
Մոնղոլիայից տեղափոխված ընտանիքի երեխաների հայրությունը ճանաչվեց դատարանի կողմից
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերոբ Մանուկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել 4 տարի առաջ Մոնղոլիայից ընտանիքով Հայաստան տեղափոխված Հրահատ Երիցյանի ու Բայանդոլգոր Օյունչիմեգի (Բայինա) երեխաների՝ Վարսենիկի ու Արշակի հայրության ճանաչման հայցը:
Այսուհետ 11-ամյա Վարսենիկն ու 10-ամյա Արշակն իրենց անվան կողքին կգրեն Երիցյան ազգանունը, այսինքն՝ կկրեն իրենց հոր ազգանունը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը «Հետքին» փոխանցեց, որ վճիռը մեկամսյա ժամկետում ուժի մեջ մտնելուց հետո կդիմի համապատասխան պետական մարմին երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման հարցով:
Դատարանի վճռում նշված է. «Բայանդոլգոր Օյունչիմեգը և Հրահատ Երիցյանը հարևանների և այլ անձանց մոտ հանդես են եկել որպես ամուսիններ, միասին դաստիարակել և խնամել են երեխաներին, իսկ Հրահատ Արմենակի Երիցյանն իր բոլոր գործողություններով` հարևանների մոտ, դպրոցում և բուժհաստատությունում բացահայտ ներկայացել է որպես Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների հայր, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ Հրահատ Արմենակի Երիցյանը փաստացի Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների նկատմամբ ճանաչել է հայրություն»:
Հիշեցնենք, որ «Հետքի» «Մոնղոլիայից Անտառամեջ. Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը» հրապարակումից հետո փաստաբանների կողմից ուսումնասիրվել էր վերը նշված հարցը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը հայցադիմում էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Հրահատ Երիցյանի հետ Վարսենիկի ու Արշակի ազգակցական կապի հաստատման պահանջով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել