
Մոտ 2 մլն-ոց ֆուրշետային ծառայություններ՝ Էստոնիայի պատվո հյուպատոսի ընկերությունից
Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի հոկտեմբերի 3-ին՝ Ուսուցչի տոնի առթիվ, հյուրասիրություն է կազմակերպել քաղաքապետարանի մեծ ճեմասրահում 400 հոգու համար: Հյուրասիրությունն արժեցել է 1.938.276 դրամ: Ծառայության գնման պայմանագիրը կնքել է «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ի հետ: Այս նույն ընկերությունը ծառայություն է մատուցել նաև դեկտեմբերի 25-ին՝ Նոր տարվա առթիվ, 350 հոգու համար: Ըստ կնքված պայմանագրի՝ հյուրասիության կազմակերպման, սպասարկման, ձևավորման, սննդի տրամադրման համար քաղաքապետարանը պարտավորվել էր վճարել 1.722.636 դրամ: Հետաքրքիր զուգադիպությամբ «Արիեսի» շեֆ-խոհարարի անունն Արմեն Աշոտյան է:
Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով՝ «Արիես Քեյթրինգ Սերվիս» ընկերությունը 2003-ին հիմնադրվել է «Արիես» ՍՊԸ-ի կողմից, որի գործունեությունը, ըստ ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգի, ներկայում դադարեցված է: Նշված, ինչպես նաև «Արիես լանչ», «Արիես լիբեր», «Արիես Ավետիք տուրզ» (այս վերջինը լուծարված է) ՍՊԸ-ների տերը ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանն է, որն այդ աշխատանքին է 2002 թ.-ից: Հյուպատոսի գրասենյակի հասցեն համընկնում է «Արիես Քեյթրինգ Սերվիս»-ի հասցեին:
«Արիես Քեյթրինգ Սերվիս»-ը մատուցում է սննդի սպասարկման (ֆուշետ, ճաշկերույթ) ծառայություններ: «Արիես լիբեր»-ը կազմակերպում է կոնֆերանսներ և զբոսաշրջային այցելություններ: Իսկ «Արիես լանչ»-ը ռեստորանային ցանց է:
Էստոնիայի պատվավոր հյուպատոսի սննդի սպասարկում իրականացնող ընկերության պատվիրատուները բազմաթիվ պետական կառույցներ են: Ընկերության կայքէջի համաձայն՝ դրանցից են Ազգային ժողովը, կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Մայր Աթոռ սբ. Էջմիածինը, Կենտրոնական բանկը, Հանրապետական կուսակցությունը, մի շարք դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, տեղական ու արտասահմանյան ընկերություններ:
Ընկերությունը արտագնա ճաշկերույթներ է կազմակերպում տարբեր վայրերում, օրինակ՝ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում: Այդպիսին եղել է, մասնավորապես, 2012-ի ապրիլին: Գառնիում ճաշկերույթներ անցկացնելու «սիրահարներից է» Կենտրոնական բանկը, որն այնտեղ միջոցառումներ է կազմակերպել 2011, 2012, 2014 թթ.: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» տաճարի տարածքում անցյալ տարի կազմակերպված «կորպորատիվ փարթիից» հետո հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ նման միջոցառումների շուրջ:
Լուսանկարները՝ Ա. Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից և «Արիես Քեյթրինգ Սերվիս»-ի կայքից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել