HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք զրոների գումարը

Մանուկ Սահակյան, ցմահ բանտարկյալ

Եվս մի քանի ժամ, և կավարտվի 2014 թվականը: Անկախ թե որ պետության սահմանները կընդլայնվեն, կամ որ պետության  տնտեսությունը կավելանա և կպակասի, մեկ է՝ 21-րդ դարում աշխարհի բևեռացումը պարտություն է ողջ մարդկության համար: Իսկ թե ի՞նչ  շահեց կամ կորցրեց  ՀՀ-ն, կարող ենք լսել և ցանկության դեպքում հավատալ տարեվերջյան ամփոփումներից, որ իրականացվում են տարբեր գերատեսչությունների կողմից, որոնք սովորաբար ամանորին ընդառաջ լինում են գերթվայնացված ձեռքբերումներով, այսինքն գերող և գեր: Նման մի ամփոփում էլ թվերով ներկայացվեց  Արդարադատության նախարարի կողմից. արդարության համար ասեմ՝ բավական անկեղծ: Ես էլ որոշեցի ամփոփել նույն թվերի տեսքով այդ համակարգից անբաժան, բայց հարցազրույցից դուրս մնացած ցմահականների համար անցնող 2014թ.: Տեսնեք ինչ ձեռքբերումներ և առաջընթաց է գրանցվել ցմահ ազատազրկում պատժատեսակի համար և ինչ դրական փոփոխությամբ է անդրադարձել դա ցմահականների կյանքում:

Մեկ տարի առաջ «Հետքում» հրապարակված առաջին հոդվածս` (Ցմահ ազատազրկում, թե դանդաղ մահապատիժ) վերնագրով, որտեղ ներկայցնելով ցմահ ազատազրկում պատժատեսակի հետ կապված խնդիրները ՀՀ-ում և դրանք լուծելու ցանկության բացակայությունն ՀՀ իշխանությունների մոտ, եկել եմ եզրակացության, որ այստեղ գործում է դանդաղ մահապատիժ: Հիմա փորձենք թվերից հասկանալ կա առիթ մեկ տարի առաջ արված եզրակացությունս փոխելու համար.

1.ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա դեռևս ոչ մի ցմահ չի վերադարձել հասարակություն, չնայած շատերն են հատել վաղաժամկետ ազատման համար անհրաժեշտ շեմը. (ինչպես գիտենք ազատազրկման հիմնական նպատակն է դատապարտյալի ուղղումը և հասարակություն վերադարձը) այսինքն թվերով 0 դատապարտյալ է վերադարձել հասարակություն:

2. տարիներ շարունակ սխալ դատավարությունների մասին բարձրաձայնող ցմահականներից դեռևս ոչ մեկը չի արդարացվել, այսինքն 0 արդարացված (իսկ բոլորի համար պարզ է, որ ՀՀ-ում դատական համակարգն անսխալական չէ, ինչպես որ ավելի կայացած դատական հակարգ ունեցող երկրներինը, առավել մեր դատարանները հայտնի է, որ չեն փայլում անկախությամբ, անկողմնակալությամբ): Ոչ թե չկան անմեղ ցմահականներ, այլ դեռևս չկա համարձակություն անսխալականությունը բացահայտելու համար:

3. չնայած որ ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր միջազգային փորձի հիման վրա օրենսդրական բարեփոխումներ կատարել, որոնք կմեղմեին ՀՀ-ում ցմահների վիճակը, ոչ մի օրենսդրական բարփոխում չի փոխվել ցմահականների կարգավիճակը  (գուցե մշակվել է և հաջորդ տարի պետք է ուժի մեջ մտնի չգիտեմ), սակայն ամփոփում եմ 2014թ. փոփոխությունները,  այսինքն 0 օրենսդրական բարեփոխում:

Կարծում եմ բարձր մաթեմատիկական գիտելիքներ չեն պահանջվի երեք զրոների գումարը պարզելու համար և կարող եմ արձանագրել, որ ցմահների համար անցնող տարում 0 փոփոխություն է տեղի ունեցել: Իհարկե, եթե դիտարկենք համակարգից դուրս առանձին ցմահականների կյանքում տեղի ունեցած փոփոխություններն, ապա  կլինեն մարդիկ, ովքեր ունեցել են ցավալի կորուստներ և կլինեն մարդիկ, ովքեր ունեցել են որոշակի ձեռքբերումներ ու չափազանց կարևոր է, որ անկախ ամեն ինչից շարունակել են ապրել հույսով և սպասումով և շարունակում են երազել ազատություն վերադառնալու, ինչպես նաև ազատության մեջ իրենց հորիանած հեքիաթն իրականություն դարձնելու մասին: Ահա թե ինչու կարող եմ պնդել, որ Նոր տարին շատ բնորոշ է ցմահականների ապրելակերպին, չէ որ Ամանորը երազանքներ պահելու  և հույսի տոն է, իսկ ցմահականներն ամեն օր ապրում են հուսալով և երազելով:

Քանի որ շուտով Ամանոր է, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ,  գալիք Նոր տարում թող բոլորիդ ամանորյա հեքիաթային երազանքներն իրականան և թող 2015թ. դառնա սիրո տարի և քարոզվի սեր և ոչ ատելություն, իսկ հաջորդ տարվա ամփոփմանս մեջ զրոներին թող փոխարինեն դրական թվերը:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter