
«Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմում է լինելու Կոկո Շանելին մարմնավորած Աննա Մուգլալիսը
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մրցութային ծրագրերում ներկայացնելու է մոտ 70 ֆիլմ: Դրանք ընտրվել են 95 երկրներից ստացված շուրջ 1500 հայտերից:
Միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված է 10 ֆիլմ, իսկ միջազգային վավերագրական մրցույթում՝ 12: Փորձառու ռեժիսորների կողքին ներկայացված են նաև սկսնակ ռեժիսորների գործերը: «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի դիտարկմամբ՝ եթե անցած տարի այս ծրագրի ֆիլմերում գերակշռում էր երիտասարդների բարդ փոխհարաբերությունները ծնողների հետ թեման և իշխում էր դեպրեսիկ տրամադրությունը, ապա այս տարվա ֆիլմերը բարոյական ճգնաժամի մասին են:
«Այս տարի միգուցե այդքան դեպրեսիվ չեն լինի ֆիլմերը, բայց, միևնույնն է, ամբողջ աշխարհում հավանաբար կա այդ անահանգստությունը՝ բարոյական չափանիշների կորստի: Դրա համար էլ ամենատարբեր երկրներից ֆիլմերը գալիս են, և տեսնում ես, որ կարծես թե նույն մտահոգություններով նկարահանված ֆիլմեր լինեն»,- ասում է Մ. Ստամբոլցյանը:
Խաղարկային մրցույթի ժյուրիի կազմն այս տարի գլխավորում է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը: Կինոփառատոնային աշխարհում նա ամենաճանաչված դեմքերից է, և 2004-2011 թթ.-ին եղել է Վենետիկի ՄԿՓ-ի տնօրեն, 2012 թ.-ից՝ դարձել է Հռոմի ՄԿՓ-ի տնօրենը: Մ. Ստամբոլցյանը նշում է, որ հենց նրա շնորհիվ են եվրոպացիները բացահայտել նոր չինական կինոն: Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև ավստրիացի օպերատոր Քրիստիան Բերգերը, ով 2010 թ.-ին «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար (ռեժիսոր Միխաել Հանեկե)արժանացել է ամերիկյան կինեմատոգրաֆիստների միության մրցանակին: Ժյուրի կազմում է նաև հայկական ծագում ունեցող գրող և սցենարիստ Պետրոս Մարկարիսը Հունաստանից, Սերբիայից կինոռեժիսոր Սրդան Գոլուբովիչը: Քրիստիան Բերգերը և Պետրոս Մարկարիսը Հայաստանում անց են կացնելու նաև վարպետության դասընթացներ:
«Այս ժյուրիում մենք, մեր ավանդույթներին դավաճանելով, մի դերասանուհի ենք ընդգրկել: Թեև գիտեք, որ մեր փառատոնը համարում ենք ռեժիսորական, բայց նա հետաքրքիր դերասանուհի է»,- ասում է Մ. Ստամբոլցյանը: Խոսքը վերաբերում է ֆրանսուհի Աննա Մուգլալիսին (առաջին լուսանկարում -հեղ.), ով 2009 թ.-ին «Կոկո Շանել և Իգոր Ստրանվինսկի» ֆիլմում խաղացել է Կոկո Շանելի դերը:
Վավերագրական մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում է իտալաբնակ հայ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: Ժյուրիի կազմում են նաև Ուկրաինայից կինոքննադատ Սերգեյ Տրիմաչը, Շվեյցարիայից կինոքննադատ, Vision Du Reel կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Ջիոնա Նաձարոն, Բուլղարիայից ռեժիսոր Սվետոսլավ Ստոյանովը և ռուս կինոքննադատ Վիկոտրիա Բելոպոլսկայան:
Մեկնաբանել