
Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: «Կալանքը կիրառելու հիմքերը բացակայում են, քրեական դատավարության 135 հոդվածը հստակ նախատեսում է դրանք: Նաև նախատեսվում է, որ կալանքի որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում և մարդու առողջական վիճակը: Այս ամենը անտեսվել է դատարանի կողմից»,-«Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ահա քննիչ Հակոբյանի կալանքի միջնորդությայն պատճենը, որտեղ փաստաբանը ընդգծել է, որ կալանքի հիմքերը բացակայում են: (Քննիչի միջնորդության մեջ կալանքին վերաբերող հոդվածը նշել է 134-ը, այնինչ կալանքը կարգավորվում է 135 հոդվածով-հեղ.):
«Կալանքի որոշման հիմքում դրվել են զգայական, բարոյական բաղադրիչներ: Կարծում եմ` իրավական հիմքերը պիտի ուժեղ լինեին: Իսկ այն հանգամանքը, որ կարող է Վարդան Պետրոսյանը խուսափել դատաքննությունից, անհիմն է, քանի որ իմ պաշտպանյալը դատարանում նախաքննական մարմնին հանձնեց իր անձնագիրը»,- նշեց փաստաբանը:
Այս պահին դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ ու վիրավորվել 6 անձ, այդ թվում և դերասան Վարդան Պետրոսյանը, պարբերաբար լուրեր էին պտտվում, թե միգուցե ալկահոլի ազդեցությունն է եղել վթարի պատճառը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել «Նաիրի» ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել