
Չինովնիկները կարծում են՝ ինֆորմացիան իրենցն է. կուզեն կտան, կուզեն՝ ոչ
Հաճախ լրագրողները, հարցումներ ուղարկելով պետական օղակներին, ստանում են պատրաստի կլիշեներով պատասխաններ՝ «Նման վիճակագրություն չի վարվում» կամ «Սահմանադրության 23-րդ հոդվածը կխախտվի նման ինֆորմացիայի տրամադրմամբ», այն է՝ անձնական կյանքի անձեռնմխելիություն, թեպետ հայցվում է բացառապես իրավական ինֆորմացիա, ոչ թե անձնական տվյալ: Որքանո՞վ է մատչելի իրավական ոլորտին առնչվող ինֆորմացիան, ու ինչպե՞ս է այն տրամադրվում լրագրողներին: Այս հարցի շուրջ է «Հետքի» զրույցը իրավաբան Արա Ղազարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հետ:
Նման վիճակագրություն չենք վարում ու վե՞րջ
«Հետքն» ամիսներ առաջ հարցում էր ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ տեղեկանալու, թե ՔՕ 42 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանություն) հիմքով տարեկան քանի անգամ է քրեական գործ կարճվում: Ուզում էինք տեղեկանալ, թե Սյունիքի նախկին մարզպետի որդին արդյոք միակ ինքնապաշտպանվողն էր մեր երկրում, թե ոչ: «Հետքին» պատասխանեցին, որ նման վիճակագրություն չի վարվում:
«Իհարկե, դա հանրային հետաքրքրություն ունեցող խնդիր է, և պետք է վարեն նման վիճակագրություն, քանի որ կոռուպցիոն ռիսկ կարող է լինել այդտեղ: Պետական մարմինները պիտի ի գիտություն ընդունեն նման հարցումները»,- «Հետքի» հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:
Իրավաբանը նշեց, որ տեղեկատվության տրամադրման առումով ամեն գերատեսչություն իր կլիշեներն ունի: «Ծանոթ եմ դրանց՝ իրար կպցրած, ոչինչ չասող նախադասություններ. օրինակ՝ պետական գաղտնիք է կամ ծառայողական գաղտնիք, անձնական կյանքի իրավունք է և այլն: Ժողովրդավարության պայմաններում նման ընդհանուր ձևակերպումներով մերժել տեղեկատվություն ստանալու իրավունքը` անընդունելի է»,-ասաց իրավաբանը՝ շեշտելով, որ մերժումը պետք է հիմնավորված լինի, պետական մարմինը պետք է օբյեկտիվ հիմքեր ներկայացնի, թե ինչու չի կարող տալ այս կամ այն տեղեկատվությունը:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Օրինակ, եթե լրագրողը ցանկանում է այն գործերը՝ սկսած 2007թ.-ից, որտեղ հղի կինը սպանություն է կատարել, ի՞նչ պիտի անի Դատական դեպարտամենտը: Պետք է ահռելի քանակությամբ գործ կարդալ, տեսակավորել դրանք: Պատկերացնո՞ւմ եք, թե դա որքան աշխատանք է ու որքա՞ն ռեսուրս է պահանջում»:
Արդյո՞ք լրագրողի խնդիրն է, որ պետական համակարգն այդքան աշխատող չունի
«Վիճակագրություն չվարելը օբյեկտիվ հիմք է: Այլ բան է, եթե կա հանրային հետաքրքրություն, պետությունը պիտի միջոցներ ձեռնարկի, ռեսուրս տրամադրի, որպեսզի կատարվի այդ դասակարգումը: Եթե լրագրողները կրկնում են նման նամակները, ուրեմն գերատեսչությունը պիտի միջոցներ ձեռնարկի ու վարի այդ վիճակագրությունը: Լրագրողները պատահաբար հարցումներ չեն ներկայացնում, ուրեմն կա հանրային հետաքրքրություն այդ հարցի շուրջ: Պետք է հաշվի նստել այդ նամակների հետ, ոչ թե ստանդարտ պատասխաններ գրել»,- շեշտեց Արա Ղազարյանը:
Ըստ Արսեն Բաբայանի՝ այն, որ պետական մարմինը այս կամ այն վիճակագրությունը չի վարում, լրագրողի խնդիրը չէ, բայց պետական մարմնինն էլ չէ: «Սահմանադրության 5-րդ հոդվածից գիտենք, որ պետական մարմիններն անում են միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորված են օրենքով: Եթե ղեկավարվենք ցանկացած հարցում անողին աջակցելու սկզբունքով, միևնույնն է, էլի չենք կարողանա օբյեկտիվ պատճառներից ելնելով անել»,- ասում է Արսեն Բաբայանը:
Արա Ղազարյանն էլ հակադարձում է՝ վկայակոչելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ պետական մարմինները կաշկանդված են մարդու իրավունքներով, դարձել է կարգախոսային և չի գործում: «Պետությունը հաշվի չի նստում նրա հետ, որ այդ ինֆորմացիան պատկանում է քաղաքացուն, որը նա ժամանակավորապես ի պահ է տվել պետական մարմնին: Կոնցեպցիան սա է: Բայց մեր չինովնիկներն այլ կերպ են մտածում: Կարծում են, թե այդ ինֆորմացիան իրենցն է, և եթե քաղաքացին ուզում է այն, իրենք կարող են մեծահոգաբար տալ կամ չտալ այդ տեղեկատվությունը»,- շեշտում է իրավաբանը:
Ի՞նչ անել
Ըստ Արսեն Բաբայանի՝ ելքը դատարան դիմելն է. «Օրենքը երաշխավորում է՝ եթե տեղեկատվության տրամադրման մերժումը եղել է ապօրինի, ապա լրատվամիջոցը կարող է դիմել դատարան: Բարեբախտաբար, այսօր ունենք շատ դատական ակտեր, որտեղ վիճարկվել է տեղեկատվության տրամադրման մերժումը: Խնդրեմ, դիմե՛ք, հաղթե՛ք: Ամբողջ աշխարհում օրենքները զարգանում են մեկնաբանությունների շնորհիվ: Ինչ է դատական ակտը՝ օրենքների մեկնաբանություններ են»,- մեզ հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետը:
Արա Ղազարյանը ևս կողմնակից է իրավունքների համար մշտապես պայքարելուն: «Ցանկացած երկրում էլ իրավունքը միայն ամրագրելով չի գործում: Իրավունքները պրոցեսի մեջ պետք է նվաճել: Ոչ մեկը հենց այնպես դրանք չի նվիրի հանրությանը: Պետական մարմինները միտում ունեն սահմանափակելու ինֆորմացիան»,- ընդգծում է իրավաբանը:
Դատական ակտերը համացանցում են 2007 թվականից
Ինչ վերաբերում է դատաիրավական ինֆորմացիայի մատչելիությանը, ապա թե́ իրավաբանը, թե́ դատական դեպարտամենտի պաշտոնյան կարծում են, որ Հայաստանում այդ տեղեկատվությունը ավելի բաց է, քան ցանկալի է, քան, օրինակ, եվրոպական երկրներում է:
«Ես չեմ պատկերացնում ավելի մատչելի ինֆորմացիա տրամադրող պետական մարմին, քան դատական համակարգն է: Հենց միայն այն պատճառով, որ նիստերը դռնբաց են: datalex.am-ը այս ամենն ընդհանրացրեց ու է՛լ ավելի բացեց, քանի որ դատական բոլոր ակտերը հիմա հրապարակված են համացանցում: Տարեկան 100.000 գործ է քննվում, այդ ամենը արտացոլվում է տեղեկատվական համակարգում: Ամեն դատարանի գրասենյակում 1-2 անձ է աշխատում datalex.am-ի համար: Այս տեղեկատվական համակարգը մեր պետության համար պարտադիր բնույթ չի կրում: Որևէ իրավական ակտով չի կարգավորվում այն: Դա պարտավորություն էր այնքանով, որ ՀԲ-ի ֆինանսավորմամբ ներդրվեց դատաիրավական բարեփոխումների ծրագրով: 2007թ.-ից առաջ պետք էր անցնել ավանդական ճանապարհով. նամակով դիմել դեպարտամենտ, հնարավորություն ստանալ ծանոթանալ այս կամ այն գործին: «Հետքը» նման փորձ ունի, երբ Ձեր առջև բացվել են արխիվի դռները, ուսումնասիրել եք գործեր ու լուսաբանել»,- պարզաբանում է Արսեն Բաբայանը:
Դատաիրավական ոլորտի ինֆորմացիայի մատչելիության հարցն, ըստ Արա Ղազարյանի, պետք է դիտարկել 2007-ից առաջ և հետո կտրվածքով: «Դատական գործ ունեինք, դիմեցինք վարչական դատարան, կոնկրետ գործով դատական ակտ էինք ուզում, սպասում էինք, որ մերժում ենք ստանալու, բայց, ի զարմանս մեզ, դատարանը գտավ, որ մեզ պետք է տրամադրի այդ դատական ակտը: Դրանից հետո սկսվեցին բարեփոխումները. ստեղծվեց datalex.am որոնողական համակարգը, arils.am-ը, armlaw.am-ն արդեն կա, որտեղ կան բոլոր դատական ակտերը, ընդ որում` անվճար: Սա ավելին է, քան կա եվրոպական երկրներում: Նման համակարգեր շատ քիչ երկրներ ունեն: Ճի՛շտ է, դատավարությունները հրապարակային են, բայց ինտերնետային եղանակով բաց պահել այդքան ինֆորմացիա, որտեղ կա անձնական կյանքի մասին տեղեկատվություն, կարծում եմ, մի քիչ ավելին է, քան պետք է: Եվրոպական երկրներում, օրինակ, ընտրովի դատական ակտերն են հրապարակվում (հանրային հետաքրքրություն ունեցող, նախադեպային ուժ ունեցող գործերը), այն էլ՝ վճարովի: Ես շատ եմ որոնումներ կատարել westlaw-ով, բավականին դժվար է, նաև վճարում պիտի կատարես: Հիմա էլ ծրագիր կա, որ datalex.am-ը բարեփոխվի, դառնա ավելի ճկուն որոնման բառերի առումով»,- եզրափակեց Արա Ղազարյանը:
Մեկնաբանել