
«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները ծեծել են թեղուտցի երիտասարդներին. գյուղացիները փակել են ճանապարհը (վիդեո)
Երեկ՝ երեկոյան, «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանը անվտանգության այլ աշխատակիցների հետ (ըստ գյուղացիների`
անվտանգության աշխատակիցների 4 մեքենայով) ծեծել է թեղուտցի հինգ
երիտասարդի։ Պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը պահակային
ծառայության աշխատակիցներից մեկի կողքով ավտոմեքենայով անցնելիս փոշի է
բարձրացրել։
Ծեծվածներից մեկը տեղափոխվել է Երևան, քանի որ նրա ոտքն է կոտրվել, և Ալավերդու հիվանդանոցում նրան չեն կարողացել անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ։ Մյուս 4 տուժողները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Սա առիթ է դարձել, որ այսօր առավոտյան ժամը 7-ից թեղուտցիները փակեն «Թեղուտ» ՓԲԸ գնացող ճանապարհը, և բանվորները, որոնք տեղափոխվում են հարակից այլ բնակավայրերից, չեն կարողացել մտնել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածք։
Ժամը 8-ի սահմաններում տեղում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության պետ Ռուբիկ Պապոյանը, ինչպես նաև Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը։ Նրանք հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ հարցի վերաբերյալ։ Ռ. Պապոյանը խոստացավ պարզաբանումներ տալ միջադեպը հանդարտեցնելուց հետո։
Իսկ գյուղացիները վրդովված պատմեցին, որ «իրենք մեզ ամբողջությամբ փոշու մեջ են պահում, մենք ձայն չենք հանում, իսկ մի խելոք երիտասարդ պատահական փոշի է բարձրացրել, բռնել են և մեր գյուղացիներին գյուղամիջում ծեծի ենթարկել»։
Մինչ այս պահը գյուղացիները ճանապարհը փակ են պահում և պահանջում են ազատել աշխատանքից գյուղացի երիտասարդներին ծեծած աշխատակիցներին կամ նրանց իրենց հանձնել: Նրանք զանգահարել են նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և ասել, որ չեն հեռանա տարածքից, մինչև նա չգա:
Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։
Մեկնաբանություններ (43)
Մեկնաբանել