարանում հավելյալ հաստիքների կարիք կա՝ ունեն թափուր աշխատատեղեր, որ չեն կարողանում լրացնել: Համայնքապետարանի ճարտարագիտության, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժինն ամենածանրաբեռնվածն է, ունի 5 աշխատակից, եւս երկու աշխատակցի կարիք կա, սակայն արդեն մեկ տարի է չեն կարողանում թափուր տեղերը լրացնել: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ, առաջատար մասնագետի 50 հազար դրամ աշխատավարձը հրապուրիչ չէ: Համայնքապետարանը չունի նաեւ իրավաբան:   

Հավելյալ խնդիրների ցանկում է անասնաբույժների աշխատավարձի հարցը, որ անցած տարի բյուջեում չէր ներառվել: Տաշիրի համայնքապետարանի ճարտարագիտության, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժնի պետ Սլավիկ Անախասյանն ասում է, որ բյուջեն կազմել-հաստատելուց հետո է պրոբլեմն առաջացել: «Մենք պետք է 6 անասնաբույժի ընդունենք աշխատանքի, որ այս պահին չենք կարող: Բյուջեն ու հաստիքացուցակն անցած տարի հաստատելիս մենք դեռ չգիտեինք, որ պիտի անասնաբույժներին էլ վերցնենք աշխատանքի: Հիմա էս եկող տարվա բյուջեն կազմելիս պիտի փորձենք հարցը լուծել»,-ասում է Սլավիկ Անախասյանը:

Այս տարի Տաշիրում համանուն բարեգործական հիմնադրամի միջոցներով ընթացող աշխատանքներին զուգահեռ (նորացվում է քաղաքի գիշերային լուսավորության ցանցը) համայնքապետարանը փորձում է որոշ ծրագրեր իրականացնել սեփական միջոցների հաշվին՝ կառավարության համաֆինանսավորմամբ: Էդգար Արշակյանի փոխանցմամբ, բազմաբնակարանների տանիքների նորոգման համար 21 մլն դրամի սոցիալական ծրագիր են ներկայացրել կառավարությանը, որի 60 տոկոսը ներդրվելու է համայնքային բյուջեից:

«Եվ, իհարկե, մեզ համար ամենակարեւոր՝ հեռագնա արոտների բարելավման ծրագիրն է, որ աշխատելու ենք ամբողջությամբ իրականացնել,-ասում է համայնքապետը,- Տաշիրն անասնապահական շրջան է, այստեղ ունենք բազմաթիվ ֆերմերներ, մարդիկ մտածում են ընդլայնվելու մասին, այնպես որ հեռագնա արոտներ տանող ճանապարհների, խմոցների եւ մնացած բաղադրիչների կազմակերպումը համայնքի համար ամենահրատապն է»:

Գլխավոր լուսանկարում Տաշիր քաղաքի նորակառույց մշակույթի տունն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter