
Կառավարության «նվերը» մեղրեցիներին՝ 14 հանքի և 9 հէկի արտոնագրերի տեսքով
«Մեղրին ամենակտրված տեղն ա դառել մեր երկրում, բայց ամենակարևոր տեղն ա: Ո՞վ ա հասկանում էս»,- ասաց մեղրեցի տիկին Ալվարդի խանութ մտած անծանոթ կինը՝ տեսնելով ձայնագրիչս: Տիկին Ալվարդի մթերային խանութը գտնվում է Մեղրու կենտրոնական հրապարակի հարևանությամբ, որտեղ ավելի շատ մարդիկ գնում են քննարկելու Մեղրու վերջին նորությունները: «Ո՞ր պարտքի ցուցակս տեսնես, է~, ինֆարկտ կտաս»,- ասաց նա, ապա կարևորություն չտալով առևտրին՝ նշեց, որ Մեղրիում պատրաստվում են բացել հանքեր:
Այս նորությունը քննարկվում էր ոչ միայն տիկին Ալվարդի փոքրիկ խանութում, այլև դրա պատերից դուրս: Մեղրիի կենտրոնական հրապարակում էլ փորձում են գտնել վերջերս ծառերի զանգվածաբար չորանալու պատճառը: Մեղրեցիների պատմելով՝ ծառերի զանգվածային չորացում եղել էր 1960-70-ական թթ., երբ ծիրանենիները միանգամից չորացան: Այդ ժամանակ շատերը դա պայմանավորեցին Ագարակի կոմբինատի գործունեությամբ:
«Մեր ծառերը սկսել են չորանալ: Ինչի՞ց ա: Էն ջրով, որով ջրում ենք ծառերը, գալիս ա հանքից, դա էլ թունավոր ջուր ա: Դրա համար էլ մեզ մոտ ծառերը հիվանդանում են, ժողովուրդը հիվանդանում է, բայց ո՞վ ա մեզ հաշվի առնում»,- ասաց գյուղատնտես Ժիրայրը: Նրա փոխանցմամբ՝ այս տարի չորացել են կիվիի, թզի, դեղձի, ծիրանի ծառերը:
Մեղրեցի Դավիթ Համբարձումյանը ծառերի չորանալը պայմանավորեց հանքերի բացմամբ: «Թխկուտի ոսկու զավոդ կա: Երբ որ իրանք բաց են արել, աշխարհում ըտենց բան չկա, որ լճեր սարքեն և Մեղրուց վերև էդ լճերի մեջ էդ դեղը լցնեն: Առաջ էդ ջրերը բաց էին թողնում Մեղրու գետը, որտեղ ձկները վերացան: Հիմա արդեն ձուկ-բան չկա էդտեղ: Հիմա էլ, քուրիկ ջան, հերթը հասել ա մարդկությանը: Ղեկավարներն ուզում են արխային դառնան, փողերը վերցնեն-գնան: Վիճակը շատ վատ ա»,- ասաց Դ. Համբարձումյանը:
Նա նախկինում հանքափոր է աշխատել: «Մանավանդ որ Տիգրան Սարգսյանին պահել են, իրանք գիտեն, թե ժողովրդին ոնց վերաբերվեն: Մենք անելու բան չունենք՝ կամ ասած, կամ չասած: Իրանք էստեղի ժողովրդին դրել են այլազգիների տեղ: Մեր ժողողվուրդն էլ կամաց-կամաց կգնա Պարսկաստան»,- ավելացրեց Մեղրու բնակիչը:
Անատառագետ Գևորգ Մարգարյանն էլ ասաց, որ աշխարհում չկա մի բնակավայր, որտեղ 164 քկմ-ի վրա 14 հանք շահագործվի: «Տաշտունում կա մի աղբյուր, որտեղ ուրանի անոմալիայի ինչ-որ մետաղածին բան է թափվում ջրի մեջ. ծիտը, խմելով էդ աղբյուրի ջուրը, սատկում է: Էդ աղբյուրը թափվում է Տաշտունի գետի մեջ, Տաշտունի գետը թափվում է Մեղրի գետի մեջ, Մեղրի գետից առուն կապում են ջրմուղկոյուղու դաշտին, էդ ջուրն էլ ներծծվում է Uեթանց աղբյուրի մեջ, պոմպակայանով գնում է, ջուր է մատակարարում Մեղրիի բնակիչներին»,- նշում է Գ. Մարգարյանը:
Նա նշեց, որ Ագարակի կոմբինատի պոչամբարը թափվում է Արաքս գետը, որով էլ ջրում են Նռնաձոր, Շվանիձոր, Ալմազ համայնքների արտերը, իսկ ստորերկրյա աղբյուրներն էլ սնվում են այդ արտերի ջրերով:
Ծառերի չորանալու փաստը հաստատեց նաև Մեղրու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը, ով մեզ ուղեկցեց մի քանի այգի՝ մատնացույց անելով չորացած ընկուզենիները: Նա ասաց, որ ծառերի չորանալու պատճառները պետք է նշեն փորձագետները:
Անդրադարձ փաստաթղթերին
Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը Մեղրու տարածաշրջանում 14 հանքի ուսումնասիրությունների արտոնագիր է տվել մեղրեցիներին անհայտ անձանց: Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն այդ մասին իմացել է մեղրեցիներից:
«Ցավալի է, որ այդ մասին տեղեկացնում են ոչ թե լրատվամիջոցները, այլ մեղրեցիները: Մեղրու տարածքում 14 տարբեր մարդկանց տվել են լիցենզիաներ, որոնք իրավունք են տալիս զբաղվել հանքարդյունաբերությամբ: Շատ ողբալի վիճակում կհայտնվի ժողովուրդը, եթե դա իրականություն դառնա»,- ասաց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ մեղրեցիների կարծիքը որևէ մեկը չի հարցրել, հասարակական լսումներ չեն անցկացվել: Նրանք նաև չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը:
«Եթե չի եղել հասարակական լսում, ինչո՞ւ են օրենքը խախտում: Ես՝ որպես քաղաքապետ, մնացել եմ ժողովրդի և իշխանութունների արանքում»,- նկատեց Ա. Հովհաննիսյանը:
Քաղաքապետի ասելով՝ ինքը հազիվ է լռեցնում մեղրեցիների բողոքի ձայնը և հարցն առայժմ փորձում է լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Այդ նպատակով էլ Մեղրու ավագանին այս տարվա հունվարի 25-ին նամակ էր գրել ՀՀ նախագահին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին:
Դրանից ամիսներ անց՝ ապրիլի 5-ին, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը պատասխանել է համայնքի ավագանու գրություններին՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գրության համաձայն՝ իրականությանը չի համապատասխանում «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը», ինչպես նաև այն, որ Լիճք, Տաշտուն և Լիճքվազ-Թեյի հանքավայրերը ուրանի և թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ են: Գրության մեջ ասվում է նաև, որ Մեղրիում բնապահպանական հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկման աշխատանքները կատարելու պատրաստություն է հայտնել ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ապրիլի 30-ին նախարարություն գրություն է ուղարկել Կապանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, ով գրության պատասխանը ստացել է մայիսի 15-ին:
Պատասխանում ասվում է. «Սյունիքի մարզի Խաչաքար-Փարվանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքը բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռնաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:
Մայիսի 17-ին Մեղրիի քաղաքապետը մեկ այլ գրություն է ուղարկել նախարարություն՝ խնդրելով իրեն տրամադրել վերը նշված վայրերում ուսումնասիրություններ կատարելու փաստաթղթերրի պատճենները:
Մեղրին ոտքի կկանգնի
Մեղրիի քաղաքապետարանի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանն էլ նշեց, որ նախարարության գրությունների մեջ կան մի շարք հակասություններ, որոնցից առանձնացրեց նախարարության՝ ուրանի հանքերի քարտեզի մասին դիտարկումը: Մ. Օհանյանի դիտարկմամբ՝ այդ քարտեզը գիտական հիմքեր ունեցող փաստաթուղթ է:
«Այդ փաստաթղթում ակնհայտ երևում է, որ իրականում մեր տարածքում ոչ թե կոնկրետ ուրանի հանքեր են, այլ գունավոր մետաղներն ուղեկցվում են բարձր պարունակությամբ ռադիոակտիվ էլեմենտներով: Մեզ հատկապես անհանգստացնում է այն, որ նշված հանքատեղերը գտնվում են շատ ավելի բարձր նիշերում, քան Մեղրի քաղաքը. և ներքին ջրերը, ևգետակները հոսում են՝ լցվելով Մեղրի գետ, որտեղից էլ լցվում են ոռոգման ջրերի համակարգ»,- ասաց Մ. Օհանյանը:
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն էլ նշեց, որ Մեղրու տարածաշրջանում անընդունելի է հանքարդյունաբերական գործունեությունը: «Միևնույն վայրում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության զարգացումն անհնար է: Նախքան հանքեր շահագործելը, առնվազն պետք է հաշվարկել, թե ինչքանով է տնտեսապես նպատակահարմար հանքերի շահագործումը հարակից համայնքների բնակչության և պետության համար առհասարակ: Մեղրի համայնքը համարվում է ազդակիր համայնք, սակայն հաշվի չի առնվել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության դիրքորոշումը»,- ասաց Ա. Փարսադանյանը:
Նա հավելեց, որ «Կայուն զարգացում» ՀԿ-ն Մեղրի համայնքում կկազմակերպի ստորագրահավաք` վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համայնքի բնակիչների դիրքորոշումը կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացնելու համար:
Մեղրիում բողոքի ալիքին պատրաստվում են միանալ նաև մեղրեցի երիտասարդները: «Եթե բացեն հանքերը, մեղրեցիների համար ճակատագրական ա լինելու: Եթե Տաշտունում հանք բացեն, էդ տեղից ջրերը գնալու ա գետը, որով այգին են ջրում: Բերքը-բանը լրիվ վարի ա գնալու: Ջահելությունը դեմ ա դրան: Էդ նույն հանքից Քաջարանն էլ ունի, բայց որ էդտեղ նայում ես մարդկանց դեմքերին, ահավոր ա, ծնված էրեխեքն արդեն վատ են լինում,- նշեց Հովհաննես Համբարձումյանը:
Նա հավելեց. «Մենք մեր ուժերով ամեն ինչ անելու ենք, որ փակեն էդ հանքերը: Ոնց բացեն, ընտեց էլ փակելու են: Թեկուզ վնաս տալով էլ լինի, փակել ենք տանելու: Մենք էնքան վնաս ենք տալու իրանց, որ հանքը փակեն, օրինակ, կարանք քարով խփենք-ջարդենք սարքավորումները»:
Մեղրեցիների խոսքով՝ իրենք դեռ քաղաքակիրթ ճանապարհով՝ թուղթ ու գրիչի միջոցով են փորձում լուծում փնտրել, բայց եթե դա չօգնի, ոտքի կկանգնեն՝ պայքարի այլ միջոց ընտրելով: Ընդ որում, կառավարությունն ավելի «շռայլ» է եղել մեղրեցիների հանդեպ. բացի 14 հանքի արտոնագրերից` 9 հէկի կառուցման արտոնագիր է տվել կրկին մեղրեցիներին անհայտ անձանց:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել