
Կապանը ոտքի է կանգնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի
Քիչ առաջ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի 10 ՀԿ-ներ նամակով դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին` իրենց բողոքը հայտնելով հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկման վերաբերյալ:
Ահա թե ինչ են գրել կապանցիները նամակում:
«Մեծարգո պարոնայք վարչապետ և ԱԺ նախագահ
Հայտնում ենք մեր անհամաձայնությունը 2014 թ.-ից կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառման վերաբերյալ: Կարևորելով ներկայացվող համակարգի կիրառման հաջողված և ձախողված միջազգային փորձերը՝ այն տեղայնացնելու համար, բնականաբար, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որը կարծեք անտեսվում է:
Բնակչության աղքատության աննախադեպ բարձր ցուցանիշների հանգամանքը, կառավարության առջև առաջնահերթ խնդիր պետք է դնի տնտեսության զարգացումը, ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը: Կյանքի նվազագույն պայմանները չապահովող աշխատավարձ ստացող քաղաքացու համար անընդունելի է եկամուտների նվազեցումը՝ ապագայում համեմատաբար բարեկեցիկ կենսաթոշակ ստանալու մշուշոտ խոստումների փոխարեն: Մենք ականատեսն ենք բազմաթիվ աղաղակող անարդար երևույթների և այս ամենի հետևանքը, քաղաքացու պաշտպանված չլինելու զգացողությունն է: Սոցիալապես բևեռացված և բևեռացվող հասարակության շրջանում տիրող հուսահատության և անվստահության մթնոլորտում, որտեղ գերակշռում է արտագաղթի տրամադրությունը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը չի կարող դրականորեն ընդունվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կառավարության հետ մասնագիտական դիսկուրսում ներքաշվելու անհրաժեշտություն չենք տեսնում և պահանջում ենք հրաժարվել այս նախաձեռնությունից»:
Հավելենք, որ շաբաթ օրը՝ ժամը 12:00-ին, Կապանում տեղի է ունենալու երթ` ընդդեմ կուտակային կեսնաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել