
Ռոքնռոլի փառքի սրահում
2014թ. Ապրիլի 10-ին Նյու Յորքում կկայանա Ռոքնռոլի փառքի սրահի ամենամյա` 29-րդ հանդիսավոր արարողությունը: Այս տարվա նոր անդամներն են Պիտեր Գեբրիելը, Քեթ Սթիվենսը, Լինդա Ռոնսթադթը, «Նիրվանա» և «Քիս» խմբերը, «Հոլ և Օթս» դուետը (Daryl Hall and John Oates), ինչպես նաև հատուկ մրցանակներ կշնորհվեն պրոդյուսերներ Բրայըն Էփսթեյնին, Էնդրյու Լուգ Օլդհեմին և «The E Street Band» խմբին` երաժշտական աշխարհում ունեցած իրենց մեծ ներդրման համար:
Պիտեր Գեբրիելն այս անգամ ընտրվում է որպես անհատ-կատարող, նախկինում նա այդ պատվին արժանացել է «Genesis» խմբի հետ միասին, 2010թ: Այս նոր անդամներն ընտրվել են 16 հավակնորդների խմբից` Սրահի պաշտոնական կազմի և հանրության կողմից՝ առցանց քվեարկության արդյունքում:
Նախ`համառոտ մի քանի տեղեկություն Ռոքնռոլյան փառքի սրահի մասին. ամբողջական անվանումն է` «Ռոքնռոլյան փառքի սրահ և թանգարան». գտնվում է ԱՄՆ-ի Օհաիո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Ինչպես անունն արդեն ենթադրում է` այն հիմնադրվել է հավաքելու, պահպանելու և ներկայացնելու երաժշտական աշխարհում հայտնի և ազդեցիկ անուններ, ովքեր մեծ ներդրում են ունեցել ռոքնռոլյան դարաշրջանի ձևավորման և կայացման գործում: Նրանք ոչ միայն երգիչներ են կամ երաժիշտներ, այլև պրոդյուսերներ, հովանավորներ, հնարավոր է նաև՝ երաժշտական արտադրող ընկերություններ:
Ամեն տարի այս սրահը համալրվում է նոր անուններով` մեծ քննարկումների և մասնագետների հատուկ խմբի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում (թվով մոտ հազար փորձագետ՝ համալսարանների դասախոսներ, հրատարակիչներ, լրագրողներ և երաժշտական ինդուստրիայի հետ առնչվող այլ մասնագիտություններ): Նոր անդամները Սրահում իրենց մուտքը ազդարարում են ավանդական ելույթով` համերգային կատարմամբ: Եւ ամենևին էլ պարտադիր պայման չէ ռոքի, կամ հենց ռոքնռոլի ասպարեզի ներկայացուցիչ լինել:
Տարիների ընթացքում սրահը ընդունել է նաև ռիթմընդբլյուզի, սոուլի, ռեփի վարպետների` Էլ Գրին, Սթիվի Ուոնդեր, Մըրվին Գեյ և ուրիշներ: Արտիստներին ընտրում են հիմնականում հաշվի առնելով հետևյալ սկզբունքը` «առաջին սինգլի թողարկումից 25 տարի անց»: Օրինակ` Ջոն Լենոնի թեկնածությունն առաջադրվել է 1994թ-ին, նրա առաջին` «Give Peace a Chance» խորագրով` 1969թ. թողարկված սինգլից հետո:
1986թ. Փառքի սրահն ընդունեց իր անդամների առաջին տասնյակը` Չակ Բերի, Ջեյմս Բրաուն, Ռեյ Չարլզ, Ֆետս Դոմինո, Ջերի Լի Լյուիս, Լիթլ Ռիչարդ, «The Everly Brothers», Սեմ Քուկ, Բադի Հոլի, Էլվիս Փրեսլի: Այս անուններից այսօր ընտրել ենք նախ՝ Լիթլ Ռիչարդին` ամերիկյան երգիչ, դաշնակահար և կոմպոզիտոր, ով շատ ամուր կանգնած է ռոքնռոլի ակունքներում:
Ինքն իր մասին մի անգամ ասել է, որ իրեն վստահաբար կարող են համարել ռոքնռոլի ճարտարապետը, այդ իսկ պատճառով իր երևույթը բնորոշելիս նա, առանց ավելորդ համեստության, բազմիցս նշել է և նշում է`«ռոքնռոլի իսկակա՛ն արքա»: Այս արտիստի կյանքում շրջադարձային եղավ “Specialty Records” ընկերության հետ 1955թ-ին ստորագրված համագործակցության պայմանագիրը, որին հաջորդեց «Tutti Frutti» երգի ձայնագրությունը: Երգչի պրոդյուսերն իր հաշվարկներում փայլել էր. նա համոզված էր, որ այս ձայնագրությունն էլ իր հերթին շրջադարձային պետք է դառնար երաժշտական արդյունաբերության մեջ:
Ուրիշ որևէ մեկին` բացառությամբ Էլվիս Փրեսլիի, չի հաջողվել այդպես ուժգին պայթեցնել 50-ականների պատուհանները, այնտեղից դուրս հորդեցնելով այն աննկարագրելի ալիքը, որը պետք է պայմանավորի ռոքնռոլի նոր դեմքը` «պայթյունավտանգ» երաժշտությամբ և խարիզմատիկ կատարողով: Մինչև վերջին նոտան կամ նույնիսկ գործիքի ամենափոքրիկ միավորը քամվող դաշնամուր, ագրեսիվ ռիթմ, վոկալային չափազանց էմոցիոնալ, էներգետիկ հզորություն տարածող և տեղ-տեղ վայրի վանկարկումներով մեկնաբանություններ: Այս ամենը ոչ միայն հարստացրեց, այլև նոր մոտեցում և որակ ազդարարեց ռոքնռոլին, իսկ երաժշտական ինդուստրիային` նոր ակնկալիքներ և պահանջներ:
Մեկնաբանել