HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Պարզապես անհարկի ձգձգում են Սողոմոն Քոչարյանի ազատման հարցը»

Այն, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը տառապում է պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդությամբ, մոտ 20 օր է՝ հայտնի է: Դեռևս օգոստոսի 25-ին «Էրեբունի» ԲԿ-ի դուրսգրման վերջնական ախտորոշմամբ` հաստատվել է, որ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, 2-րդ կարգի պատերազմի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն ունի իշեմիկ կարդիոմիոպաթիա՝ 3-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ: Այս հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների ցանկում, որը հաստատել է կառավարությունը դեռևս 2006 թ-ին: Անցել է մոտ 20 օր, սակայն Սողոմոն Քոչարյանի ազատման հարցը դեռ չի դրվել քննարկման:  

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն տեղեկանալու՝ երբ է նախատեսված քննարկել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցը: Պատասխանելով մեր հարցմանը՝ ՔԿՎ-ից նշել են, որ «Դատապարտալների հիվանդանոց» ՔԿՀ-ն սեպտեմբերի 7-ին է ստացել Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ «Էրեբունի» ԲԿ-ի վերջնական ախտորոշումը, ինչի մասին իրազեկել է բժշկաաշխատանքային հանձնաժողովին՝ ԲԱՀ-ին, որն էլ քննարկում է ախտորոշումը բժշկական փորձաքննության հանձնաժողովին ներկայացնելու հարցը: ՔԿՎ-ի պատասխանում նշված է, որ ակնկալում են ստանալ նաև «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից վերջնական ախտորոշում՝ հաշվի առնելով, որ Սողոմոն Քոչարյանը ներկայումս բուժում է ստանում այնտեղ:

«Այս քայլերը խոսում են այն մասին, որ համակարգն ամենևին շահագրգռված չէ, որպեսզի անհապաղ գումարվի հանձնաժողովի նիստ: Պարզապես ցույց են տալիս, թե աշխատում են, սակայն ժամանակի վրա են խաղում»,- ասաց Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Փաստաբանի տեղեկություններով` քրեակատարողական վարչությունը նույնիսկ պաշտոնապես չի դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավրիչ» ԲԿ և չի ստացել ընթացիկ ախտորոշումը, սակայն բազմիցս բանավոր տեղեկացել է, որ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը չի բարելավվել:

«Բազմիցս նկատել եմ, վարչության աշխատակիցները եկել են հիվանդանոց, տեղեկացել են բուժման ընթացքի մասին ու հեռացել են: Այս պայմաններում ողջամտության սահմաններից դուրս է սպասել ևս մեկ վերջնական ախտորոշմանը, երբ այն վաղուց հայտնի է»,- ավելացրեց Բալասանյանը:

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ակնհայտ է դառնում՝ արհեստականորեն, անհարկի ձգձգում են Սողոմոն Քոչարյանի պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը, քանի որ Կառավարության 825-Ն որոշման համաձայն` գործընթացի համար անհրաժեշտ է վերջնական ախտորոշում, ինչն էլ ստացել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հենց այդ վերջնական ախտորոշումը հիմք ընդունելով` ըստ փաստաբանի, պետք է անհապաղ գումարվի հանձնաժողովի նիստ, կազմվի եզրակացություն, ուղարկվի դատարան, ու Սողոմոն Քոչարյանն ազատվի պատժից:

«Ակնկալել ևս մեկ վերջնական ախտորոշում, մեղմ ասած, անհասկանալի է: Ենթադրենք՝ անհրաժեշտություն առաջանա, ու մարդը բուժման կարիք ունենա մեկ այլ հիվանդանոցում ևս, այդ դեպքում էլ պետք է ակնկալեն երրո՞րդ վերջնական ախտորոշումը: Բացի այդ, վերջնական ախտորոշում տրվում է այն ժամանակ, երբ հիվանդին դուրս են գրում հիվանդանոցից: Իսկ Սողոմոն Քոչարյանը ենթակա է մշտական բժշկական հսկողության ու երկարատև բուժման: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ստացվում է, որ հանձնաժողովը նիստ չի գումարելու և չի տալու եզրակացություն, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Հայաստանը՝ ի դեմս պետական մարմինների, չի կատարում նաև մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող, իր իսկ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջները»,- ասաց փաստաբան Բալասանյանը:

Նա նշեց, որ փաստաբանական հարցմամբ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից խնդրել է իրեն տրամադրել Սողոմոն Քոչարյանի ընթացիկ ախտորոշումը, որը երեկ տրվել է նրան: Այնտեղ գրված է նույն հիվանդությունը, որը նշված է «Էրեբունի» ԲԿ-ի վերջնական ախտորոշմամբ՝ իշեմիկ կարդիոմիոպաթիա՝ 3-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ:  

  

«Ես տեսակցում եմ Սողոմոնին, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, չի կարողանում քայլել, դժվար է իրանը շարժում անգամ անկողնում պառկած, ունի կրծքավանդակի, կողերի, ողնաշարի սուր ցավեր: Բժիշկներն ասում են, որ կա նաև սուր ընդգծված հոգեբանական, սթրեսային գործոն: Մարդու կյանքի հարց է, իսկ համակարգը հապաղում է, չնայած, որ կա համապատասխան օրենք, և օրենքը պիտի գործի»,- նշեց Գրիշա Բալասանյանը:

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վերջին երկու օրերին կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Զրուցեցինք Սողոմոն Քոչարյանի մոր՝ Զինա Քոչարյանի հետ, ով փոխանցեց, որ բժիշկներն ասել են՝ այսօր նորից տղային բարձրացնելու են սրտաբանական բաժանմունք:

«Էստեղի բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն Սողոմոնիս, մի մարդու պես կանգնում են կողքին հենց վատանում ա: Գոնե քայլեր, բայց չի կարում շարժվի: Կես մարդ ա դարձել: Գոնե հիմա ազատեն, չնայած հույս չունեմ արդեն: Երևում ա, որ հեչ չեն շտապում ազատել»,-ասաց Զինա Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը օգոստոսի 26-ից բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել կայուն ծանր: Քոչարյանը օգոստոսի 18-ից գտնվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ օգոստոսի 25-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա,  նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter