HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկին տվեք իր հասանելիք զինվորական թոշակը

Բաց նամակ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

«Հետքը» բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արցախյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ, 20-րդ տարին բանտում գտնվող, ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի մասին:

Անդրադարձել ենք նրա վերաբերյալ քրեական գործին, նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման խնդրանքով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցազրույց ենք վարել ցմահ բանտարկյալի հետ` ներկայացնելով նրա անցած մարտական ուղին: Գրել ենք նրա առողջական խնդիրների ու ընտանեկան անդառնալի կորուստների  մասին:

Արցախյան պատերազմով անցած հետախույզը ծնվել է 1966 թ.-ին Բաքվում, 1988 թ.-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: «Մխիթար Սպարապետ» ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Սողոմոն Քոչարյանը մասնակցել է Շուռնուխի, Կոռնիձորի, Հորադիզի, Քարվաճառի, Միրքենդի, Ջեբրայիլի մարտերին, Կուբաթլու-Լաչին օպերացիայում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած՝ նորից կռվի դաշտ վերադարձել, երկու անգամ կոնտուզիա է ստացել, 1994-ին՝ ձեռքի ծանր բեկորային վնասվածք: 2-րդ կարգի հաշմանդամ է: 1995 թ.-ին դատապարտվել է մահապատժի ՀՀ Գերագույն դատարանի կողմից` մեղադրվելով իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեջ (2003 թ.-ից ցմահ ազատազրկում):

Անցած 20 տարիներին Սողոմոնը կորցրել է ընտանիքը. կինը մահացել է ծանր հիվանդությունից, 19-ամյա դուստրն, ով հորը 4 անգամ է ընդամենը տեսել, ինքնասպանություն է գործել այս տարի: Աղջկա մահից հետո ծանր հոգեկան ապրումների մեջ է: Նա մշտապես բողոքում է առողջությունից, որովայնի ցավերից: Հեռավոր մարզից պարբերաբար նրան դիետիկ սնունդ ու դեղորայք է հասցնում թոշակառու մայրը: «Էրեբունի» ԲԿ-ից բժիշկներն ամիսներ առաջ սոնոգրաֆիա են կատարել, սակայն անգամ պատասխան չի տրվել դատապարտյալին:

2-րդ կարգի հաշմանդամ ցմահ դատապարտյալը 20-րդ տարին է, չի ստանում իրեն հասանելիք զինվորական թոշակը: «Հետքը» մի քանի անգամ բարձրաձայնել է, որ Սողոմոն Քոչարյանը, 1995 թ.-ին մահապատժի դատապարտվելով, չի ստացել իր զինվորական թոշակը: Թեպետ մենք ներկայացրել ենք Գորիսի զինկոմիսարիատից ստացած տեղեկանքն այն մասին, որ Սողոմոն Քոչարյանը 1993-95 թթ.-ին ստացել է զինվորական թոշակ:

Քոչարյանի անձնական գործում դեռ խորհրդային անձնագիրն է, որով բնական է` որևէ գործարք չի կատարվում:  Ցմահ բանտարկյալի մայրը և քույրը «Հետքին» հայտնել են, որ Սողոմոնը պարբերաբար բարձրացրել է իր անձնագիրը փոխելու հարցը, սակայն անարդյունք: Շուրջ հինգ ամիս առաջ ցմահ դատապարտյալը դարձյալ դիմել է, որ իրեն տրվի ՀՀ անձնագիր, սակայն հարցի լուծումը ձգձգվում է:

«Հետքը» դիմել է ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն: Հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը նշել է, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատապարտված անձանց մասով կա խնդիր. «Անձը պետք է մատնահետքեր հանձնի, լուսանկարվի անձնագրային բաժանմունքում: Սակայն օրենքում նշված է նաև, որ դատապարտյալը կարող է անձը հաստատող ժամանակավոր վկայական ստանալ: ՔԿՎ առաջարկով նաև մտածում ենք ժամանակավոր վկայականների վավերականության ժամկետները ավելացնել, օրինակ, դարձնել 10 տարի: Պետք է օրենքում կամ կառավարության կարգում կատարվի այդ փոփոխությունը: Դրանից հետո եթե դատապարտյալները դիմեն ժամանակավոր վկայականներ ստանալու համար, արդեն ՔԿՀ-ներում, ինչպես նախկինում էր արվում, դատապարտյալներին կլուսանկարեն հիմնարկների լուսանկարիչները: Համապատասխան փաթեթը՝ լուսանկարներով, ՔԿՀ վարչակազմը կփոխանցվի տեղի անձնագրային բաժանմունքներ, և անձը կստանա ժամանակավոր վկայական»,- պարզաբանել է ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը:

«Հետքը» դիմել է նաև ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունք: Բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասել է, որ չեն ստացել Սողոմոն Քոչարյան անուն-ազգանունով փաթեթ: «Անհրաժեշտ փաստաթղթերը մեզ պիտի ուղարկի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը: 1998 թ.-ի կառավարության 821-Ն որոշումը այս տարվա հունվարի 1-ից չի գործում, մարդիկ ստանում են նույնականացման քարտեր: Իսկ դատապարտյալները կարող են ստանալ ժամանակավոր վկայականներ, սակայն կառավարության 411-Ն որոշման համաձայն, դրանք տրվում են 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետը պիտի երկարացվի: Առաջարկ կա դատապարտյալների համար ժամանակավոր վկայականների վավերականության ժամկետը սահմանել այնքան, որքան նախատեսված է նրանց ազատազրկումը կամ 10 տարի ժամկետով»,- նշել է Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը:

Խոսել ենք նաև ԱՆ քրեկատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով նշել է, որ Սողոմոն Քոչարյանի դիմումը ընթացքի մեջ է: «Այս պահին մենք առաջնորդվում ենք կառավարության 2012 թ.-ի ապրիլի 5-ի 411-Ն որոշմամբ, որով սահմանված է ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը»:

Մինչ կառավարությունը նոր կարգեր է սահմանում, փոփոխում, ԱԺ-ն նոր օրենքներ է ընդունում, խախտվում է քաղաքացու, կոնկրետ դեպքում՝ Սողոմոն Քոչարյանի իրավունքը՝ ունենալ անձնագիր ու ստանալ իրեն հասանելիք զինվորական թոշակը, որով նա կարող է հոգալ իր դեղորայքի ու սննդի հարցերը:  

Այս բոլոր բարձրաձայնումների արդյունքում ևս իրավիճակը չի փոխվել, ուստի բաց նամակով ենք դիմում Ձեզ: Մենք գիտակցում ենք, որ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի վերաբացմանն առնչվող խնդիրները վեր են Ձեր լիազորություններից, սակայն որպես արդարադատության նախարար, Ձեր տիրույթում են Սողոմոն Քոչարյանի առողջությանը, քաղաքացիական իրավունքների իրացմանը վերաբերող հարցերը:

Ուստի խնդրում ենք հրահանգել`

անցկացնել Սողոմոն Քոչարյանի բժշկական հետազոտություն,

լուծել անձնագրային խնդիրները,

լուծել զինվորական թոշակի հարցը:

Էդիկ Բաղդասարյան` «Հետք» թերթի խմբագիր

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Գոնե այս երեք բանն արեք, այ անխիղճներ, տեղից էլ մարդը վատառողջ է ձեզ ու ձեր սերունդների վրա մեղքեր մի բարդեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter