HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյան. «Ադրբեջանը շատ ճշգրիտ հաշվարկել է իր քաղաքականությունը»

Ազգային ժողովի քառօրյա նիստին քննարկման է դրվել «2014 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ թվերի վերլուծությունը՝ մի կես տոկոս այս կողմ այն կողմ, իրականությունը հասկանալու համար ոչինչ չի տա: Նա նշեց, որ դրա համար պետք է հասկանալ, թե արդյոք մեր երկրի տնտեսության զարգացման հարցը ճիշտ ռազմավարական հիմքի վրա է:

Պատգամավորի ասելով՝ այսօր տնտեսության զարգացումը դարձել է անվտանգության հարց: «Կռվելու հարցում խնդիր չունենք, մեր տղաները լավ կռվում են, մեր բանակը լավ կռվում է: Մենք խնդիր ունենք տնտեսապես դիմանալու»,- ասաց նա:

Լ. Զուրաբյանն այնուհետ նշեց Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մասին: Ըստ նրա՝ Ադրբեջանը, տեսնելով, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման ոչ մի նշույլ ցույց չի տալիս, իր ռազմական պոտենցիալն աճեցնում է, լարվածությունը մշտապես մեծացնում է շփման գծում, և այդ ճնշումն այնպիսի աստիճանի է փորձում հասցնել, որ ոչ թե մեր բանակը, այլ մեր տնտեսությունը չդիմանա:

Այնուհետ նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիներին՝ մեջբերելով վիճակագրական մի քանի տվյալներ:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ եթե 2008-ին ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 662 մլն դոլար, այսօր՝ 10 մլրդ 887մլն է: Ներդրումներ-ՀՆԱ հարաբերությունը 2008-ին 40 տոկոս է եղել, այսօր՝ 17:

«Արտաքին ներդրումները կատաստրոֆիկ անկում են ապրել»,- ասաց Լ. Զուրաբյանը: Պետական պարտքը նույն ընթացքում 1 մլրդ 667մլն-ից դարձել է 4 մլրդ 933մլն (ՀՆԱ-ի արդեն 48 տոկոսն է կազմում): 2008-ին 2 մլրդ 155 միլիոնի առևտրային դիֆիցիտ ենք ունեցել, իսկ այս տարի՝ 2 մլրդ 882 միլիոն:  

Գործազրկությունը 7 տարիների ընթացքում 18 տոկոս է կազմել: Եթե 2008-ին Հայաստանից հեռացել է 23.000 մարդ, ապա հիմա տարեկան 50.000 է:

«Սա նշանակում է, որ ռազմավարական առումով մենք պարտվում ենք, և պարզվում է, որ Ադրբեջանը շատ ճշգրիտ հաշվարկել է իր քաղաքականությունը: Խեղդելով Հայաստանին՝ այդ թվում նաև, ցավոք սրտի, կոռումպացված Հայաստանի իշխանությունների ձեռքերով, գնալով հայտնվում ենք անելանելի վիճակում: Եվ ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ պատրաստում են նաև որոշակի ճնշումներ Հայաստանի վրա, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի այն տարբերակով, որը, ըստ էության, նպաստավոր կլինի Ադրբեջանի համար»:

Իսկ Ադրբեջանի այս պլանները ձախողելու համար, Լ. Զուրաբյանի կարծիքով, անհրաժեշտ է արմատական փոփոխություններ անել Հայաստանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter