HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու տնից ոստիկանները տարել են անգամ Սուրբ գիրքը

Արգիշտ Սեդրակյանն իր ընտանիքի հետ ապրել է Երևանի Գալշոյան փողոցի 38/1 շենքում մինչև 2011 թ-ի մարտի 23-ը: Այդ օրը նրան բերման են ենթարկել գողության կասկածանքով: 3 տարի է՝ նա գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Արգիշտ Սեդրակյանին մեղադրել են 2007 թ-ից մինչև 2011 թվականները կատարված, նախկինում չբացահայտված մոտ 20 գողությունների ու մեկ ավազակային հարձակման մեջ՝ դատապարտելով 13 տարվա ազատազրկման: Բողոքն այս պահին Վճռաբեկ դատարանում է:

Արգիշտը պնդում է, որ իրեն բերման են ենթարկել բռնություններով, ստիպել տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, մոտ 15 գողության գործ են վերագրել իրեն ու ամենակարևորը՝ անհիմն մեղադրել ավազակային հարձակման մեջ: Արգիշտին բերման ենթարկելու օրը խուզարկություն է կատարվել նրանց բնակարանում: Սեդրակյանները նշում են, որ իրենց տնից գողոնի անվան տակ տարել են մեծ քանակությամբ իրեր, ոսկեղեն, էլեկտրատեխնիկա, սակայն մինչ օրս վերադարձրել են միայն դրանց չնչին մասը:

ՀՔԾ-ում Արգիշտ Սեդրակյանի հաղորդման հիման վրա անցյալ տարվա նոյեմբերի 25-ին քրեական գործ է հարուցվել, ապա մեկ ամիս անց քննիչ Էդգար Պողոսյանն այն կարճել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Հետքը» ծանոթացավ կարճման որոշմանն ու հարցաքննված անձանց ցուցակին: Պարզվեց, որ քննիչ Պողոսյանը հարցաքննել է միայն Արգիշտ Սեդրակյանին բերման ենթարկած անձանց, խուզարկություն կարարած մի քանի քննիչների ու օպերլիազորների, ովքեր պնդել են, որ 3-4 հոգով են կատարել Սեդրակյանի տան խուզարկությունը: Նրանք՝ ոստիկանության Երևանի վարչության 5-րդ բաժանմունքի օպերլիազոր Գագիկ Սարուխանյանն ու քննիչ Վահան Պողոսյանը, պնդել են, որ խուզարկության ողջ գործընթացին հետևել են Արգիշտ Սեդրակյանի մայրը՝ Լաուրա Դավթյանը, կինը՝ Սուսաննա Սեդրակյանը և երկու ընթերակաները: Սակայն թե՛ Լաուրա Դավթյանին, թե՛ Սուսաննա Սեդրակյանին և թե՛ երկու ընթերականերին ՀՔԾ քննիչ Պողոսյանը չի հարցաքննել:

«Հետքը» եղավ Սեդրակյանների բնակարանում, որտեղ կատարվել էր խուզարկությունը: Պատերին առկա էին խուզարկության հետքերը: «Դինամիկներ էին պատերին կպցված, պոկել, տարել են»,-ասաց տան տիրուհին՝ Սուսաննան, ով պնդում է, որ 10-15 հոգով են կատարել իրենց տան խուզարկությունը.

«Ընթերակա Վազգեն Ադոնցը կարող է պատմել, թե ինչ էր կատարվում մեր տանը»,- ասաց Սուսաննան:


«Հետքը»  զրուցեց ընթերակա, Սեդրակյանների հարևան Վազգեն Ադոնցի հետ, ով պատմեց հետևյալը: Մենք հրապարակում ենք նաև նրա հետ զրույցի ձայնագրությունը՝ հույսով, որ այս բացահայտումները կօգնեն Հատուկ քննչական ծառայությանը:


Ընթերակա Վազգեն Ադոնցը «Հետքին» պատմեց հետևյալը. «Մեր դուռը զանգեցին, երկու հոգի էին, բա՛, ուզում ենք ընթերակա լինեք: Ոչ մեկը համազգեստով չէր, բոլորը շտատսկի, վկայական ցույց չտվեցին: Ամեն մեկի հետևին «Մակարով» ատրճանակը դրած: Վահանն էլ՝ Արգիշտի տղան, վախեցել էր, ասում էր՝ բոլորը զինված են... չներկայացան, էկանք էստեղ, դուռը փակ էր, երեխաները վախեցել էին, դուռը ներսից փակել: Ես հաշվել եմ, ճշգրիտ թիվը 11 հոգի էին վարորդներին հանած: Ինձ փաստորեն խափեցին, թե Արգիշտին գողության վայրում բռնել ենք՝ զենքը ձեռքին: Էսքանը, որ ասեցին Սուսաննան եկավ: Ասեց, որ հիմա դուռը բացեմ, էսքան մարդ մտնելու է մեր տո՞ւն: Ասեցին՝ չէ, ընդամենը 2 հոգի: Հենց Սուսաննան ասաց՝ էրեխեք դուռը բացեք, 11 հոգին լցվեց տուն: Գլխավորն ասեց՝ տունը ինչքան էլեկտրական սարք կա, բոլորը հավաքեք-հանում ենք դուրս: Արգիշտիից և՛ գարաժի, և՛ տան բանալիները վերցրել էին... Իջանք գարաժ, Վահանն էլ մեր հետ: Էդ ժամանակ անչափահաս էր, սկսեցին էդ էրեխու վրա գոռալ, թե քո հայրը գող ա: Դա հանցագործություն ա, որովհետև երեխան կարող ա ազդվի, գնա իր գլխին մի օյին խաղա: Դա այլանդակություն ա, կներեք: Գարաժը բացեցին: Երևի մի ահագին չբացահայտված գործ ունեն: Ինչ տեսնում են, գոռում են՝ սա էն գործն ա... Ասեցի՝ բարձրանամ մի հատ կուրտկա հագնեմ: Հագա, եկա արդեն էստեղ, որովհետև գարաժում ամեն ինչ վերջացրել էին, բայց ոչ մի բան չէին գրել, հետո մեկին ոնց-որ ուղարկեցին, որ ներքևում գրի: Տեսնեմ ինչ կա-չկա կրում են. էս մարդկանց ֆենը, Սուրբ գիրքը, արաղի շշերը, կներեք ինձ համար հարց ա՝ արաղի շշով հնարավո՞ր ա պարզել՝ գողացած ա, թե գողացած չի, եթե խանութում վաճառվում ա: Ինչ տանը եղել ա,  տարել են՝ բացի հանրագիտարանից, աթոռներից ու շուշեղենից... Արգիշտի մայրը շատ վատացավ, սկորի կանչեցին ու իրենք լրիվ անջատվել էին, վախեցած էին՝ 11 հոգի տունը կրում են: Ես ստիպված նստել եմ հյուրասենյակում, 2 հոգի նստած էին հյուրասենյակում, գրում էին: Սաղ սենյակներից բերում էին տոպրակներով, գրում էին՝ էսինչ գույնի տոպրակն ա, տարան... շատ թեթև-սոլիկ ձևի էր... ասենք՝ մի ժամացույց էր մեկի ձեռքը ընկել, էժանագին ժամացույց, վերևի խանութում 1500 դրամ կլինի: Մեկը զանգեց մի դեպուտատի, թե պարոն էսինչյան՝ ձեր ժամացույցը գտնվել ա ու դրեց գրպանը: Մինչև հիմա էս մարդիկ նույնիսկ իրենց տան բանալիները չեն ստացել: Ցուցակն էլ կազմելուց կոպիա չարեցին: Ես խամ էի, բայց եթե պահանջեի, ինչ կարայի անել՝ 11 զինված մարդ... ես մյուս սենյակները չեմ էլ մտել, որովհետև չեմ կարող 1 հոգով 11 հոգու հետևեմ: Տոպրակների պարունակությունը գրում էին, բայց հատ-հատ չէին գրում: Մինչև գիշերվա 2-ը տևեց, գնացին էն մյուս ընթերակայի մոտ, ստորագրությունը վերցրեցին, իջան: Ոչ մեկը ինձ չի հարցաքննել»:

 «Հետքը»  զրուցեց նաև Արգիշտ Սեդրակյանի մոր՝ Լաուրա Դավթյանի ու կնոջ՝ Սուսաննա Սեդրակյանի հետ:

 

Արգիշտ Սեդրակյանի կինը, ում նույնպես չի հարցաքննել ՀՔԾ քննիչ Պողոսյանը, մեզ պատմեց հետևյալի մասին. «Ինչը գրանցել էին, հետ են տվել, իսկ մնացածի համար քննիչ Արա Մկրտչյանն ասաց, որ դեռ չի կարող տալ, բայց ասաց, որ մեզնից շատ է ուզում, որ հետ տա մեր ապրանքը: Երբ եկան խուզարկության, ոչ մեկը մեզ չբացատրեց մեր իրավունքները, նույնիսկ չեմ իմացել, որ կարող ենք դիտողություններ գրել: Միայն վերջում ասացին, շուտ արա, ստորագրի, ասացին, որ պարտավոր ես ստորագրել: Ինձ ննջարանից դուրս հանեցին, ասացին՝ դու չպիտի լինես այստեղ... Վազգենն իջել էր գարաժ, ընթերակա աղջիկը բարձրացել էր վերև, մաման վատացավ, ընկավ աթոռին: Գոռում եմ, որ Շտապ օգնություն կանչեն, 3 հոգի ամենաքիչը քանդում են դարակները, աչքները չեն թեքում, որ նայեն իմ կողմ»:

Այն, որ խուզարկության ժամանակ շտապ օգնության բրիգադ է հրավիրվել, վկայում է այս գրությունը:

 «Հետքը»  զրուցեց նաև 2011 թ-ի մարտի 23-ին տիկին Լաուրային զննած բուժքույր Օհանյան Ամալյայի հետ, ով հայտնեց, որ նման դեպքեր շատ են լինում, երբ խուզարկություն է ոստիկանությունը կատարում ու տան տերերը վատանում են, ասաց, որ 3 տարի է անցել ու կոնկրետ դեպքի մասին չի հիշում:

Արգիշտի մայրն էլ «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ քննիչ Արա Մկրտչյանը իրեն քաշել է  մի կողմ ու  ասել՝ հարսիդ ասա, թող քիչ խոսի, թե չէ գողության մի էպիզոդ էլ կավելացնենք Արգիշտի վրա:

«Ես ու Սուսաննան գնացինք, ասում է՝ ինչո՞ւ եք հարս ու սկեսուր եկել, բա ո՞ւր են Արգիշտի ընկերները, բա, ինչո՞ւ չեն բերում փողերը լցնում սեղանին: Մենք պատրաստ ենք ձեզ օգնել, ե՞րբ եկան, բերեցին, մենք էլ չօգնեցինք:

Ասեցի՝ ոսկեղենը տանեմ-ծախեմ, տեսնեմ՝ ինչ կարող ենք անել, ասեցին՝ էդ շատ քիչ ա»,-պատմեց Լաուրա Դավթյանը:

 

 

 

Առաջին լուսանկարում` Արգիշտ Սեդրակյանը կնոջ հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter