HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ղզիկական ոջիլների», փախչելու եւ զգացական վերագրումների մասին․ Հովհաննես Թեքգյոզյան

Թեքգյոզյանն այն բացառիկ դեմքերից է, ում կարելի է հանդիպել ամենուր։ Շարժման մեջ գտնվող գրողը, դերասանը իրեն «վավերագրող» է համարում։ Տարբեր առիթներով զրուցել եմ նրա հետ, զրույցներից մեկը հրապարակվել է երկու տարի առաջ։

Այժմ ուշադրությանս կենտրոնում Հովհաննեսի երկու վեպերն են՝ «Փախչող քաղաքը» եւ «Մաշկացավ»-ը, որոնցից հատկապես առաջինն արդեն միջազգային գրական ասպարեզում լուրջ հետաքրքրություն է առաջացրել եւ առաջիկայում հրատարակվելու է Թուրքիայում։

Վերջին անգամ, երբ զրուցում էինք մի միջավայրում, ասացիր, որ կդադարես գրել, երբ զգաս, որ սպառվել ես։ Այս արտահայտությունը մի անգամ էլ էիր արելհավատս չէր եկել։ Բայց երբ այդքան տարի անց հեռացար Դրամատիկական թատրոնից, որոշ հարցեր առաջացան, այնուամենայնիվ։ Ի՞նչն էր պատճառը։

Արվեստը, առաջին հերթին, հարաբերություն է ստեղծագործողի եւ ստեղծագործության միջեւ: Երբեւէ մտածե՞լ ես, որ դու կարող ես քո ստեղծագործության դուրը չգալ:  Ես արվեստում չեմ առաջնորդվում տոտալիտար-ինքնաբավ զգացողություններով, իբր թե ես արարիչ եմ, էդ ստեղծագործությունն էլ իմ ստրուկն է:  Հեռացա, քանի որ կյանքը ինձ համար ավարտվել էր, իսկ վերջացած արվեստի հոգեդարձը երկարատեւ, դաժան եւ միաժամանակ անհույս գործընթաց է: Առհասարակ  հեռանալը ստեղծագործելուց կարևոր է․ միայն էդ դեպքում դու վերադարձի թեկուզ չնչին, բայց շանս ունենում ես:  

«Շինծու»,  «չուգունե»,  «սվիտրոտ», «ուրվականատիպ»,  «չլաքած», «սերիալատրուսիկային»․․․ Այս վերագրությունները հատուկ եմ մեջբերել, որովհետեւ սրանք հանդիպել եմ քո ստեղծագործությունների մեջ, երբ որակում ես զգացողությունը եւ այն վերածում «շինծու» կամ «սվիտրոտ» իրականության։ Զգայական շերտո՞վ են պայմանավորված «Փախչող քաղաքը» եւ «Մաշկացավ»-ը։

Չգիտեմ՝ զգացածիս քանի տոկոսն եմ կարողանում արտահայտել, քանի որ գրի վրա չեմ բռնանում, իսկ նա քեզնից դուրս ինքնաարտահայտվելու պահանջ, այնուամենայնիվ, ունի: Հա՛, ի դեպ, էս վերջերս մի տարօրինակ բացահայտում արեցի: Գործերս շատ արագ իմ ներսից մաքրում եմ, բայց բառացիորեն մի քանի օր առաջ մի կարեւոր մտքի վրա ինձ բռնացրեցի. եթե տարիներ անց իմ իսկ ստեղծագործությունները վերընթերցելիս նոր բան չեմ սովորում կամ հայտնաբերում,  ուրեմն էդ ստեղծագործությունը չի ստացվել: Իսկ էդ երկու վեպերս (վե՜պ, չէ~ մի՜ չէ` պոզեր) ինձ ցավ պատճառած երեւույթների եւ մարդկանց շուրջ բացահայտումներ են: Ընդամենը…

Քաղաքին շատ ամուր ես կպածբոլոր գործերումդ դա հստակ զգացվում է։ Ու, չնայած շատերին թվում է՝ տեսակով ավելի ընդվզող ես, բայց նույն քաղաքում ապրելով՝ հանդուրժում ես շատ բաներ։ Սրանց արտահայտու՞մն է, որ տեղ է գտնում տեքստերիդ մեջ, մասնավորապես` երկու վեպերում։

«Տասնվեց ու կես տարեկան: Մարմինս նոր-նոր է ձևավորվել, թեւերս լոբի են, մեջքիս վրա վախից պզուկներ են աճել: Դեմքս մանկական է, արտահայտիչ: Հագնված եմ վատ: Զգեստներիս գորշությունը շարժումներս կաշկանդում է: Չեմ զռռում… Երբեք… Ինձ տեսնողին թվում է` կեղտոտ եմ, չեմ լողանում, կիսաթափ մազերիս մեջ էլ ղզիկական ոջիլներ կան: Բայց մարմինս անվտանգ է. ուզող չունեմ…:

…Կրկին տեսնում եմ ինձ տասնվեց ու կես տարեկան… Դեմքիս վրա մենակ մանկական աչքերն են մնացել: Էս քաղաքում մատ չմնաց, որ ինձ ցույց չտա: Լեզու չմնաց, որ իր վատ բառապաշարից ինձ բաժին չհանի: Ձայն չմնաց, որ մեջքիցս չխփի: Ես Երեւանի մասսայական տեսարանների մասնակիցն եմ՝ արհամարհված, ծաղրի առարկա…  Բա ինչի՞ չեմ փախչում… Չգիտեմ… Չգիտեմը… Չգիտեմը չիմանալով չի, տգետ էլ չի…»:

                                                                            (Հատված «Անվտանգ մարմին» նոր գրվող գործից):

Երկու վեպերիդ մասին տարբեր կարծիքներ եմ լսել։ Դու ինքդ հաճախ ես շեշտում, որ երբ ավարտում ես գործը, վերջինիս հետ առչությունն ավարտվում է, այլեւս վերամշակելու եւ միջամտելու շանսեր չես ունենում։ Էդպիսի բան լինու՞մ է։ Ի՞նչ տեսակ ընդհատման մասին է խոսքը։

Յուրաքանչյուր հետաքրքիր միտք քննարկումից է ծնվում: Իսկ քննարկումից խուսափողները, սովորաբար, կամ մեծամիտ-տհաս են (ոչ ֆիզիկական իմաստով, իհարկե)  կամ բռնակալ: Առաջինների հետ միտքդ միանգամից համակենտրոնացման ճամբարում է հայտնվում: Կարճ ասած՝ հետաքրքիր չի տհասի հետ, իսկ երկրորդների դեմ պայքարելը ուղիղ առումով յուրաքանչյուր խելամիտ մարդու գործն է (գործը, մի տեսակ, հայ մեդիայական, պաթետիկ հնչեց): Ինչ վերաբերում է տեքստին, ստեղծագործության ավարտից հետո ներսումդ մնացած տեքստային պատառիկները hետվիրահատական շրջանի վիրակապային թափոնների են նման, որոնք, մարմնիդ մեջ անփութորեն մնալով, տանջում ու նեղություն են պատճառում: Էն դեպքում, երբ զգացողություններդ ու միտքդ արդեն ամբողջացել են:       

Մի ընթերցող իր անձնական բլոգում գրելով քո «Մաշկացավ»-ի մասին` այսպիսի որակում է տվել «Թեքգյոզյան կարդալիս քրտնում եմ․․․ »։

Նա կարողացել էր զգայական շերտով ըմբռնել զգացողություններս` դեռ չգտնելով դեպի միտք տանող բանալին: Երեւի էդպես է սկսվում ստեղծագործության ճանապարհը: Չգիտեմ…  

Եվ, այնուամենայնիվ, հիմա երկու ավարտված եւ հրատարակված վեպերդ այս ու այն գրական-հրատարակչական ճանապարհներին են՝ միջազգային․․․ Ու՞ր են հասել։

Չես հավատու՞մ, որ իրենց բաց եմ թողել․․․Էլի չես հավատում։ Հիմա որ ասեմ` չգիտեմ տեղը տեղին, չես հավատալու, բայց, անկեղծ եմ ասում, մանրամասներ չգիտեմ՝ բացի այն, որ քո ասած «ճանապարհներին» են։ Դրա մասին ավելի մանրամասն Արեւիկը կարող է ասել։

Կապ եմ հաստատում Առաջին գրական գործակալության հիմնադիր, Հովհաննեսի գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ, ում բացատրում եմ այն, ինչ գրել եմ վերեւում։ Արեւիկը տեղեկացնում է ««Փախչող քաղաքը» շուտով կհրատարակվի թուրքերեն՝ թուրքական «Այրընթի» հրատարակչության կողմից: Վեպի անգլերեն եւ ռուսերեն տարբերակներն էլ կան, եւ այժմ բանակցություններ են ընթանում հրատարակման համար: Վեպի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ այլ հրատարակչություններ, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից։ Իսկ «Մաշկացավ»-ը դեռ նոր է մեր ցանկում, եւ դեռեւս անգլերեն թարգմանության հատվածներ կան միայն, որն օգտագործվում է հրատարակիչներին հետաքրքրելու համար։ Ահա այսպիսի հետաքրքրության շրջանակներում են Թեքգյոզյանի գործերը»։

Լուսանկարը՝ Հովհաննես Թեքգյոզյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter