HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբանը դիմել է դատարան

«Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել». մեղադրող դատախազ 

1995թ. պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված, Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի դատավճիռը նոր հանգամանքով չբեկանելու` ՀՀ գլխավոր դատախազության որոշումը վիճարկվում է Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին «Հետքին» հայտնեց 19 տարի բանտում պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի փաստաբան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանը որոշում էր կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին: Հիշյալ որոշումը Սողոմոն Քոչարյանին և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահին ուղարկվել էր 2014թ. հունիսի 2-ին:   

Վարույթի հարուցման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայստանում Իրանի դեսպանը: Հակառակ դեպքում նա սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 

«Ակնհայտ է, որ դատախազի գործունեությանը 1995թ. միջամտել են». փաստաբան 

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հանդիպել է Սողոմոն Քոչարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որոշում են կայացրել բողոք բերել գլխավոր դատախազության որոշման դեմ: Փաստաբանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել, կատարվել է օրենքի ոչ ճիշտ մեկնաբանում: 

Գլխավոր դատախազության մերժման որոշման մեջ կարդում ենք. «Հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Դրանում ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը` անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին»:

«Քաղաքական պատվերն ու ճնշումը դատախազության վրա եղել են մեկ այլ պետության կողմից». փաստաբան

Սակայն, մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ցմահ զատատազրկում) Սողոմոն Քոչարյանի փաստաբանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գործով մեղադրողի հայտարարությունը ոչ թե անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին է, ինչպես մեղմորեն ներկայացրել է դատախազությունը, այլ հայտարարություն է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասին:

«Ավելին` մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանը հայտարարել է, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել: Այն էլ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության կողմից»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը` շեշտելով, որ գլխավոր դատախազության այն պնդումը, որ հաղորդմամբ ներկայացված չէ որևէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը հիմնավորված չէ. «Արդյո՞ք գործով մեղադրողի հնչեցրած հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Սողոմոն Քոչարյանի արարքն իրականում եղել է նվազ ծանր, քան ներկայացվել է և որի համար պահանջվել է մահապատիժ: Իսկ եթե գործով մեղադրողը հայտարարեր ոչ թե արարքը նվազ ծանր լինելու մասին, այլ այն մասին, որ Սողոմոն Քոչարյանը եղել է անմեղ, արդյո՞ք գլխավոր դատախազությունը նույնպես պետք է պնդեր, որ դա նոր երևան եկած հանգամանք չէ»,-ասաց փաստաբանը: 

Բացի այդ, ինչպես գործող, այնպես էլ վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած ՀՀ քրեական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի գործունեությանը ցանկացած ձևով միջամտության համար: «Ակնհայտ է, որ գործով դատախազի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն»,- նկատեց Ռևազյանը: 

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն իր բողոքով խնդրում է դատարանին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության 2014թ.-ի մայիսի 31-ի որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter