
«Ոստիկանները մեր տնից տուփերով օծանելիք են տարել, բայց վերադարձրել են դատարկ սրվակներ»
«Ասում էի՝ մի՛ տարեք, իմ ամուսինն է գնել, ոստիկանները պատասխանում էին՝ չի գնել»
Երևանի Նոր Նորքի բնակիչ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արգիշտ Սեդրակյանն ու նրա ընտանիքը պնդում են, որ 3 տարի առաջ իրենց տանը կատարված խուզարկության ժամանակ ոստիկանները թույլ են տվել կոպիտ խախտումներ՝ «սրբել-տանելով» իրենց ունեցվածքը:
«Ես ու սկեսուրս սարսափելի վիճակում էինք. պատկերացրեք՝ մոտ 15 ոստիկան միաժամանակյա խուզարկություն էր անում մեր տան տարբեր սենյակներում: Ասում էին, որ ամուսնուս բռնել են գողության կասկածանքով: Մեր տան ապրանքն էլ տանում էին իբրև գողոն: Ինչպե՞ս մենք՝ երկու կին, կարող էինք հետևել այդ պրոցեսին: Ֆիզիկապես անգամ դա հնարավոր չէր: Երբեմն-երբեմն տեսնում էի, թե ինչպես են շտապելով՝ տոպրակները դատարկում մեր ապրանքը: Ասում էի՝ մի՛ տարեք, իմ ամուսինն է գնել, ոստիկանները պատասխանում էին՝ չի գնել, գողացել է: Տեսա, որ տանում էին անգամ տուփերով չօգտագործված օծանելիք, տանում էին նաև կիսատ օգտագործվածներ, սակայն հետո քննիչ Արա Մկրտչյանը մի քանի այլ իրերի ու սկեսուրիս ոսկեղենի հետ միասին վերադարձրեց օծանելիքի դատարկ սրվակները: Փաստորեն մեր տան օծանելիքները լիքը-լիքը, որոշները նաև՝ կիսատ տարան, բայց ետ տվեցին դատարկ շշերը: Հիմա ինձ ասում են՝ ապացուցիր, որ դրանք ձեր ապրանքներն են: Ինչպե՞ս ապացուցեմ, երբ անգամ էլեկտրատեխնիկայի գրքույկներն են ոստիկանները տարել»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Արգիշտ Սեդրակյանի կինը՝ Սուսաննա Սեդրակյանը:
Այս պատմությանը «Հետքն» անդրադարձել է՝ նշելով 2011 թ-ի մարտի 23-ին Սեդրակյանների բնակարանում և այդ գիշեր Արգիշտ Սեդրակյանի հետ տեղի ունեցածի մասին: Գողության կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկված Արգիշտ Սեդրակյանն, իր ցուցմունքների համաձայն, ենթարկվել է բռնության, նրան ստիպել են իր վրա վերցնել 2007 թ-ից ի վեր չբացահայտված գողության մոտ 15 դրվագ: Հակառակ դեպքում՝ ոստիկանները սպառնացել են ծանր վիճակի մեջ դնել թե՛ իրեն, թե՛ ընտանիքի անդամներին: Նույն օրը՝ 2011 թ-ի մարտի 23-ին Սեդրակյանների բնակարանում կատարվել է խուզարկություն, ըստ Արգիշտ Սեդրակյանի տված հաղորդման, կոպտագույն խախտումներով:
Ժամեր տևած խուզարկության ողջ պրոցեսին ընթերակաները չեն մասնակցել
Խուզարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին Սուսաննա Սեդրակյանը բազմաթիվ ատյաններ է դիմել՝ Գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին, Հատուկ քննչական ծառայություն: Արգիշտի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով, անցյալ տարվա նոյեմբերին հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով: Քրեական օրենսգրքի 309 հոդվածը սահմանում է պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերը:
ՀՔԾ պաշտոնական կայքէջում կարդում ենք. «Ըստ Ա.Ս.-ի հաղորդման, 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի և խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը»:
Սակայն 1 ամիս անց ՀԿԾ ՀԿԳ քննիչ Էդ. Պողոսյանը որոշում է կայացրել գործը կարճելու մասին՝ որպես հիմք նշելով հանցակազմի բացակայությունը:
Հենց այս որոշումն էլ Արգիշտ Սեդրակյանը վիճարկում է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նախորդ նիստերից մեկից հետո «Հետքը» փորձեց լսել քննիչի հիմնավորումները, սակայն Էդ.Պողոսյանը նշեց, որ իր հիմնավորումները կարող եմ գտնել կարճման որոշման մեջ, որը նա տրամադրել է Արգիշտ Սեդրակյանի փաստաբանին ու դատարանին:
«Հետքը» ծանոթացավ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Պողոսյանի որոշմանը, որտեղ հիմնականում հարցաքննվել էին քաղաքացի Արգիշտ Սեդրակյանին բերման ենթարկած անձինք, խուզարկություն կատարած 2 ոստիկան, ովքեր պնդել են, որ ամեն ինչ արվել է օրենքի և օրինականության շրջանակներում, որ Արգիշտին մատով անգամ չեն կպել, որ խուզարկությանը մասնակցել են Սեդրակյանի կինն ու մայրը, նաև 2 ընթերակա: Սակայն ՀՔԾ ՀԿԳ քննիչ Պողոսյանը չի հարցաքննել Արգիշտի մորն ու կնոջը, ովքեր պնդում են, որ չեն կարողացել հետևել և՛ ավտոտնակում, և՛ տան 3 սենյակներում միաժամանակ կատարվող խուզարկությանը: Քննիչ Պողոսյանը չի հարցաքննել նաև ընթերականերին, որոնք եղել են Արգիշտի 2 հարևանները:
«Մի ընթերական՝ երիտասարդ կին էր՝ Ելենա (Էլեն) Հակոբյանը (հիմա ՀՀ-ում չէ): Նա երեխան ձեռքին էր, մոտ 1 ժամ անց գնաց, քանի որ երեխան անհանգիստ էր: Նա, ի դեպ, գրություն է գրել, որ իրեն գեսգիշերին արթնացրել են ու ստիպել ստորագրել, թե, իբր, մասնակցել է խուզարկության ողջ պրոցեսին: Մյուս ընթերական՝ Վազգեն Ադոնցը, ներկա է եղել միայն ավտոտնակի խուզարկությանը, հետո մրսել ու տուն է գնացել»,- ասաց Սուսաննա Սեդրակյանը:
«Մենք կասկածում ենք, որ միտումնավոր են կիսատ նկարահանված նյութ տալիս մեզ»
Արգիշտ Սեդրակյանը քննիչին ներկայացրել է իր տնից վերցրած ոսկյա իրերի ու ապրանքների ամբողջական ցանկը՝ մոտ 500 անուն ապրանք, այնուհետև քննիչի հետ ու ընթերակաների մասնակցությամբ իրեղեն ապացույցների սենյակում միասին են կատարել զննություն, որն ամբողջովին տեսանկարահանվել է: Սակայն արդեն երկրորդ անգամ Սեդրակյանը չի կարողանում ստանալ այդ տեսագրության ամբողջական նյութը:
«Հետքը» զրուցեց Արգիշտ Սեդրակյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հետ. «Արգիշտը պահանջում էր, որ քննիչի ու ընթերակաների ներկայությամբ տեսագրված սկավառակը տրամադրվի իրեն: Սկզբում տրամադրեցին, բայց կիսատ էր, նիստի ժամանակ քննիչը պատճառաբանեց, թե տեխնիկական խնդիր է եղել: Երկրորդ անգամ տրամադրեցին մեկ այլ սկավառակ, ուսումնասիրեցինք, սա էլ է կիսատ: Մենք կասկածում ենք, որ միտումնավոր են մեզ տրամադրում կիսատ նկարահանված նյութ: Հիմա միջնորդել ենք Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բեկթաշյանին, որ մեզ տրամադրի դատարանի տրամադրության տակ գտնվող օրինակը: Մենք կհամեմատենք և մյուս նիստին մեր դիրքորոշումը կհայտնենք»,-ասաց պաշտպանը:
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 16-ին:
Մեկնաբանել