
«Հետքի» հոդվածն արձագանք է ստացել. ազատամարտիկի ընտանիքի համար նոր տուն են գնել
«Հետքը» երեկ ուրախ լուր է ստացել «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ից: Վերջինս հայտնել է, որ կենտրոնի ծրագրերի բարերարներից Հրանտ Քենդենի աջակցությամբ ազատամարտիկ Սերգեյ Ստեփանյանի ընտանիքի համար նոր տուն է գնվել:
Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի բնակիչ Սերգեյ Ստեփանյանի մասին մենք գրել էինք մայիսի 9-ին: 51-ամյա ազատամարտիկն ասել էր, որ ընդամենը մի քանի «շիֆեր» է փորձում գտնել` երկու տներից մեկի տանիքը վերանորոգելու համար, որպեսզի 77-ամյա մայրը անձրեւաջրերի տակ չքնի: Սերգեյը 4 երեխա ունի` 3 տղա, 1 աղջիկ: Բոլորն էլ ամուսնացած են, դուստրն ապրում է Ռուսաստանում, իսկ որդիները` հոր հետ երկու ոչ բարվոք տան մեջ: Մեր այցի ժամանակ ազատամարտիկը պատմել էր, որ տղաները մեկնել են Ռուսաստան` աշխատանք գտնելու նպատակով, սակայն գործ չկա, եւ պիտի վերադառնան: Սերգեյը կնոջ հետ պահում է 3 հարսներին, 5 թոռներին ու մորը: 1 հա հող ունի, սակայն գումարը չի բավականացնում` ձմերուկի կամ սեխի սերմ գնելու համար: Օրվա հացն էլ վաստակում է ուրիշների դաշտերում ձմերուկ ցանելով:
Մեզ հետ զրույցում Սերգեյն ուրախությամբ հաստատեց նոր տան մասին լուրը` նշելով, որ այն գտնվում է Երասխի կենտրոնում, ունի հողամաս: Հավելեց, որ բարեգործական կազմակերպությունը նաեւ գումար է տրամադրելու` նոր պատուհաններ գնելու համար: Ըստ Սերգեյի` մինչեւ շաբաթվա վերջ կտեղափոխվեն նոր տուն:
Նա «Հետքին» հրավիրեց Երասխ` մասնակցելու բնակարանամուտին: Շնորհակալություն հայտնելով բարերարներին` նշենք, որ առաջիկայում կրկին կանդրադառնանք այս թեմային` ներկայացնելով ազատամարտիկի նոր կենցաղային պայմանները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել