
13 պետական ծառայող դատապարտվեց մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների թոշակները յուրացնելու համար
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման (մեղադրող դատախազը պահանջել էր 13 տարի):
Սա ամենաբարձր պատժաչափն էր, որ գործով ներգրավված 13 պետական ծառայողների նկատմամբ կիրառեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Խաչիկյանից և մյուս 12 ամբաստանյալներից հօգուտ պետության կբռնագանձվի 296 115 252 ՀՀ դրամ:
Շուրջ 10 ամիս տևած դատավարությունն այսօր ավարտվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության 13 նախկին պաշտոնյաների ու աշխատակիցների մեղադրական դատավճիռներով: Բոլոր 13 անձինք դատապարտվեցին` մեղադրվելով 2006-2010 թվականներին կազմակերպված խմբով մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների թոշակների ավելի քան 260 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ:
4 ամբաստանյալներ ` Վիգեն Գևորգյանը, Աշոտ Աբրահամյանը, Վահագն Խաչատրյանը, Հովհաննես Գրիգորյանը դատապարտվեցին 5,5 –ական տարվա ազատազրկման:
Սամվել Էլբակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արթուր Սուքիասյանը, Սարգիս Սարգսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը թեև դատապարտվեցին 1 տարի 8 ամսից մինչև 4 տարի 5 ամիս չափով ազատազրկման, այնուամենայնիվ դատարանը նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում կայացրեց` սահմանելով 1-ական տարի ժամկետով փորձաշրջան: Կալանքի տակ գտնվող 3 ամբաստանյալ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ 13-ից 7 ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, իսկ 6-ի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրություն: Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ Գլխավոր դատախազությունում քրեական գործ էր հարուցվել 2011 թ-ին, 2012 թ-ի սեպտեմբերի 28-ից 13 ամբաստանյալներից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Առաջադրված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր էր ճանաչել միայն ամբաստանյալ Արթուր Սուքիասյանը: Իսկ Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չէր ճանաչել:
Մեկնաբանել