HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատկերացնո՞ւմ եք` մարդ սովից մեռնի, բանտում մեռնում էին»

«Հետքը» ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ այցելեց «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ քննչական սենյակներից մեկում հարցազրույց վարեց 18 տարի անազատության մեջ գտնվող, 1996թ. մահապատժի դատապարտված (2003-ից՝ ցմահ ազատազրկում) նախկին շարքային զինվոր Արթուր Մկրտչյանի հետ:

-Կուզեի մի քիչ պատմեիք Ձեր մասին, մանկության, ընտանիքի մասին

 - Շատ հեռու է մանկությունը…

Մոտ 30 տարի առաջ…  

-  Էնպիսի տպավորություն է, որ էստեղ եմ ծնվել ու մեծացել: Ցանկացած բան ասոցացվում է էս բերդի, էս ճաղերի, էս անարդարության հետ: Մանկությունը մնացել է երազի նման, որ երբևիցե դրսում ապրել եմ:

Երբ դատարանների արխիվում ուսումնասիրում էի քրեական գործը, ինձ մոտ հարցեր առաջացան, հարցեր, որոնք առաջացել էին նաև «Ոճիր և պատիժ» ֆիլմի հեղինակ Հարություն Մանսուրյանի մոտ: Օրինակ՝ ինչո՞ւ Դուք Վիգենի հետ չիջաք զորամաս, ինչո՞ւ Դուք փախաք, Վիգենը մնաց…

- Ես Վիգենի հետ չէի կարող իջնել, որովհետև երբ Վիգենը գնաց (Վիգեն Ծատուրյանը պահակակետում ծառայող 6 զինվորներից միակն էր, ով ողջ էր մնացել, ում անընդմեջ փոփոխվող ցուցմունքներով կառուցվել է գործը-հեղ.), ես դեռ նրանց հետ էի (3 անծանոթների հետ` ՌՈ սպիտակ «Նիվայով», ովքեր և, ըստ Արթուրի, սպանել են 5 զինվորներին-հեղ.): Հետո նրանք ասացին, որ ինձ կտանեն Այրում, ես անգամ պատկերացում չունեի, որ Այրումում զինվորական ոստիկանության բաժին կա: Փախչելուց ձեռքս գցեցի, մի զենք վերցրեցի ու գնացի, բայց կրակն էի ընկել էդ զենքի ձեռքը: Գյուղացիները հավաքված քեֆ էին անում Սևանի ափին, հաց ու ջուր խնդրեցի, նրանցից մեկը զենքս վերցրեց, բա՛, թե՝ սա էլ չեմ տա քեզ, ես ասացի՝ պիտի հանձնեմ: Հենց իրենք էլ էդ զենքի հետ ինձ տարան-հանձնեցին ոստիկանություն: Քրեական գործում ամեն ինչ կա, կոպիտ ասած, ամենատգետ մարդն էլ եթե նայի, կհամոզվի, որ աբսուրդ մեղադրանքով ինձ դատապարտեցին: Շատ բաներ պարզ են, շատ բաներ՝ մութ: Դատախազությունն էլ նրա համար է, որ մութը լուսացնի:

Սպիտակ «Նիվայի» մասին Դուք բարձրաձայնել եք նաև դատարանում: Ինչո՞ւ քննություն չգնաց նաև այդ վարկածով, ինչո՞ւ գործը չգնաց լրացուցիչ քննության, չէ՞ որ Դուք արդեն հայտնել էիք, որ պահակակետում Ձեզ անծանոթ մարդիկ էին եղել:

- Ինձ թվում է` իրենք արդեն գիտեին էդ մասին: Սկզբնական շրջանում փորձում էին չձերբակալել, այլ վերացնել: Դեպքեր եղան, երբ նկատում էին ինձ, կրակում էին ինձ վրա: Երբ ձերբակալեցին, երկուսը կային որոնողական խմբի մեջ, իրենք եկել էին շնորհակալություն հայտնելու: Ասում էին, որ հետո ցուցմունքներից իմացել են, թե որ մասերով եմ ես անցել, ասում էին, որ ես կրակ չեմ բացել, իրենց երեխաներին որբ չեմ թողել: Ես էլ պատասխանեցի, որ նպատակ չեմ ունեցել կրակելու, անգամ իրենց կրակոցներին ի պատասխան: Իմ նպատակը տուն հասնելն էր...շատ հանգիստ կարող էի անցնել սահմանը, բայց տուն էի ուզում, փրկություն էի ման գալիս...Խորխոռունին ասել էր՝ հանկարծ էլ չկրակեք, ինքը չի, ինքը մեզ ողջ է պետք: Բայց ոչ մի քննություն չգնաց անծանոթների մասով: Ես ասում էի՝ անհնար է, որ քարտադարան չունենաք, աշխատակիցների նկարները ցույց տվեք, կճանաչեմ:

Զենքի առևտրի մասին խոսակցությունները, անծանոթները...ինչո՞ւ, ըստ Ձեզ, անծանոթները Ձեզ ողջ թողեցին, եթե, Ձեր վարկածով, հենց այդ երեք անծանոթներն էին կրակել 5 զինվորների վրա:

- Էն ժամանակ չէի մտածում, որ իրենց քավության նոխազ էր պետք, բայց համակարգը չէր կարող այդ սպանությունը ադրբեջանցիների վրա գցել, որովհետև ադրբեջանական կողմը կպահանջեր միաջազգային հետաքննություն:

Ինչո՞ւ, ըստ քեզ, սպանվեցին այդ 5 զինվորները, Դուք ունե՞ք այդ «ինչու»-ի պատասխանը

- Զենքի վաճառքի հետ կապված: Ինձ հետ ձերբակալել էին մոտ 40 հոգու, Խորխոռունու մոտ էլ կային տվյալներ, թե ով պիտի այդ զենքը առներ...ինձ ստիպում էին՝ գրեմ, որ ինձ հետ ուրիշ զինվորներ էլ են մասնակցել սպանությանը, քանի որ հասկանում էին, որ դա չէր կարող մեկ հոգու ձեռքի գործ լինել: Իսկ եթե հիմա անուններ տա՞մ, կոնկրետ զենքի գնորդների անուններ, արդյո՞ք սա դատարանը կհամարի նոր հանգամանք: Չեմ հավատում համակարգին:

- Իսկ ո՞վ էր զինվորներին ներքաշել զենքի վաճառքի մեջ:

- Չգիտեմ... իմ հետ կապի մեջ Էմիլն էր (պահակակետում սպանված 5 զինվորներից մեկը` Էմիլ Մաթևոսյանը-հեղ.), տարիներ հետո մամուլից իմացա, որ 10.000 միավոր զենք անհետացել էր էդ տարիներին:

Արթուր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եկել է Ձեզ հետ հանդիպման: Ե՞րբ էր դա, և ի՞նչ խոսակցություն եղավ:

- Ինձ արդեն մահապատժի էին դատապարտել: Ջհանգիրյանն էր, ես ու իր թիկնապահը: Զինդատախազը հարցրեց մեծ փողերի մասին, նարկոտիկների մասին, բա, չես ասու՞մ՝ ովքեր են եղել: Ես էլ ասացի՝ դու ես էդ գործի համար փող ստանում, որ ես ամեն ինչ ասեմ, դու ինչի՞ համար ես էդ աթոռին:

- ՌՈ-ում Դուք և Ձեր եղբայրը բռնության եք ենթարկվել: Դատարանում նման հայտարարություն եք արել…

- Հայտարարություններն էլ մի կողմ: Դատավորը նայում է նախաքննության նյութերը, պիտի իր մոտ հարց ծագեր՝ եղբորը ինչո՞ւ եք բերել ու պահել ՌՈ-ում, երբ նա ո՛չ կասկածյալ էր, ո՛չ՝ վկա: Չնայած դատարանն ընդունում էր, որ Վիգենի հանդեպ բռնություն է եղել…երբ պետք էր, ընդունում էր ծեծի փաստը, բայց, միևնույնն է, որևէ քննություն, որևէ պատասխանատվություն բռնությունների մասով չեղավ:

Երբ գրեցի առաջին հոդվածը, արձագանք եղավ «02» հաղորդաշարի նախկին թղթակիցներից մեկից, ով նշեց, որ Խորխոռունու սենյակում տեսել էր 5 զինվորի սպանության մեջ մեղադրվող զինվորին ու թե ինչպես էր Ռազմական ոստիկանության պետն անձամբ ծեծում նրան: Ինչ-որ բան հիշո՞ւմ եք այդ օրերից:

- 14 օր ինձ պահեցին մեկը երկուսի վրա սենյակում: 14 օրվա մեջ իմ ձեռքից չհանվեցին ձեռնաշղթաները ոչ մի րոպե: Ոստիկաններ կային, ովքեր իրենց տեր էին զգում էդտեղ, իրենց համար կարևոր էլ չէր, թե ինչի համար ես էդտեղ: Տեսնում էին ձեռնաշղթաներով էիր, մտնում էին ու՝ արա, էս ի՞նչ ես արել, տրորում-անցնում էին: Մի անգամ ներարկում արեցին, դրանից հետո հիշում եմ ահավոր ցավ, ոսկորներս էլ էին ցավում, անգամ երբ ինձ թեթև դիպչում էին, ես ահավոր ցավ էի զգում:

Արթուր, իսկ սթափվելուց հետո ինչ-որ բողոք, դիմում գրե՞լ եք:

- Ես մինչև ձերբակալվելս չգիտեի, թե դիմումն ինչ է, որ կարելի է բողոքել: Երբ ինձ բերեցին բերդ, «բոքսեր» կոչված տեղը մտցրեցին, էնտեղ նստարաններ տեսա, ուրախացա, մտածեցի՝ էդտեղ կարող եմ քնել: Ես գիտեի` էդտեղ եմ մնալու: Երբ պետք էր լինում, գալիս-տանում էին ՌՈ՝ հարցաքննության: Վերջին անգամ տարան, ես տեսա եղբորս, նստած հեկեկում էր: Երբ ինձ նոր էին ձերբակալել, ճաշ բաժանողի հետ երկտող էի ուղարկել եղբորս, որ ես չեմ զինվորներին սպանողը: Երկտողի համար հա՛մ ճաշ բաժանողին ճիշտ կլինի ասել՝ սատկացրել էին, որովհետև մարդու հետ էդպես չեն վարվում, հա՛մ էլ՝ եղբորս:

Ինքնախոստովանական ցուցմունքը ինչպե՞ս տվեցիք: Ինչի՞ց հետո համաձայնվեցիք ստորագրել:

- Ուղղակի գրված կար, մնում էր միայն ստորագրեի: Ինձ եղբորս միջոցով կոտրեցին:

Զինվորական գործեր շատ եմ ուսումնասիրում, տեսնում եմ մի ձեռագիր՝ պահակակետերը մնում են հիմնականում առանց վերահսկողության: Այդ օրը 6 զինվորներն ինչո՞ւ էին մենակ:

- Չկար հրամանատարական կազմ, բոլորը կռվող տղերք էին, համոզել էին, ասել էին՝ մնացեք չաստում: Էդ գյուղի գյուղացիներն էին, մեկ-երկու րոպեով բարձրանում էին՝ հը՞, ամեն ինչ նորմա՞լ ա, ու էլի իջնում էին չաստ:

Զինվորական գործերով հիմնականում պատժվում են շարքայինները, իսկ հրամանատարական կազմը 1-2 տարի պայմանականներով դուրս է մնում պատասխանատվությունից

- Բանակում կատարված ցանկացած հանցագործություն գալիս է նրանից, որ չկա պատշաճ վերահսկողություն: Դե՛, 96 թվականն ու էսօրվա բանակը համեմատել դժվար է: Մի քանի օր առաջ զինվորը զոհվեց ադրբեջանցու կրակոցից: Իրեն էն աստիճանի հերոսացրեցին, որ դա ցույց տվեց, թե ինչ աստիճանի է հետ գնացել բանակը: Նա կատարում է հայ զինվորի վրա դրված առաքելությունը. կա՛մ կարող է զոհվել, կա՛մ վերադառնալ: Նույնն է, թե տղամարդն իրեն տղամարդուն վայել պահի, ասեն՝ նայեք, այ, տղամարդ: Բա, էդպես պիտի լինի: Սովորականը դա է:

18 տարեկանից դուրս էիք եկել տնից, 20 տարեկանում պիտի վերադառնայիք, բայց 18 տարի է անցել, այդպես էլ դեռ չեք վերադարձել: Կպատմե՞ք Ձեր պայքարի մասին:  

- Սկզբում պայքարում էի միայն իմ գործի հետ կապված՝ արդարության համար: Առաջին հացադուլով պահանջում էի ստի դետեկտորով ինձ անցկացնել, ինչն անարձագանք մնաց: Հետո բողոքներ էի գրում տարբեր ատյաններ, բերում էի փաստեր: Ես դարձել էի և՛ դատապարտյալ, և՛ քննիչ, և՛ դատապաշտպան: Արդեն վերջին տարիներին հացադուլ հայտարարեցի համակարգային բեսպրեդելի դեմ:

105 ցմահ դատապարտյալներից 14-ը քո բախտակիցներն են՝ նախկին շարքային զինվորներ, ովքեր 18-21 տարեկան են եղել:

- Հիշում եմ ինձ էդ տարիքում, երբ եկա՝ ոնց արձագանքեցին աշխատողներն ու կալանավորները. էս էրեխուն ինչի՞ եք բերել էստեղ: Զինվորը սպայի մեջ չի տեսնում իրեն օգնողի, այլ պատժող ինչ-որ մեկի: Սովետական տարիներին կար տերմին՝ «մենթ»: Որովհետև աֆիցերները շատ անգամ իրենց գործը թեթևացնելու համար ստեղծում են «չաստ նայողներ», որ իրենք գնան իրենց քեֆերով:

Հարություն Մանսուրյանի ֆիլմում կան կադրեր, թե ինչպես ես աչքերդ փակում մահապատժի դատավճիռը լսելիս: Հետոն հիշո՞ւմ ես, ի՞նչ էր կատարվում քո ներսում, եթե հնարավոր է դա բառերով փոխանցել:

- Ոչ միայն աչքերս էի փակել, այլև մի տեսակ քմծիծաղ էլ տվեցի: Էստեղից դատարան տանելիս առաջին անգամ ձեռնաշղթաներ գցեցին: Հին աշխատողներից կային, ասացին, որ դա նշանակում է, որ մահապատժի դատավճիռ են կարդալու: Խորհրդակցական սենյակում էդ մեծ դատավճիռը գրելը 10 րոպե տևեց: Այսինքն՝ արդեն կայացված էր:

Մահապատժի առաջին տարիներին ինչպե՞ս էիք ապրում:  

- Ճիշտ է, գիտեինք, որ մահապատիժները չէին իրագործվում օրենքով, բայց տեսնում էինք՝ ոնց էին մարդիկ մեռնում հիվանդությունից, սովից: Պատկերացնու՞մ եք՝ մարդ սովից մեռնի: Էստեղ մեռնում էին:

(շարունակություն)

Լուսանկարում՝ ձախից՝ զինվոր Արթուր Մկրտչյանը 19 տարեկանում, Արթուր Մկրտչյանը՝ 37 տարեկանում (18 տարի «Նուբարաշենի» բանտում), Սերժ Ավետիսյանը՝ ներկայումս ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր, ով Արթուրի մահապատժի դատավճիռը կայացրեց (այդ դատավճռից հետո ՀՀ նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նա նշանակվեց Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` ՀՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ) 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter