HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոդորկովսկու Yukos-ի հայաստանյան խմբի ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են ՀՀ պետբյուջեն

Սկիզբը

Rosneft ընկերությունը չի կարողացել տիրանալ Մ. Խոդորկովսկու ռուսական նավթային Yukos Oil ընկերության հայաստանյան դստեր՝ Yukos CIS Investment-ի հիմնադիր կապիտալին, քանի որ Yukos CIS-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այն ծախսվել է: Այդ կապիտալը, հիշեցնենք, 500 մլն դրամ էր (շուրջ 1 մլն դոլար): 

Հայաստանյան դատարանում Rosneft-ի շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Yukos-ի ղեկավարությունը համապատասխան բանկային քաղվածք է ներկայացրել՝ հիմնավորելով հիմնադիր կապիտալի ծախսերը, և, ըստ էության, Rosneft-ը Yukos CIS-ից ոչինչ չի ստացել: Ֆինանսական այլ փաստաթղթեր չեն տրամադրվել Rosneft-ին: Օրինակ` թե ընդհանրապես ինչով է զբաղվել այդ ընկերությունը, հայտնի չէ: Արմեն Տեր-Տաճատյանը նաև ասում է, որ իր վստահորդները չգիտեն, թե որքան են կազմում Yukos CIS-ի դուստրերի ակտիվները, դրանց վերաբերյալ փաստաթղթերը Yukos-ի ներկայացուցիչները համառորեն չեն տրամադրել:

Rosneft ընկերությունը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Հայաստանում հարուցվել է քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Yukos CIS-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Միքայելյանին:   

Արմեն Միքայելյանը Yukos CIS-ի տնօրեն է նշանակվել մայր Yukos-ի գործադիր փոխնախագահ, հայազգի իրավաբան Վասիլի Ալեքսանյանի միջոցով, ում հետ Արմեն Միքայելյանը սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Երկուսն էլ ավարտել են նաև Հարվարդի համալսարանը:

Վասիլի Ալեքսանյանը

Վասիլի Ալեքսանյանը 1996-ից աշխատել է Yukos-ում: Yukos-ի ղեկավարության ձերբակալությունների շրջանակում Ալեքսանյանին էլ են կալանավորել: 2006-ից մինչև 2008 թվականը նա եղել է ազատազրկած: Վ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ դրամական միջոցների օրինականացման (փողերի լվացման) և 11 մլրդ ռուբլի արժեքով այլ ընկերության (OAO Tomskneft VNK) գույքը յուրացնելու կամ վատնելու համար: Չնայած նույն թվականին նրա մոտ ախտորոշել են ՁԻԱՀ, սակայն մինչև 2008 թվականը ազատ չեն արձակել: Ալեքսանյանը դատարանում հայտարարել է, որ իր ազատության դիմաց իրենից պահանջել են կեղծ ցուցմունքներ տալ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դեմ, ինչից ինքը հրաժարվել է: Նրան ազատ արձակեցին միայն 2008-ի դեկտեմբերին՝ 50 մլն ռուբլի գրավի դիմաց, երբ վերջինիս առողջությունն արդեն քայքայված էր: 2010-ին Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: 2011-ի հոկտեմբերին 39-ամյա Վասիլի Ալեքսանյանը մահացավ: Հենց նրա միջոցով էլ Հայաստանում գրանցվել է Yukos CIS Investment ՍՊԸ-ն:

Yukos-ի հայաստանյան խմբի ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են 2006թ. ՀՀ պետբյուջեն

Yukօs-ի աշխատակիցը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, մեզ հայտնեց, որ Yukos-ի հայաստանյան խմբի (Yukos CIS Investment) ընկերությունների ակտիվները կազմում են շուրջ 4 մլրդ դոլար, և ոչ միայն գործնականում, այլ տեսականորեն այդ գումարները չէին կարող «հոսել» Հայաստանով, քանի որ ավելի քան երկու անգամ գերազանցում էին 2006թ. Հայաստանի պետական բյուջեն: Դրանք ոչ թե գումարների, այլ ակտիվների տեսքով են, որոնք ունեն մոտավոր դրամային արժեք։

Նույն աղբյուրը «Հետքին» պատմեց նաև Yukos CIS-ի ստեղծման մանրամասները. Հայաստանում նավթային Yukos Oil ընկերության դուստր ստեղծելու մասին որոշումն ընդունվել է Yukos Oil ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կողմից 2001 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Yukos մայր ընկերությունը կազմավորում էր մեկ խմբի սահմաններում ուղղահայաց ինտեգրված ստորաբաժանումների իր կառուցվածքը՝ համաշխարհային պրակտիկային համապատասխան։ Հարցը, թե ինչու է հենց Հայաստանի վրա կանգ առել ընտրությունը, երկիր, որն առնչություն չունի նավթի արդյունահանման ճյուղի հետ, մանրամասն քննարկվել է. «Այդ պահին Հայաստանում առկա էր առավելապես բարենպաստ արտարժութային օրենսդրական կարգավորում, առավել ճիշտ կարելի է ասել, որ նման կարգավորումն իսպառ բացակայում էր։ Քանի որ Հայաստանը բնական ռեսուրսների արտահանող չէր համարվում, ապա երկրում իմաստ չուներ ունենալ կոշտ արտարժութային ռեժիմ, ինչպես Ռուսաստանում էր և այլ երկրներում։ Բացի այդ, Հայաստանում բանկային համակարգը ազատական էր և կայուն։ Սրան պետք է ավելացնել հարկային բարենպաստ արտոնությունները, որոնց համաձայն` կանոնադրական կապիտալում մեկ միլիոն ԱՄՆ դոլարի վճարման դեպքում ներդրողն առաջին երկու տարիների ընթացքում ազատվում էր  շահութահարկից հարյուր տոկոսով և հիսուն տոկոսով՝ հաջորդող ութից տասը տարիների ընթացքում։ Այս բոլոր հանգամանքների մասին խոսվում էր Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարության կողմից բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում, և դրան համապատասխան էլ կառուցվում էր ներքին բանկային և արտարժութային օրենսդրությունը»։

Հետևաբար, Հայաստանը շատ հարմար էր միջազգային հոլդինգային խմբի ստեղծման համար՝ Yukos CIS -ի գլխավորությամբ: Նշված կառուցվածքի ստեղծման նախագիծը քննարկել և հավանության էր արժանացրել «Յուկոսի» միջազգային աուդիտորը՝ Price Waterhouse Coopers-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված Yukos CIS («Յուկոս» ՍՆԳ) ընկերությունը բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնադրել է Yukos Hydrocarbons Investment  դուստր ձեռնարկությունը: Իր հերթին Hydrocarbons-ը այլ դուստր ընկերություններ է հիմնադրել Վիրջինյան կղզիներում` Fair Oaks Trade and Invest Limited և Glendale Group Limited խմբերը: Սակայն ակտիվներն առավելապես կենտրոնացված են Yukos Hydrocarbons Investment-ում:

Yukos-ի մենեջերները, երբ զգացել են մոտալուտ վտանգը, Նիդեռլանդներում ստեղծել են հայաստանյան Yukos CIS -ի մեկ այլ դուստր` Wincanton Holdings ՓԲԸ-ն, և վերջինին են փոխանցել Yukos Hydrocarbons Investment-ի և դուստր ձեռնարկությունների ակտիվները:  Wincanton Holdings ՓԲԸ-ն էլ իր հերթին Նիդեռլանդներում մեկ այլ ընկերություն է հիմնադրել` Financial Performance Holdings (FPH), և ստացած ակտիվները 2005-ին փոխանցել դրան: Վերջինն էլ` բաժնետերերի շահերը պաշտպանելու նպատակով ստեղծված ստիխտինգային հիմնադրամին` Stichting Administratiekantoor FPH.

Ստիխտինգային հիմնադրամն իրավաբանական հատուկ կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը չունի բաժնետերեր, սակայն կարող է բարեգործական, հասարակական, տնտեսական, նույնիսկ առևտրային գործունեություն ծավալել: Կարող է նաև այլ ընկերության բաժնետեր լինել և առևտրային գործունեությունը ծավալել իր դուստր ընկերությունների միջոցով և կառավարել բաժնետիրական կապիտալը: Այդ տիպի ստիխտինգը ձեռք է բերում ընկերության բաժնետոմսերը` փոխանակելով դրանք ավանդային մուտքերով (depositary receipts):

Արդեն գրել ենք, որ Rosneft-ը կարողացել է իրավաբանորեն տիրանալ Yukos CIS-ին և Wincanton Holdings ՓԲԸ-ին: Եվ այժմ Ամստերդամի դատարաններում Yukos-ը ու Rosneft-ը շարունակում են պայքարել Yukos Hydrocarbons Investment-ի ակտիվների համար: Մեր հարցին, թե մինչ օրս ինչ են կարողացել պահպանել կամ հետ բերել և ինչ են կորցրել, Yukos-ի աշխատակիցը պատասխանել է. «Երկու կողմերն էլ, թերևս, ժամանակ և միջոցներ են կորցրել, սակայն էական ձեռքբերումներ դեռ չկան ոչ մի կողմի համար»։

Հայաստանյան դատարանների ակտերը քննության են առնվում Ամստերդամի դատարանում: Արդեն Rosneft-ի ղեկավարության ներքո գտնվող Yukos CIS-ը և դրա դուստր Wincanton Holdings ՓԲԸ-ն ընդդեմ հայաստանյան խմբի ընկերությունների գործով 2013 թվականին Ամստերդամի դատարանի միջանկյալ ակտում ներառվել է նաև նախկին դատավոր Սուրեն Ղազարյանի խոստովանությունը հօգուտ Yukos-ի առ այն, որ վճիռը կայացնելիս իր վրա ճնշում է գործադրվել, և ինքը վճիռը կայացրել է հրահանգավորված:  

Դատավոր Սուրեն Ղազարյանի վարույթում էին մեծամասամբ քննվել Yukos-ի հայաստանյան գործերը: Ամստերդամի դատարանին նախկին դատավորը հայտնել է նաև, որ գործի ընթացքում ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել նիստերը, որպեսզի հետևի իրեն տրված ցուցումներին:

Սուրեն Ղազարյանը

«Փետրվարի 23-ին ես հասկացա, որ ընտրություն չունեմ և հետևեցի դատավորի (նկատի ունի Արման Մկրտումյանին-հեղ.) հրահանգներին և վճիռ կայացրի Rosneft-ի օգտին (որը, փաստորեն, ռուսական կառավարության մաս է կազմում)»,- պատմել է Սուրեն Ղազարյանը:- Եվ չնայած ես վճիռ կայացրի Rosneft-ի և ռուսական պետության օգտին, ինձ նաև ստիպեցին հրաժարական տալ դատավորի իմ պաշտոնից»: 

Սուրեն Ղազարյանը նաև նշել է, որ մնացյալ դատավորները նույնպես պետք է հետևեին այդ հրահանգներին:

Ինչպես արդեն գրել ենք, ներկայումս նա բնակվում է ԱՄՆ-ում և քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ կառավարությունից: ԱՄՆ-ում հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, և Սուրեն Ղազարյանը վերջերս այդ կառավարության արդարադատության նախարար է «հռչակվել»:  

Քրեական գործը շարունակվում է

Արմեն Միքայելյանը

Թեև դատական գործընթացները Yukos-ի գործերով ավարտվել են Հայաստանի դատարաններում, Հայաստանում Yukos CIS-ի տնօրեն Արմեն Միքայելյանի նկատմամբ քրեական գործը չի կարճվել: Այն հարուցվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում 2009 թվականի մարտին` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:

Արմեն Միքայելյանին մեղադրել են այն բանի համար, որ նա «ինքնագլուխ, անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է ներկայացնել ընկերության գրանցման վկայականը և կնիքը»: Rosneft-ի փաստաբան Ա. Տեր-Տաճատյանը հաստատեց, որ նշված պարագաները տրվել են իրենց կողմին: Արմեն Միքայելյանի նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն, չի դադարեցվել: ՀՀ ոստիկանությունը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ներկայումս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իսկ թե ինչու է այսքան ձգձգվել, ոստիկանության պարզաբանմամբ, գործը նախկինում կասեցված է եղել:

«Քրեական գործը հարուցվել է, իսկ այնուհետև Արմեն Միքայելյանը մեղադրվել է այն գործողությունները չկատարելու մեջ, որոնց կատարելը ոչ միայն արգելված էր օրենքով, այլև դատարանների որոշումներով: Ընդ որում՝ քրեական գործը նույնությամբ շարունակվում է այն բանից հետո նույնիսկ, երբ դատական որոշումների վերացումից հետո Միքայելյանը դեռևս 2009 թվականի կեսերին կատարեց այդ պահանջված գործողությունները»,- նշում է Yukos-ի նույն աշխատակիցը։

Մեր հարցին, թե արդյոք քրեական գործի հարուցումն էր պատճառը, որ Արմեն Միքայելյանը հեռացել է Հայաստանից և նրա նկատմամբ ճնշումներ են եղել, պատասխանել է. «Արմեն Միքայելյանի կողմից ԱՄՆ մեկնելն ի սկզբանե որևէ կերպ թելադրված չէր քրեական գործի առկայությամբ, որը դեռ հարուցված էլ չէր այդ պահին, սակայն այնուհետև Հայաստան հետ չվերադառնալն ուղղակիորեն այդ գործի առկայության արդյունքն էր: Ամենամեծ ճնշումը, անկասկած, քրեական գործի հարուցումն էր և դրա քննությունը։ Եթե անձը մեղադրվում է օրենքի պահանջը պահպանելու մեջ, ապա տվյալ քրեական գործի նպատակը ապօրինի ճանապարհով ցանկալի արդյունքի հասնելն է․ այս գործընթացն այլ կերպ, քան ճնշում չես անվանի»։

Արմեն Միքայելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինտերպոլով` թեև նրա գտնվելու վայրը հայտնի է: Իսկ Yukos-ի գործերը շարունակվում են քննվել արտասահմանյան դատարաններում: 

Հ.Գ. Երբ փորձեցինք կապ հաստատել Yukos-ի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, արձագանքն այն էր, թե ում պատվերն ենք կատարում, որ սկսել ենք հետաքրքրվել այս գործով: Նույն արձագանքը ստացանք նաև Rosneft-ի փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանից. վերջինս փորձում էր ճշտել, թե ինչն է մեզ ստիպել զբաղվել այս գործով, և «քամին որտեղից է փչում»: 

շարունակություն

Մեկնաբանություններ (1)

Karen
Արմեն Միքայելյանին ճանաչել եմ, նորմալ մարդ է: Իր ունեցածը (լայն իմաստով, այդ թվում՝ իր տարբեր տիպի պարտավորությունները գործընկերների նկատմամբ) դժվար թե հեշտությամբ տար ուրիշին կամ կուլ գնար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter