HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկը 19-րդ տարին բանտում է պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար (Մաս 2-րդ)

Սկիզբը 

1995 թ-ին կայացված դատավճռում, որով Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի, որևէ հիշատակում չկա այն մասին, որ նա ազատամարտիկ է եղել, կամավոր մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, մի շարք բնակավայրերի ազատագրմանը: 

Այսպես՝ 1966 թ-ին ծնված, «Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Սողոմոն Քոչարյանը ծնվել է Բաքվում, Սումգայիթյան ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է Գորիս, մասնակցել է Շուռնուխի,Կոռնիձորի, Հորադիզի, Քարվաճառի, Միրքենդի, Ջեբրայիլի մարտերին,  Կուբաթլու-Լաչին օպերացիայում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած նորից կռվի դաշտ վերադարձել, երկու անգամ կանտուզիա է ստացել, 1994-ին ձեռքի ծանր բեկորային վնասվածք:  Այս ամենի մասին քրեական գործում հիշատակումներ էր արել հասարակական պաշտպան, գրող-հրապարակախոս, «Կալանավորված ազատամարտիկների պաշտպանության խորհրդի» նախագահ Մառլենա Ավդալյանը, կեղծանունը՝ Վանե (Երկար փորձեցի գտնել Մառլենա Ավդալյանին, սակայն անգամ ՀՀ ընտրողների ցուցակում նրա անունը բացակայում էր. Սա նշանակում է, որ նա կամ հանրապետությունում չէ, կամ մահացել է-հեղ.): Իր ճառում նաև փաստաբան Ալբերտ Թումանյանն է անդրադարձել իր պաշտպանյալի անցած ճանապարհին, սակայն դատարանը որևէ կերպ չի արձանագրել Սողոմոն Քոչարյանի վաստակը Ղարաբաղյան պատերազմում: 

Պատերազմի ժամանակ երկու անգամ կանտուզիա տարած Սողոմոն Քոչարյանի հոգեբանական վիճակը չի դարձել քննության նյութ նախաքննության ու դատարանի համար. չի կատարվել դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն: Մինչդեռ գիտությանը հայտնի է «Վիետնամական սինդրոմը», երբ պատերազմի մասնակիցները հրադադարի կամ խաղաղ պայմաններում դեռ երկար ժամանակ կարող են ապրել պատերազմի օրենքներով: 

Մի շարք վկաների ցուցմունքներում հիշատակված է, որ Սողոմոնը ոչինչ չուներ, ապրում էր նյութական ծանր պայմաններում, որ տոկոսով փող էր վերցրել ու չէր կարողանում վճարել տոկոսները: Փոխարենը խնամքին երկու անչափահաս երեխաներն էին, կինը ու մայրը: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է եղել դատապարտման պահին: Սակայն Սողոմոնի մոր փոխանցմամբ, 18 տարի շարունակ չի ստացել հաշմանդամության թոշակը:

Ո՞վ է դառնում 1995 թ-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա՝ Թասի լեռնացքում պարսկահպատակ Իրանի քաղաքացի Միրզա-Բեկի իրավահաջորդի ներկայացուցիչ: Տուժողի օրինական իրավահաջորդ է ճանաչվում ոչ թե նրա հարազատներից որևէ մեկը, այլ ՀՀ-ում Իրանի դեսպանի խորհրդական Մոհամադ Ռեզա Մալեքը, ով ևս որպես վկա հարցաքննվում է: Նա է պահանջել մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին որպես «Արյան գնի» հատուցում: Հենց այս փաստն էլ վկայում է ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի քրեական գործով Իրանի իսլամական հանրապետության լուրջ հսկողության մասին, քանի որ խոսքը Իրանի քաղաքացու սպանության մասին էր: 

Ինքը՝ Սողոմոն Քոչարյանը հայտնել է, որ պարսկահպատակ ադրբեջանցիներին պարբերաբար հանդիպել է Սպայի տանը, որտեղ կարճ ժամանակ աշխատելիս է եղել որպես պահակ: «Նրանց լեզուն ես լավ էի հասկանում: Իրար մեջ խոսում ու պարծենում էին, թե ով քանի հայ աղջկա հետ է քնել, գլուխ էին գովում, մեկն ասում էր՝ 16 տարեկանի հետ է գիշեր անցկացրել, մեկը, թե՝ 18 տարեկանի ու թե միայն 90 տարեկաններն են մնացել: Ես այս ամենը տանել չէի կարողանում: Հիշում էի պատերազմը: Պատրաստ էի շան պես սատկացնել դրանց»,-գրում է Սողոմոնը դատարանի նախագահին ռուսերենով (մեծանալով Բաքվում՝ դժվար է գրել ու հասկացել հայերեն): 

Ուշագրավ է հատկապես վկա Արամ Պետրոսյանի ցուցմունքը, ըստ որի Սողոմոնը հատուկ հանձնարարություն է կատարելիս եղել ու փնտրել է ադրբեջանցի պարսկահպատակի: 

Իրանական կողմից հրավիրված վկաները, բեռներ փոխադրող վարորդները՝ բոլորն էլ ազգությամբ՝ թուրք, նշել են, որ շաքարավազ են հիմնականում բերել Հայաստան ու այստեղից Իրան տեղափոխել երկաթ: Ահա վկայի հարցաքննությունից մի հատված, որտեղ նշված է նաև նրա ազգությունը՝ թուրք: 

Քրեական գործում գրեթե ամեն տեղ նշվում է, որ Միրզա-Բեկի ավտոմեքենան Հայաստանից ետ էր վերադառնում դատարկ, սակայն ավտոմեքենայի զննության արձանագրության մեջ նշված է, որ միայն լուսանկարներով է կատարվել զննությունը, իսկ լուսանկարներում 20 տոննա տարողությամբ «Սկանիայի» բեռնախցիկը որևէ տեղ բացված չէ: Այդպես էլ անհայտ է մնացել՝ ստուգվե՞լ է արդյոք մեքենայի պարունակությունը, թե՞ ոչ: Այնուհետև մեքենան 2 օրվա ընթացքում իրանական կողմի պահանջով վերադարձվել է: 

«Հետքը» զրուցել է Սողոմոն Քոչարյանի մոր՝ տիկին Զինայի հետ, զրույցը՝  հաջորդիվ:

շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Ruzan
hamamit em Hasmiki het
hasmik
haj azamartikin cmah taly spitak genocidn e haj azgi nkatmamb, alievy liner herosi kochum ktar
Վեհարի
Հոդվածում բերված այն փաստը, որ` ,,Տուժողի օրինական իրավահաջորդ է ճանաչվում ոչ թե նրա հարազատներից որևէ մեկը, այլ ՀՀ-ում Իրանի դեսպանի խորհրդական Մոհամադ Ռեզա Մալեքը, ով ևս որպես վկա հարցաքննվում է: Եւ նա է պահանջել մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին որպես «Արյան գնի» հատուցում:,, գալիս է ապացուցելու այս դատավարության, և դատավճռի անօրինական լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter