HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ բանտարկյալ. «Ձեր լռությունը կվկայի, որ ներքին օղակների անգործության պատճառը Բաղրամյան 26-ն է»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող մահապատժի դատապարտված (2003-ից ցմահ ազատազրկում) Ստեփան Գրիգորյանը դիմել է էրեբունի- Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նա որոշել է վիճարկել բանտի վարչական հանձնաժողովի որոշումը՝ իր պայմանական ազատման հարցի քննարկումը 1 տարով հետաձգելու մասին: Այս մասին «Հետքին» փոխանցեց դատապարտյալի դուստրը: Նա նաև փոխանցեց հոր երկրորդ բաց նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ ասված է.

«Պարոն նախագահ, արդեն 20 տարի է, ինչ գտնվում եմ այս դժոխքում: Գործող օրենքով արդեն վաղաժամկետ ազատման իրավունք ունեմ, չունեմ չարամիտ խախտումներ և կյանքից ոչ ոքի չեմ զրկել:

Բոլոր այն պատկան մարմինները, որոնց դիմում եմ, իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում որևէ խնդիր լուծելու համար՝ որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց, վկայակոչում են Ձեզ՝ ասելով, թե իբր այդ հարցերի լուծման համար միմիայն Ձեր համաձայնությունն ու թույլատվությունն է անհրաժեշտ: Ներկա պահին սա մասնավորապես վերաբերում է իմ վաղաժամկետ ազատման հարցին»:

Նամակում նշված է, որ հետաձգման հարցը մեկնաբանել են նրանով, որ վաղաժամկետ ազատման նոր օրենքի նախագիծը գտնվում է կառավարությունում և գործող օրենքը ուժ չունի, «բայց իրավաբանական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը գործում է գործող օրենքը, որին ևս մեկ անգամ ծանոթացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների վարչության պետի տեղակալ պարոն Ա.Համբարձումյանը: 

Պարոն Նախագահ, առանց Ձեր հրահանգի սայլը տեղից չի շարժվի, և ես կշարունակեմ մնալ այս դժոխքում՝ խելագարության հասցնող անհույս վիճակում. խելագարության նախադեպն ունեք: Ձեր լռությունը կվկայի այն մասին, որ ներքին օղակների անգործության պատճառը Բաղրամյան 26-ն է»,- գրված է Ստեփան Գրիգորյանի նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter