HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս պատժել երիտասարդներին

Լուսանկարում Մանուկ Սահակյանն է, ում հարազատներն՝ իր իսկ համաձայնությամբ, թույլատրեցին հրապարակել այն: «Հետքում» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարությունից հետո Մանուկն առաջին արձագանքողներից էր:

Նա մեկն է Հայաստանում պատիժը կրող 105 ցմահ դատապարտյալներից, մեկն է այն 21 ցմահ ազատազրկվածներից, ովքեր արարքը կատարելու պահին եղել են 18-21 տարեկան (Մանուկը արարքը կատարելու պահին եղել է 20 տարեկան, այժմ 24 տարեկան է-հեղ.):

21 ցմահականներից 8-ը, այդ թվում և Մանուկ Սահակյանը մեղադրվել են մեկ անձի սպանության մեղադրանքով (երկու և ավելի անձանց սպանությունը գրեթե բոլոր երկրների օրեսդրություններում համարվում է ծանրացուցիչ հանգամանք): 21 ցմահականներից 14-ը նախկին շարքային զինվորներ են, նրանցից շատերը պատիժ են կրում դեռ 1990-ականներից: Մանուկը շարքային զինվոր չի եղել, սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում: 2009 թ-ին մեղադրվել է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ՝ տաքսու վարորդի կամխամտածված, շահադիտական սպանության մեղադրանքով: Մեկ տարի անց դատապարտվել է ցմահ ազատազրկման, նախկինում դատված չի եղել: Դատարանում ընդունել է իր մեղքը: 4 տարի է պատիժը կրում է  «Նուբարաշենի» բանտում:   

Մանուկ Սահակյանն ու իր ընտանիքը չեն բարձրաձայնում դատական հնարավոր սխալների մասին: Նրանք պարզապես գտնում են, որ չափազանց խիստ պատիժ է սահմանվել դատարանի կողմից՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքը, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, ուսումնառությունը բուհում, դատապարտյալի դրական բնութագիրը, մեկ անձի սպանության մեղադրանքը, մի խոսքով՝ մեղմացուցիչ հանգամանքները:

«Հետքի» հետ զրույցում Մանուկի մայրը՝ Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ որևէ վերականգնողական աշխատանք չկա, տղաները փակ դռների հետևում են՝ չհաշված 1 ժամանոց զբոսանքը.

«Մենք իրեն հանդիպում ենք տարեկան մեկ անգամ՝ 3 օրով և 3 անգամ՝ 1-ական ժամով, այն էլ տեսնում ենք ապակիներից այն կողմ: Այդպես է կարգը: Սարսափելի է, երբ հարազատից են անգամ մեկուսացնում մարդուն: Այս չորս տարիներին ես էլ, կարծես, բանտված լինեմ, աշխատում եմ բացառապես Մանուկի համար, որ ապահովեմ նրա մտքի ու մարմնի առողջությունը: Տարել ենք շատ գրքեր, խորացնում է անգլերենի գիտելիքները, իտալերենի ինքնուսույցներով իր ցանկությամբ փորձում  է իտալերեն սովորել: Շատ է ուզում ավարտել ուսումը բուհում, բայց ԿԳՆ-ից պատասխանել էին, որ ՀՀ պետական բուհերում հեռահար ուսուցում չկա: Միգուցե հեռակա փորձենք, ինչպես երեք ցմահ բանտարկյալներն են սովորում՝ Արսեն Արծրունին, Մհեր Ենոքյանը ու նախկին զինվոր տղան» (խոսքը՝ Գեորգի Խանամիրյանի մասին է, ով ցմահ է դատապարտվել 19 տարեկանում՝ ծառայակցին սպանելու մեղադրանքով: Ի դեպ, նույն այս գործով ցմահ են դատապարտվել երկու շարքային զինվորներ - հեղ.)

Երիտասարդների արդարադատություն

Եթե Մանուկ Սահակյանը և մյուս 20 ցմահ դատապարյալներն, ովքեր արարքը կատարելու պահին եղել են մինչև 21 տարեկան, դատապարտվեին, օրինակ, Ավստրիայում, Շվեդիայում կամ Բոսնիայում, ապա նրանց հանդեպ չէր կիրառվի պատժի առավելագույն չափ ցմահ բանտարկությունը, այլ կնշանակվեր տարիների տեսքով ամենաբարձր պատիժը, քանի որ նրանք տեղավորվում են երիտասարդների տարիքային խմբում: Եվրոպական մի շարք երկրների օրենսդրություններում տարանջատված են երիտասարդները, ովքեր ներառված են 18-21, որոշ դեպքերում նաև` 21-24 տարիքային խմբերում: Հիմնականում 18-21 տարիքային խմբում օրենսդրությամբ սահմանափակվում է դատարանների կողմից պատժի առավելագույն չափի նշանակումը: Երիտասարդների արդարադատությունը վերականգնողական արդարադատության բաղադրիչներից մեկն է: Այն հայաստանյան քրեական օրենսդրության մեջ երբևէ սահմանված չի եղել: Մեր օրենսդրությամբ սահմանված է պարզապես անչափահասների ու չափահասների արդարադատություն:  

Ո՞ր տարիքից կարելի է նշանակել պատժի առավելագույն չափը 

Պետությունների մեծամասնությունը օրենսդրորեն ամրագրել է 18 տարեկանը, այդ թվում և` մեր պետությունը: Սակայն կան երկրներ, որտեղ պատժի առավելագույն չափը կարող է նշանակվել 18 տարեկանից ցածր անձանց հանդեպ, ինչպես Անգլիայում, բայց և 18-ից բարձրերի հանդեպ, ինչպես Ավստրիայում, Շվեդիայում, Բոսնիայում:

Բոսնիայից Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը մեզ հետ զրույցում ասում է. «Իմ երկրում նախ անձին չեն կարող դատապարտել պատժի առավելագույն չափի, եթե արարքը կատարելու պահին լրացած չի եղել նրա 21 տարին: Բացի այդ, երկարատև՝ 45 տարվա ազատազրկման են դատապարտում (ցմահ հասկացություն չկա) միայն պատերազմի հանցագործներին ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով; Սա է պատճառը, որ անգամ 45 տարվա ազատազրկման դատապարտված ընդամենը 2 մարդ կա Բոսնիայում»: 

Բուլղարիայից փորձագետ, սոցիոլոգ, իրավապաշտպան Կրասիմիր Կանևն էլ նշում է, որ թեպետ Բուլղարիայում օրենսդրորեն տարբերակված չեն երիտասարդները, այդուհանդերձ չգրված օրենք կա` նրանց չդատապարտել պատժի առավելագույն չափի:  «Իմ երկրում ցմահ դատապարտյալների միջին տարիքը 30 և բարձր է»:

Ֆիննլանդիայում, եթե անձի տարիքը հանցանք կատարելու պահին 21-ը լրացած չի եղել, ապա նա 10 տարի անց կարող է դիմել պայմանական վաղաժամկետ  ազատ արձակման համար: Գերմանիայում գործում է հատուկ մասնագիտական հանձնաժողով:

Ինչպե՞ս վերականգնել օրինախախտ երիտասարդներին

Բորստալյան բանտն Անգլիայում հարյուրամյա պատմություն ունի: Սկսել է գործունությունը 1902 թ-ին, երբ բանտապետ Ռեգլս Բրայսն առաջին անգամ մշակեց և կիրառեց 16-21 տարեկան օրինախախտների համար հատուկ վերականգնողական ծրագրեր: Հենքային տեղում աշխատելու հմտությունն էր: 

Բրիտանացի փորձագետ Քեթրին Էփելթոնը Լիդսի համալսարանի դասախոս է, քրեական իրավունքի մասնագետ, Օքսֆորդի համալսարանում տասը տարի զբաղվել է դոկտորական ատենախոսությամբ: Առանձին գրքով հրատարակել է «Կյանքը` ցմահ ազատազրկումից հետո» աշխատությունը: «Անգլիայում մենք ցմահ բանտարկության հատուկ համակարգ ունենք, նրանց տեղավորում են երկրորդ կատեգորիայի բանտում: Բանտային համակարգը քառաստիճան է՝ A-D: Ցմահները պիտի անցնեն այդ համակարգով`սկսելով երկրորդից, միայն առանձին դեպքերում, եթե շատ վտանգավոր են, առաջին կատեգորիայից: Որոշ ժամանակ անց կարող են հասնել մինչև չորրորդ կատեգորիա, որն անվանում ենք առանց պատերի բանտ: Այստեղ նրանք կարող են մնալ իրենց հարազատների հետ: Անգլիայում ցմահ ազատազրկվածներն ունեն համակարգիչներ, սահմանափակ մուտք կարող են ունենալ համացանց: Կարող են մասնակցել բարձրագույն տեխնոլոգիաների դասերի: Նրանք կարող են որոշ ցածր ռոճիկով տարբեր աշխատանքներ կատարել: Ի դեպ, ցմահ դատապարտյալները հաճախ շատ ավելի հանդարտ են, քան նրանք, որոնք պարբերաբար բանտարկվում և ազատվում են: Այցերը խրախուսվում են, դա նպաստում է բանտարկյալի հետագա ներգրավմանը»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը արձանագրում է, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում անձի ուղղման մասին խոսելն անիմաստ է: «Դատավորը խփեց մուրճը, այդ մարդուն տանում ենք բանտ ու մոռանում նրա մասին առնվազն 15 տարի: Պատկերացրեք՝ 18 տարեկան մարդը, որը իր գիտակցական կյանքը դեռ շատ քիչ է ապրել, ընկնում է մի միջավայր, որտեղ, ասենք, 7 տարի ապրելուց հետո, սկսում է ապրել բանտի կանոններով, հետո էլ այդ կանոններով վերադառնում է սոցիում: Քչերին է հաջողվում հակառակը՝ պինդ մնալ, զարգացնել միտքը, պահել ապրելու մոտիվացիան: Հոգեբանները շատ քիչ են մեր ՔԿՀ-ներում: Ենթադրենք մեկ հոգեբանը օրական 3 ցմահ դատապարտյալի լսեց, նշանակում է, որ նրանց կարող է լսել միայն տարի անց: Սա հոգեբանություն չեղավ արդեն: Ու հետո՝ հոգեբանը պիտի կարողանա համակարգում մի բան փոխել, պիտի նրա խոսքը լսելի լինի: Մեզ մոտ, ցավոք, այդպես չէ»:

Ողջ «Նուբարաշենի» բանտում, որտեղ 100-ից ավելի  ցմահ դատապարտյալ է պահվում, աշխատում է ընդամենը 1 հոգեբան, ով ֆիզիկապես անգամ չի կարող հասցնել լսել դատապարտյալներին: Համեմատության համար նշենք, որ Լատվիայում ամեն  25 դատապարտյալի հետ աշխատում է 1 հոգեբան, կան ուսուցիչներ ու այդ ամենը նրանք դեռ բավարար չեն համարում: Իսկ երբ երիտասարդ տարիքում է անձը դատապարտվում պատժի առավելագույն չափի, այն էլ առաջին դատվածությամբ, ավելանում են նրան` որպես քաղաքացի ուղղելու ռիսկերը:

Թեմայի մասին երկար ժամանակ բարձրաձայնելուց, առաջարկություններ ներկայացնելուց  հետո ստացա արձագանք. քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում արձանագրվել է երիտասարդների արդարադատությանը վերաբերող դրույթ, ըստ որի` երիտասարդներին պատժի առավելագույն չափի դատապարտելը նպատակահարմար չէ: «Հետքի» հարցին, թե ինչպես կարելի է բնորոշել մշակվելիք նոր օրենսգիրքը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանն ասաց՝ այլընտրանքային պատիժներ, վերականգնողական արդարադատություն: 2016-ին արդեն կունենանք նոր քրեական օրենսգիրք՝ նոր քաղաքականությամբ:

Իսկ մինչ այդ Մանուկն ու իր բախտակիցները ստիպված են ապրել փակ ռեժիմային գոտում՝ առանց ռեժիմների փոփոխման (22 տարում 1 անգամ է կիրառվել-հեղ.), պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, խրախուսանքների մեթոդի, համաներումների ու ներումների, տարբերակված մոտեցումների կիրառման հույսի: Նշածս բոլոր կետերը կան միայն թղթի վրա:  

Մեկնաբանություններ (5)

Զառա
Հարգելի Արտակ, ցանկացած օրենսդրության մեջ 2 և ավելի անձանց սպանությունը համարվում է ավելի ծանր: Պետական մեղադրողները 2 և ավելի անձանց սպանությունների գործով միշտ նշում են այդ հանգամանքը: Այո, տուժողի ցավը անդառնալի է, բայց մենք պետություն ենք, որտեղ պիտի լինի արդար դատաքննություն, համարժեք պատիժ ու ամենակարևորը պատիժը պիտի համապատասխանի պատժի նպատակներին, որոնք ամրագրված են ՔՕ 48-րդ հոդվածում: Բանն այն է, որ 20 տարի համակարգը ոչինչ չի անում, որ հասարակություն վերադառնա մտքով, հոգով, մարմնով առողջ քաղաքացի: Բանտը մարդկային պահեստ է մեր երկրում: 6 ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետի 20 տարվա շեմը լրացել է /ներման իրավունքը չի 20 տարի անց, այլ պայմանական ազատ արձակման իրավունքի/, սակայն նրանցից և ոչ մեկը չի դուրս գալիս ազատություն: Համակարգը գիտի, որ չի ուղղել այդ մարդկանց, գիտակցում է անգործությունը, դա է պատճառը, որ դուրս չի թողնում: Դուք փորձեք ամենաբարի կենդանուն մտցնել վանդակի մեջ ու ամեն օր ծակծկել ասեղով, նա կդառնա գազանից էլ գազան: Հիմա նույնը բանտարկյալների հետ է արվում: Ողջ հոդվածի մեխը պատժի նպատակների իրագործումն է:
Աննա
ողբերգություն...այնինչ այսքան քիչ լինելով պիտի դողայինք ամեն մի երիտասարդ կյանքի ու ներուժի համար...Հիմա եթե վերջին պարագրաֆում նշված բոլոր կետերը թղթի վրա կան ու չեն կիրառվում, 2016-ին ընդունվելիք նոր քրեական օրենսգիրքը արդյո՞ք էական փոփոխություն կբերի այս մարդկանց կյանքում: Ո՞վ պիտի պահանջի, որ կիրառվեն օրենքի դրույթները: Բանտարկյալնե՞րը...ազատ մարդուն չեն լսում ու ձայնը խեղդելու համար բանտ են գցում, ուր մնաց բանտարկյալին լսեն.... Այս թեմայով ձեր վերջին հոդվածներից մեկում խոսվում էր ցմահ բանտարկյալների քանակությունից բխող ինչ-ինչ նյութական շահերի մասին, որից օգտվում են բանտի պաշտոնյաները...այսինքն էլի` մարդկանց կյանքերի հաշվին հարստացում...կարեւոր չէ թե ինչ գնով... խոսք չկա, մեզանից լավ մեզ ոչ ոք չի հոշոտի...սարսափելի անտարբերություն ու դաժանություն մարդկային կյանքերի հանդեպ....
Նաիրա
Մեր արդարադատությունը ե՞րբ է սովորելու ոչ թե պատժել մարդուն, այլ ուղղել։ Մինչև հիմա մեծ հաջողությունների է՞ հասել մարդկանց վանդակը գցելով ու նրանց վրա խաչ քաշելով։ Իսկ որ ազատության մեջ լիքը ոճրագործներ են ման գալիս, դա մեր արդարադատությունը չի ուզում տեսնել, չէ՞, ուժը թիկունք չունեցող ջահելների վրա է պատում միայն։
Marine
Apsosum em txaneri hamar... apsosum em vor et erkrum en patizh krum...arorenq... anardar...
artak
հետաքրքիր մարդիկ եք.. եթե պատժած չլինեին կասեիք երկիրը երկիր չէ, մարդասպանին բաց են թողել. երբ պատժում են, ասում եք շատ են պատժել.. իսկ եթե դուք լինեիք այդ տաքսու վարորդի հարազատի տեղը?? մարդ որին սպանել են ձեռքին եղած 10-20 000 դրամի համար?? համաձայն կլինեիք ասենք որ դատեին 5 տարով?? ուզում եք ասել այդ տղան 18 տարեկանում չէր հասկանում թե ինչ է անում?? իչսկ հոդվածագրի տրամաբանությունը պարզապես սպանում է.. այդ երբվանից մեկ հոգու սպանելը դարձավ մեղմացուցիչ հանգամանք??? հոդվածը գրելուց առաջ մի հատ խորհրդակցի իրավաբանի հետ..ու ասեմ որ մեր օրենսդրությամբ 20 տարի նստելուց հետո եթե ուղղվում է ապա կարող է ներման արժանանալ.. ես հասկանում եմ մորը, որի համար այդ 4 տարին դժվարություներ են, իսկ տաքսու վարարոդի ընտանքիը??հոդվածագիր գնա տես ոնց են ապրում առանց կերակրող?? ու իրենք համաձայն են որ բաց թողնեն??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter