HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս ուղղել մարդուն անազատության մեջ

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարության հետքերով «Հետք» զանգահարած Ժասմեն Տեր-Հովհաննիսյանը երկար տարիներ խեցեգործություն, նկարչություն է դասավանդում «Աբովյանի» բանտում անչափահաս դատապարտյալներին և կանանց: «Առաքելության պես մի բան է՝ փորձել վերականգնել խեղված ճակատագրերի հոգիները արվեստի միջոցով: Ի սկզբանե պետք է հավատալ անձի վերափոխմանը ու գտնել դատապարտված մարդկանց վերականգնելու ճիշտ ճանապարհները»,- ասաց Ժասմենը: Նա պատմեց կանանց գաղութում պատիժը կրող մի դատապարտյալի մասին, ով բացահայտել է իր մեջ նկարելու շնորհը: Կատյան (անունը փոխված է – հեղ.) դատապարտվել է 19 տարեկանում՝ 12 տարվա ազատազրկման: Մեղադրվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու՝ կանխամտածված սպանության մեջ, մեղքն ընդունել է, զղջում է ամբողջությամբ: Հանցակիցը՝ ամուսինը, նույն գործով ցմահ է դատապարտված: Նրանք ունեն մանկահասակ երեխա, ում խնամում են հարազատները: «Յուրօրինակ կերպար է Կատյան, խորը զղջում ապրող, ուզում է՝ լրագրող այցելի իրեն, գրի իր նկարների, մտորումների մասին: Եկեք մեզ մոտ՝ «Աբովյան», նա սպասում է Ձեզ»,-Կատյայի ցանկությունը փոխանցեց նկարչուհի, խեցեգործ Ժասմեն Տեր-Հովհաննիսյանը:

«Հետքն»  արդեն դիմել է ՔԿՎ՝ «Աբովյան» ՔԿՀ մուտքի թույլտվություն ստանալու համար: Իսկ մինչ այդ հիշեցի ոչ վաղ անցյալում երևանյան կանգառներից մեկում տեղի ունեցած մի անակնկալ հանդիպման մասին:

 Կանգառում էի, ինձ էր նայում մի երիտասարդ կին: Մոտեցավ.

 -Դուք լրագրող եք, չէ՞…

 - Այո՛… իսկ Դո՞ւք…

 - Ես Մարիամն եմ (անունը փոխված է- հեղ.): Երկու օր առաջ «Աբովյանի» գաղութում աղջիկների հետ հեռուստացույցով Ձեզ էինք նայում, Դուք խոսում էիք բանտարկյալների իրավունքներից, նրանց ուղղումից, վերադարձից:

Առաջին միտքը, որ ծագեց գլխումս՝ փախուստ է կատարել:

 -Փախե՞լ եք բանտից …

-Չէ՛, չէ՛, երեկ եմ ազատվել, ես մենեջեր եմ, կուզեմ վերականգնել աշխատանքս, հիմա չգիտեմ՝ ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, ամեն ինչ փոխվել է, հիմա նոր ծրագրերով են աշխատում, կյանքը արագ է առաջ գնում: Ինձ թվում է՝ մի դար կյանքից հետ եմ ընկել:

Չգիտեի՝ ինչ ասել. Հայաստանում ազատություն ստացած դատապարտյալների համար չկան վերականգնողական կենտրոններ:

Միմյանց հեռախոսահամարները գրանցեցինք, երբեմն զրուցում էինք, լուսաբանումից փախչում էր, ասում էր՝ ամաչում եմ շրջապատիցս: Մի օր էլ զանգահարեց ու ասաց, որ նորից աշխատում է:

Մարիամի նման, ցավոք, քչերն են վերադառնալուց հետո կարողանում վերագտնել իրենց կյանքում, շրջապատում, ընտանիքում: Առաջադեմ աշխարհում վաղուց գործող պրոբացիայի ծառայությունը, որը շուտով գործելու է նաև մեր երկրում, հենց վերը նշված խնդիրների լուծմանն է ուղղված, որտեղ բոլոր պետական կառույցներն անելիք ունեն:

Պրոբացիոն ծառայության մինի մոդել

Անչափահասների իրավախախտների հետ պրոբացիոն ծառայության մինի մոդելի թռիչքային ծրագրի ավարտին ամփոփվել են արդյունքները: «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ՔԿՎ-ի ու ԱՆ-ի հետ` ԵԱՀԿ աջակցությամբ, իրականացրել է այդ փոքր մոդելի ստեղծումը` ցույց տալով, թե ինչպես պետք է ապահովել անչափահաս իրավախախտենի հանդեպ վերականգնողական աշխատանքը, ինչպես ուղղել ու վերադարձնել նրանց հասարակություն, վեր հանել նաև ոլորտի խնդիրները:

ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքում վեր հանված խնդիրները. «Արձանագրվեց, որ անցյալ տարվանից կիրառվող օրենսդրական փոփոխությունը, ըստ որի 18 տարին լրացած, պատիժ կրող անձը չի տեղափոխվում չափահասների ՔԿՀ, իր դրական դերն է խաղացել: «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող անչափահաս իրավախախտները 16-ն են, մինչ համաներումը այլընտրանքային պատիժ էր կրում 27 անչափահաս»:

ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանի տեղեկացմամբ, համաներումից հետո մնացել են 5-ը: Այս բոլոր երեխաները մասնակցել են խմբային հոգեբանական աշխատանքներին, որոնք կամավոր բնույթ են կրել: «Սկզբում դժվարությամբ էին գալիս, երկրորդ պարապմունքից հետո ասում էին՝ կլինի էլ չգանք, փող չունենք, որ գանք: Կար երեխա անգամ, ով դժվարությամբ էր գրում: Սովորեցնում էինք մարդկային պարզ շփման ձևեր, հանդուրժողականություն, մոտիվացիա ստեղծում»,- պատմում էին անչափահասների հետ աշխատած հոգեբանները:

2009-2011թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրով ընդհանուր իրավասության դատարաններում մեկական դատավոր վերապատրաստվել է անչափահասների արդարադատության մասով: Ըստ փորձագետների՝ այդ դատավորները պիտի դատավճիռներում դնեն նաև պայմաններ` կրթության, հատուկ դաստիարակչական աշխատանքի և այլն: «Աբովյան» ՔԿՀ հոգեբան Լուսինե Գավուկչյանը պատմեց մի երիտասարդի մասին, ով հպարտանում էր նրանով, որ հայրը ազատազրկված է ու մշտապես խանգարում էր դասերը, սակայն վերջում ինքն էր խնդրում երկարացնել հոգեբանական աշխատանքը:

«Տրտու» ՀԿ-ն՝ նկարիչ, իրավապաշտպան Թեմիկ Խալափյանի ղեկավարությամբ, արդեն 13-րդ տարին կանանց ու երեխաներին փայտի գեղարվեստական փորագրության ու խեցեգործության դասեր է տալիս:

Սակայն եթե կանանց ու երեխաների հետ նմանատիպ աշխատանքներ կատարվում են, ապա փակ ու կիսափակ ռեժիմային գոտում (օրինակ՝ «Կոշ», «Նուբարաշեն», «Արթիկ» ՔԿՀ-ներ) նման վերականգնողական աշխատանքներ չկան: Թերևս միայն Մայր աթոռի՝ բանտերում հոգևոր ծառայություն իրականացնող խումբն է այցելում բանտեր, կատարում կրոնական ծեսեր, Զատկին ձու և ձուկ բաժանում, հոգևոր գրականություն տալիս, զրուցում դատապարտյալների հետ՝ կատարելով ինչ-որ տեղ նաև հոգեբանի ֆունկցիա:

Քանի՞ հոգեբան կա հայաստանյան ՔԿՀ-ներում

Խնդիրն այն է, որ 2001թ.-ից հայաստանյան 12 ՔԿՀ-ներում ձևավորված սոցիալ-հոգեբանական բաժիններում աշխատում է ընդամենը 11 հոգեբան: «Հետքի» հարցին, թե 1000 դատապարտյալ ու կալանավոր ունեցեղ, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկ հոգեբանը կարո՞ղ է, արդյոք, արդյունավետ աշխատել, ԱՆ խորհրդական Նիկոլայ Առուստամյանը պատասխանեց. «Մենք ինքներս գիտենք, որ մեկ հոգեբանով արդյունավետ աշխատանք չի լինի:

Ցավոք, հաստիքների պակասը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Հայաստանյան ՔԿՀ-ներում 2300 հաստիք կա, ևս 500-ն անհրաժեշտ է, որ լիարժեք աշխատանք կատարվի, սակայն ՔԿՀ-ների օպտիմալացման ծրագրի շրջանակներում, թերևս, այդ խնդիրը լուծվի: Պատկերացրեք, եթե անվտանգության հարցերը առաջնային տեղ են մղվում, ապա անգամ սոցիալ-հոգեբանական ծառայության աշխատակիցներն են կցվում անվտանգության ապահովման գործին: Ինչ վերաբերում է դատապարտյալների կողմից  հոգեբաններին վստահել-չվստահելուն, ապա մի քանի տարի է՝ հոգեբանները ուսադիրներով չեն, համարվում են քաղաքացիական աշխատակիցներ: Պարզապես այստեղ սոցիալական խնդիր կա. արդարաատության համակարգի ծառայությունն ավելի բարձր է վարձատրվում»: Սակայն նշենք, որ միևնույնն է` սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցներին աշխատանքի նշանակելու և ազատելու լիազորությունը դարձյալ ՔԿՎ պետինն է:

Պատժի նպատակները

Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է պատժի երեք նպատակ՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխարգելել հանցագործությունները: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Աշխատանքային գաղութներ տերմինը հիմա չկա, հիմա քրեակատարողական հիմնարկներ են, իսկ անունն արդեն բովանդակություն է հուշում: Մեր ՔԿՀ-ներում անձի ուղղումից, պատժի նպատակներից խոսելն առհասարակ ճոխություն է, այնտեղ իրագործվում է մեկ ֆունկցիա՝ անձի մեկուսացում հանրությունից, այլ կերպ ասած՝ անվտանգության հարցն է առաջնային: Պատժողական իներցիոն քաղաքականությունն է դոմինանտ, վերականգնումը մղվում է հետին պլան: Ու բանտերը դառնում են մարդկային պահեստներ: Իսկ հոգեբանները, ցավոք, ո՛չ մեծ աշխատավարձ են ստանում, ո՛չ սոցիալական երաշխիքներն ունեն, ո՛չ էլ լսելի են դառնում դատապարտյալներին վերաբերող հարցերի բարձրացման հարցերում»:

Լուսանկարները տրամադրեց՝ «Տրտու» ՀԿ-ի նախագահ Թեմիկ Խալափյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter