HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել. Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկաններն իրեն բռնության են ենթարկել

Քրեական գործ է հարուցվել կալանքի տակ գտնվող Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրասված նյութերով, ըստ որի` իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում ոստիկանները բռնություն են գործադրել իր հանդեպ՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, «քաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Հայկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը գտնվում է կալանքի տակ: Նա իր արարքը որակել էր որպես բողոքի ակցիա` ուղղված Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դեմ: Իր հերթին, Շանթ Հարությունյանը վերջին դատական նիստերից մեկի ժամանակ ողջունել էր Հայկին` նրա քայլը համարելով ճիշտ: Նա մասնավորապես ասել էր. «Հայկը ճիշտ ա արել, որ չի օգտագործել մարտական զենք։ Ես մարտական զենքի օգտագործումը համարում եմ պրովոկացիա։ Իմ և իմ ընկերների ձեռքին այս պայքարում չի կարող լինել մարտական զենք։ Եթե մեկի ձեռքին լիներ, դա էլ կհամարեի պրովոկացիա: Քանի դեռ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների հանդեպ չի կիրառում մարտական զենք, մենք դա չենք անի»:

 

309 հոդվածը սահմանում է պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերը: Իսկ 2-րդ մասը ներառում է պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով`     պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter