HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ջոն Լենոն. «Այսօր մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուս Քրիստոսը»

Հունվարի 16-ը  Բիթլզ խմբի համաշխարհային օրն էր:
1963 թ. Մեծ Բրիտանիայում լույս տեսավ մի ալբոմ`«Please, Please Me» անունով ու սկիզբ դրեց մի երևույթի`«բիթլմանիա»-ի: Լիվերպուլցի չորս տղաներ շատ կարճ ժամանակում դարձան բազմաթիվ երիտասարդների կուռք: Այն ժամանակ դեռ բոլորին անհայտ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը չէին էլ մտածում, որ պիտի ազդեն համաշխարհային երգարվեստի վրա, հեղափոխեն այն` դնելով նոր ուղղության սկիզբ, ստեղծելով նոր ոճ ու մտածելակերպ, նոր մշակույթ, դառնալով ոչ միայն իրենց, այլև  մեր օրերի կուռքը: 
«Ոչինչ ինձ չէր հուզել մինչ այն օրը, երբ ես լսեցի Էլվիսին. եթե չլիներ Էլվիսը, չէր լինի և Բիթլզը»,-Ջոն Լենոն:

2001թ.-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն  հունվարի 16-ը սահմանեց «The Beatles»-ի համաշխարհային օր: Հունվարի 16-ը պատահական չէր ընտրված. այն խորհրդանշական է խմբի համար  այն առումով, որ հենց այդ օրը` 1957թ. Լիվերպուլում բացվել է The Cavern ակումբը, որտեղից իրենց փառքի ճանապարհն են սկսել այն ժամանակ դեռ բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտները:

1957թ. մարտին Լիվերպուլի Quarry Bank դպրոցի աշակերտ 16-ամյա  Ջոնը,  տարված Էլվիս Փրեսլիի և Բիլլի Հեյլի երաժշտությամբ, որոշեց սեփական խումբը ստեղծել, որտեղ ներգրավեց իր դպրոցական ընկերներին: Ջոնը քիչ-միչ նվագում էր բանջո, կիթառ, և կարծես թե մեկ-մեկ շրթհարմոնն էլ վատ չէր ստացվում: Խմբի անունը «Քարիմեն» կոչեցին` դպրոցի պատվին։ 1957 թվականի հուլիսի 6-ին Ջոնն իր խմբի հետ համերգ տվեց Սուրբ Պետրոս եկեղեցու բակում, իսկ համերգից հետո նրան ծանոթացրեցին Փոլ Մաքքարթնիի հետ։ Փոլը հետագայում այս հանդիպումը  հիշելիս պատմում է, որ իր ուշադրությունը գրավել էր այն, որ Ջոնը կիթառը նվագում էր բանջոյի նման. ակորդները հենց այդ սկզբունքով էր հավաքում, իսկ Փոլն իր հերթին զարմացրեց  Ջոնին և խմբի անդամներին՝ կիթառը լարելու իր արվեստով: Երկու շաբաթ հետո, նա ընդունեց Ջոնի`  խմբին միանալու առաջարկը։ 1958թ. փետրվարին, խումբ ինտեգրվեց  Ջորջ Հարրիսոնը` որպես սոլո կիթառահար, չնայած Լենոնը դեմ էր նրան տարիքային տարբերության պատճառով.  Ջորջն ընդամենը 14 տարեկան էր։

1962-ի օգոստոսին, պրոֆեսիոնալ ձայնագրություններից առաջ, պրոդյուսեր Ջորջ Մարթինը Փիթեր Բեսթին(հարվածային գործիքներ, վոկալ) փոխարինեց Ռինգո Սթարով, ով ավելի հմուտ էր իր գործում:

Բիթլզի ֆենոմենի և երաժշտության մեջ նրա ազդեցության մասին բազմիցս է խոսվել, և բնորոշումներն ու մեկնաբանությունները երևի շարունակվելու տեղ ունեն` առանց չափազանցության, քանի որ լիվերպուլյան այս հրաշալի քառյակը ոչ միայն հարվածել է լսողության ամենաանսպասելի կետերին, այլև շատ ու շատ մարդկանց մոտ արթնացրել ապրելու և կյանքը վերագնահատելու, վերաիմաստավորելու զգացումը: Նրանց հայտնությունը 60-ականներին երաժշտական աշխարհում հեղափոխություն էր: Շատ երաժշտասերների խորին համոզմամբ  «Բիթլզ» խմբի աննախադեպ հաջողության գաղտնիքն այն է, որ երգել է XX դարի 2-րդ կեսի արևմտյան երիտասարդության  սիրո և տառապանքի, կյանքի յուրաքանչյուր օրն արժեվորելու մասին: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձել են Բիթլզի երգերի ազդեցությամբ։

 

1966թ. «Evening Standard» թերթին տված հարցազրույցում Ջոն Լենոնը հայտարարեց. «Քրիստոնեությունը կանցնի-կգնա, կանհետանա և կկորցնի իր նշանակությունը: Ես չեմ պատրաստվում վիճել այդ հարցում: Ես ճիշտ եմ, և դա  կապացուցվի: Այսօր մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուս Քրիստոսը: Չգիտեմ, որը կլինի առաջին տեղում` ռոքնռոլը, թե՞ քրիստոնեությունը…»: 
 
 
Այս հայտարարությունը մեծ աղմուկ և դժգոհություն առաջացրեց աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում: Դրան ի պատասխան` հավատացյալներն սկսեցին վառել խմբի ձայնասկավառակները։ Տասնյակ տարիներ Վատիկանը դատապարտել է լիվերպուլյան քառյակին երիտասարդության վրա բացասական և քայքայիչ ազդեցություն թողնելու համար:
Ջոն Լենոնի այս հանրահայտ արտահայտությունից 42 տարի անց` 2008թ., Վատիկանը վերջապես ներեց նրան:

Մեկնաբանություններ (2)

Aram
Դրա համար էլ խփեցին ինքնահավան ջահելին...
Hovik
The Beatles is #1 forever.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter