HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Պաչյանի, Թեքգյոզյանի, Խանջյանի, Սարիբեկյանի գործերը հետաքրքրություն են առաջացրել միջազգային գրական շուկայում

Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Առաջին գրական գործակալության» ղեկավար Արեւիկ Աշխարոյանի հետ։ 

-Միջազգային գրական հարթակներում՝ հիմնականում Եվրոպայում, ներկայացնում եք մեր գրողներին՝ առնչվելով արտասահմանյան ժամանակակիցների գրականությանն ու վերջինիս պրոպագանդային։ Ընդհանուր առմամբ ի՞նչ միտումներով է առաջնորդվում միջազգային գրական շուկան 

-Դժվար է միանշանակ խոսել միտումներից, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գրականության մասին ենք խոսում: Եթե դիտարկենք «բեստսելլեր» կոչվող գրականությունը այս կոնտեքստում (այսինքն՝ միլիոնավոր վաճառք ունեցող գրքերը), ապա միտումները հստակ են. ոչ շատ որակյալ, հեշտ ընթերցվող գրքերն են, երբեմն նույնիսկ շատ էժանագին պոռնոգրաֆիկ կամ էրոտիկ գրականությունը:

Ավելի երիտասարդ ընթերցողների համար դա «ֆենթեզի» գրականությունն է, որը հիմա շատ տարածված է եւ բազմազան դրսեւորումներ ունի՝ նյութի մեջ ներառելով գերբնական էակներից սկսած մինչեւ պատմական ու միստիկ կերպարների մասին պատմությունները: Իհարկե, դետեկտիվային ժանրը՝ միստիցիզմի խառնուրդով նույնիսկ հիմա ուշադրության կենտրոնում է:

Բայց եթե մենք խոսում ենք «լավ» գրականության մասին, որը, այնուամնենայնիվ, ունի ընթերցողների ոչ շատ մեծ շրջանակ, ապա նման գրականությունը չունի որեւէ կոնկրետ միտում: Եվրոպական շատ լուրջ հրատարակիչների հետ ունեցած հիմնական զրույցներն այն մասին են, որ գիրքը պետք է լավը լինի․ նշանակություն չունի, թե ինչի մասին է, ով է հեղինակը, ինչ ազգություն ունի է եւ ինչ լեզվով է գրել գիրքը։

Հաշվի առնելով սա՝ բարդ է դառնում հստակ չափորոշիչներ առանձնանցելը ընդհանրական իմաստով։ 

-Հայ հեղինակների ստեղծագործությունները, որոնք ընտրվում են գործակալության կողմից միջազգային հարթակներում ներկայացնելու համար, ինչո՞վ են առանձնանում։ 

-Որպես մասնավոր ձեռնարկության ղեկավար՝ ես ազատ եմ ընտրել այն գրքերը, որոնք ինքս եմ հավանում, սակայն դա չի նշանակում, որ ես չեմ լսում նաեւ մասնագետների խորհուրդները: Հիմնական չափորոշիչն այս պահին գրքի ժանրն է եւ հրատարակման ժամկետը:

Այս փուլում հիմնականում ներկայացնում ենք վեպեր, քանի որ դրանց պահանջարկն է շատ մեծ, եւ դրանք պետք է հրատարակված լինեն վերջին տարիներին, որովհետեւ միջազգային հարթակում ժամանակակիցների հարցը շատ է քննարկվում։ 

-Այդպիսի հեղինակներից հատկապես ու՞մ գործերն են միջազգային շուկայում հետաքրքրություն առաջացրել եւ ինչո՞վ։ 

-Մեծագույն հետաքրքրությունը այս պահին ներկայացնում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը: Կարծում եմ՝ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ գիրքը ներկայացնում է խնդիրներ, որոնք արդիական են ամբողջ աշխարհի երիտասարդության համար՝ անկախ ազգությունից ու բնակության վայրից:

Վեպը այլաբանության միջոցով պատմում է փակ հասարակության մեջ երիտասարդ մարդու ինքնահաստատման եւ «չարի» ու «բարու» միջեւ ընտրություն կատարելու մասին: Վեպի առնանձնահատկություններից մեկն էլ յուրաքանչյուր մարդու մանկության ապրումների ազդեցությունն է ողջ կյանքի ընթացքում։ Սրանք համամարդկային խնդիրներ են:

Մյուս գիքրը, որ նույնպես հետաքրքրություն է վայելում, Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» վեպն է, որը նույնպես շատ ժամանակակից խնդիրներ է շոշափում:

-Ընդունված, գուցե որոշ իմաստով ստերեոտիպային արտահայտություն կա, որ մենք «ժամանակակից գրականություն» չունենք կամ ունեցածը «բանի պետք չէ»։ Ես հետեւում եմ բազմաթիվ քննարկումների հատկապես սոցիալական ցանցերում, երբ չի ընկալվում ոչ միայն նոր գիրքը, այլ նաեւ  արտասահմանյան գրականության մեծ մասսայականություն վայելող օրինակների թարգմանությունները։ Վերջերս նման բուռն քննարկումների շատ եմ հանդիպում, ինչպես, օրինակ, ՀՄիլլերի «Խեցգետնի արեւադարձ»-ի թարգմանության շուրջ բարձրացած աղմուկը՝ ուղղված թարգմանիչ Զավեն Բոյաջյանի դեմ։ 

-Հետաքրքիր բան է՝ հաճախ պիտակավորում են գիրքը, որը չեն կարդացել: Եվ ցավալին այն է, որ հաճախ դա անում են «հայտնի» մարդիկ՝ հաղորդավարներ, դերասաններ, քաղաքական գործիչներ կամ էլ սովետական Հայաստանի ժամանակ «անուն հանած» գրողներ: Նրանք ստեղծում են տպավորություն եւ կարծիք մյուսների մոտ, ովքեր չեն կարդում:

Ականատեսն եմ եղել դեպքերի, երբ գրողին հրավիրում են հեռուստատեսություն՝ որեւէ հաղորդման հյուր, կարդում են մի հատված նրա որեւէ գործից (սովորաբար լինում է «սկանդալային» մի հատված՝ իրենց կարծիքով «անպարկեշտ» բառապաշարով կամ բովանդակությամբ), ու հետո հեղինակից պատասխան պահանջում իր գրածի համար:

Տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ հայ ժամանակակից գրականությունը սկսվում եւ ավարտվում է այդ մի հեղինակի այդ մի գործով: Հատուկ քաղաքականությու՞ն է, ի՞նչ է: Հիասթափեցնող երեւույթ է, նյարդայնացնող, երբ դա անում է մի հաղորդավար, որը ժամանակակից մեկ-երկու գիրք հազիվ կարդացած լինի։

-Բայց այդ հեղինակների գրքերը գրախանութներում են, հրատարակչությունները քիչ, թե շատ պրոպագանդում են, միջոցառումներ են կազմակերպվում յուրաքանչյուր նոր հրատարակված գրքի առիթով․․․ Ուզում եք ասել՝ ընթերցո՞ղն է անտարբեր։ 

-Յուրաքանչյուր հեղինակ ունի իր ընթերցողների շրջանակը: Նրանք շատ ակտիվ են, նույնիսկ ֆանատներ կան, ովքեր անանուն նվերներ են ուղարկում գրողներին: Հարցը նրանում է, թե ինչպես ընդլայնել նրանց շրջանակը: Ինչպես, օրինակ, «ռուսալեզու» ընթերցողներին, որոնց թիվը քիչ չէ, համոզել կարդալ հայ հեղինակների գրքերը եւ կարդալ անաչառ, առանց կանխակալ վերաբերմունքի, թե  հայ գրողը ինչ պիտի գրի, որ...

Շատ են հնչում նաեւ կարծիքներ այն մասին, որ հայերեն թարգմանությունները չարժե կարդալ։ Չեմ հասկանում՝ ի՞նչ ի նկատի ունեն: Հայերենի հետ ի՞նչն այն չէ: Ինչո՞ւ պիտի ռուսերեն թարգմանությունը լինի ավելի լավը, քան հայերենը: Կարծես թե սովետական պրոպագանդան դեռ ակտիվորեն գործում է մեր երկրում:

Փաստորեն խնդիր կա ոչ միայն ընթերցողների քանակն ավելացնելու,  այլ նախաեւառաջ փոխելու հայերենի հանդեպ ընթերցողների վերաբերմունքը։

Այս հարցը իմ կարծիքով դպրոցը պիտի լուծի, բայց դեռ չի կարողանում կամ էլ նման նպատակ չունի: 

-Մի առիթով զրույցի ժամանակ նշեցիք, որ եվրոպացի հրատարակիչները հատկապես հետաքրքրված են կին գրողների աշխատանքներով: 

-Այո, երբ տեսնում են մեր կատալոգը, որտեղ միայն տղամարդ գրողներ են ներկայացված, միշտ հարցնում են, թե կին գրող չկա: Եվրոպական երկներում նույնիսկ պարտադիր է այդ համամասնությունը պահելը։ Իհարկե, չարժի դա անել ի վնաս մասնագիտական որակի: Մեր գործակալությունը շուտով հայտարարելու է կին գրողների համար մրցույթ, որպեսզի հայտնաբերենք նոր անուններ եւ հնարավորություն տանք նրանց նույնպես հրատարակվելու։ 

-«Գրական գործակալություն» ասվածը բավականին պարտավորեցնող է։ Այունամենայիվ, հաջողությունների մասին արդեն կարելի է խոսել։ Տեղյակ եմ, որ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը այս տարի հրատարակվեց «America Star Books» հրատարակչության կողմից։ 

-Այո։ Նաեւ Թուրքիայի «Քալեմ» գործակալության միջոցով կնքվել է պայմանագիր Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի թուրքերեն հրատարակման առիթով: Գիքրը կհրատարակի «Այրինտի» հրատարակչությունը: Մի քանի պայմանագրեր կան Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Դանիայի և Գերմանիայի հետ, որոնք ընթացքի մեջ են: 

ՀԳ Առաջին գրական գործակալությունը գործում է արդեն 3 տարի՝ միջազգային գրական շուկայում ներկայացնելով հայ հեղնիակների գրքերը՝ կապեր հաստատելով արտասահմանյան հրատարակիչների հետ։ Գրական գործակալության կողմից ներկայացվող ստեղծագործողների թիվը հասնում է 40-ի, որի հիմնական մասը արձակագրեր են։ Ցանկում կան նաեւ բանաստեղծներ, մանկագիրներ, ինչպես նաեւ հեղինակներ, ովքեր ներկայացնում են ոչ-գեղարվեստական գրականություն:

Մեկնաբանություններ (1)

Աննա Մուրադյան
Տիկին Աշխարհոյանին հարցրեք, իսկ ով է որոշում մասնագիտական որակը կամ ինչ է նշանակում մասնագիտական որակ գրականությունում և ով կարող է սահմանել դրա չափանիշները: իսկ ինքը տիկին Աշխարհոյանը, երբեք էլ չի թաքցրել ու բարձրաձայն էլ ասում է, որ գիրքը ապրանք է ու ինքն էլ այդ ապրանքը վաճառաղ գործակալ: դե ուրեմն ինչ պոպուլիստական հայտարարությունների հետևից են ընկած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter