
Իրավապահները ցուցաբերել են ծայրաստիճան բարեհաճ վերաբերմունք. մեղավորը մեկ օր չի ազատազրկվել
2007 թ.-ի մարտի 9-ից Մասիս քաղաքի բնակչուհի Սաթենիկ Գևորգյանը փորձում է իմանալ ճշմարտությունը՝ ինչու աղջիկը՝ 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանն այդպես էլ տուն չվերադարձավ: 7 տարի է՝ միակ երեխային կորցրած մայրը իրավապահ ու դատական մարմինների դռներն է բախում, քանի որ չի հավատում նախաքննական մարմնի վարկածին վթարի մասին: Սաթենիկին տանջում է հարցերի հարցը՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է իր աղջիկը հայտնվել Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի մեջ: Մահացած աղջկա մայրը կասկածում է, որ աղջկան բռնության են ենթարկել, ապա ձևականորեն վթար բեմադրել:
Հիշեցնենք, որ 7 տարի առաջ մարտի 9-ին երեկոյան 22:45-ին Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է:
«Հետքն» անդրադարձել է Սաթենիկի ողբերգությանը այս տարվա ապրիլին: Մենք նաև դիմել էինք ՀՀ դատական դեպարտամենտ՝ ծանոթանալու քրեական գործին: Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում (Արտաշատ քաղաքում), որտեղ տեղակայված է նաև դատական արխիվը, «Հետքը» ծանոթացավ մեկ (107 թերթ) հատորանոց քրեական գործին Արարատ Կաֆյանի վերաբերյալ (այն անձն, ով եղել է ղեկին): Գործի ողջ նյութերը կարդալով՝ հասկանալի դարձավ, որ Օպել-Վեկտրայի վարորդ, Մասիսի բնակիչ, ՌԴ քաղաքացի Արարատ Կաֆյանի նկատմամբ իրավապահները ցուցաբերել են ծայրաստիճան բարեհաճ վերաբերմունք, ինչի մասին վկայում են փաստերը:
Իրավապահների բարեհաճությունը -1
Այսպես՝ դեպքից մեկ օր անց՝ 2007 թ.-ի մարտի 10-ին Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կ.Թադևոսյանը որոշում է կայացրել Արարատ Կաֆյանի կողմից վթարի ենթարկվելու ու Սուսաննա Գևորգյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին (ՔՕ 242 հոդված 2-րդ մաս): Սակայն Արարատ Կաֆյանին որպես մեղադրյալ քննիչը ներգրավել է մոտ երկու երկու ամիս անց՝ ապրիլի 28-ին: Այդ ընթացքում Կաֆյանը ցուցմունքներ է տվել որպես վկա: Կաֆյանին մեղադրանք չի առաջադրվել անգամ այն ժամանակ, երբ նա ցուցմունքում նշել է, որ Նորամարգից Մասիս մեքենան վարել է 100 կմ/ժ արագությամբ (բնակավայրում թույլատրելի արագությունը 60 կմ/ժամ է):
Իրավապահների բարեհաճությունը -2
Իրավապահների բարեհաճությունը Արարատ Կաֆյանի նկատմամբ դրսևորվել է նաև նրան 500.000 դրամի դիմաց գրավով ազատության մեջ թողնելով: Ապրիլի 28-ին դատավոր Ջ.Պողոսյանը որոշում է կայացրել կալանքը կիրառել որպես խափանման միջոց, նույն օրն էլ որոշել է քննիչի միջնորդությամբ կալանքը փոխարինել գրավով (Դատարանի գրասենյակի ղեկավարը չթույլատրեց լուսանկարել այդ որոշումները՝ պատճառաբանելով, որ խափանման միջոց ընտրելու հարցերը որոշվում են դռնփակ նիստերում):
Իրավապահների բարեհաճությունը -3
31-ամյա Արարատ Կաֆյանը ծնունդով Մասիս քաղաքից է, սակայն աշխատելով ՌԴ-ում՝ ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Իսկ 2006-ին նա ընտանիքով եկել է հայրենի Մասիս և երեխաներին դպրոց տարել-բերել՝ օգտվելով «Սիգմա» տաքսի ծառայությունից, որտեղ էլ, որպես հեռախոսավարուհի, աշխատել է Սուսաննան:
Այն, որ մեղադրյալը այլ երկրի քաղաքացի է (նրա մոտ 50 օր շարունակ գտնվել է ՌԴ անձնագիրը), իրավապահ մարմնի մոտ կասկած չի առաջացրել, որ նա կարող է փախչել Ռուսաստան, խուսափել ու թաքնվել նախաքննությունից: Սա ևս հիմք է տալիս համոզվելու, որ նախաքննական մարմինը չափազանց մեղմ վերաբերմունք է ցուցաբերել Կաֆյանի նկատմամբ:
Ինչո՞վ է պայմանավորված եղել իրավապահների բարեհաճությունը
Վթարից անմիջապես հետո Արարատ Կաֆյանը չի զանգահարել շտապօգնություն, փոխարենը նա զանգահարել է իր աներձագին՝ Սամվել Անդրեասյանին, ով աշխատել է որպես քննիչ Մասիսի քննչական բաժանմունքում: Հենց Սամվել Անդրեասյանն է իր մեքենայով Մասիսի հիվանդանոց տեղափոխել Սուսաննայի դիակն ու Արարատ Կաֆյանին: Սուսաննայի մայրը մինչ օրս համոզված է, որ հենց քննիչ աներձագն է ապահովել Արարատի անհոգ ապագան՝ առանց մեկ օր անգամ ազատազրկվելու:
Սուսաննա Գևորգյանի մարմնի բազմաթիվ վնասվածքներին, Արարատ Կաֆյանի վերաբերյալ սթափության արձանագրությանը, Օպել-Վեկտրայի առանց համարանիշերի լուսանկարներին, գործով որևէ իրեղեն ապացույց չճանաչելուն կանդրադառնանք հաջորդիվ:
Արարատ Կաֆյանի անձնագրի լուսանկարում անձնական տվյալները սևով ջնջված են «Հետքի» կողմից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել