HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքի վայրից ինչպե՞ս են անհետացել սպանության գործիքն ու ռետինե ծածկոցը

Գյումրի քաղաքի բնակչուհի Ռուզաննա Ադանալյանն արդեն երկրորդ տարին բախում է իրավապահների դռները որդու՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով ճշմարտությունն իմանալու ու սպանության հնարավոր մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու համար: Նրա համոզմամբ, նախաքննությունն ի սկզբանե կատարվել է թերի, լուրջ բացթողումներով: Սակայն այն արդեն դատաքննության փուլում է, գործը լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Զուգահեռաբար տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը քննիչի գործողությունները վիճարկում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Հետքն» անդրադարձել է այս գործի նախաքննության փուլին: 2014 թ.-ի հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 3 հարվածով: Ձերբակալված է միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: Արտյոմի մայրը պնդում է, որ տղան զոհ է գնացել դեռ նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից շատերը լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: «Խմբակային հանցագործություն են կոծկում»,- ասում է տիկին Ռուզաննան:

«Մեղմ է ասել, որ ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Առաքելյանը չի կատարել օբյեկտիվ, լիրվ ու բազմակողմանի քննություն, ինչը օրենքի պահանջն է: Թաքցվել, անտեսվել են շատ կարևոր ապացույցներ»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ռուզաննա Ադանալյանը՝ նշելով, որ շատ է դիմել պատկան մարմիններին, բայց ապարդյուն:  

ՀՔԾ-ն ու Գլխավոր դատախազությունը քննիչի գործողություններում խախտում չեն տեսնում  

Տուժողի իրավահաջորդն անցյալ տարվա հունիսին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն գործը քննող քննիչ Հ.Առաքելյանի կողմից նախաքննության խախտումների վերաբերյալ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Սակայն մեկ ամիս անց ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ս.Մինասյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մերժումը տիկին Ռուզաննան բողոքարկել է: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյանը ևս որևէ խախտում չի տեսել և դարձյալ որոշել է մերժել որդեկորույս մոր բողոքը:   

Ռուզաննա Ադանալյանն ու իր ներկայացուցիչը երկու մերժումները բողոքարկում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրանք խնդրում են դատարանից վերացնել մերժման երկու որոշումները կամ միջնորդությամբ դիմել դատախազին՝ քրեական գործ հարուցելու համար:

Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ,փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրեցին իրենց բողոքը:  

Սպանության գործիքն ու ռետինե ծածկոցը անհետացել են 

Համաձայն քննիչի կողմից կատարված դեպքի վայրի զննության, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հեղուկի շուրջ 36 հետք, սակայն նույն քննիչի կողմից հիշատակված այդ քանակությամբ հետքերը չեն նկարագրվել, չի տրվել դրանց հստակ տեղակայումը, չափերը, քանակը, բնույթը: Բայց ամենակարևորը՝ այդ հետքերից նմուշներ չեն վերցվել և դրանցով համապատասխան փորձաքննություն չի նշանակվել: 

Դեպքի վայրի զննության ընթացքում՝ դեպքի վայրում առկա լրագրասեղանի ռետինե ծածկոցը ամբողջությամբ պատված է եղել արյան բազմաթիվ հետքերով, սակայն այն չի առգրավվել, չի փաթեթավորվել և դրանով փորձաքննություն չի նշանակվել: 

 

«Միջնորդություններ եմ ներկայացրել, որ այդ ռետինե ծածկոցով, որը, ի դեպ, քննչականի արած լուսանկարում երևում է, նշանակվի փորձաքննություն, սակայն միջնորդությունների պատասխան չի ստացվել: Ավելին, չկա սպանության գործիք դանակը, չկա նաև այդ ռետինե ծածկոցը»,-շեշտեց Ռուզաննա Ադանալյանը: 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե  նշված ռետինե ծածկոցը չկա, ապա այդ մասով քննիչի արարքը ոչ միայն համապատասխանում է քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներին, այլև այդ հանցագործության դասագրքային օրինակ է: Փաստաբանը վկայեց, որ այդ էական հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձրել ոչ Ս.Մինասյանը և ոչ էլ Գ.Գևորգյանը:

Արտյոմ Ադանալյանի դին եղել է մաքուր լողացված վիճակում. ինչո՞ւ և ինչպե՞ս 

«Դեպքի վայրի զննության ընթացքում պազրվել է, որ լոգարանի ջուրն ամբողջությամբ արյունոտված է, առկա է նաև արնաջրով և արնանման հետքերով դույլ: Սակայն քննիչը ոչ լոգարանից և ոչ էլ դույլի ջրից փորձանմուշ չի վերցրել և դրանով համապատասխան փորձաքննություն չի նշանակել: Դրա կատարումը ինքնանպատակ չէր, քանի որ նախաքննության ընթացքում շտապ բուժ. օգնության բժիշկ Սուրեն Հարոյանը և այլք ցուցմունք են տվել, որ Արտյոմ Ադանալյանի դիակը եղել է մաքուր լողացված վիճակում»,- դատարանին հայտնեց փաստաբան Հովհաննիսյանը՝ նշելով, որ միգուցե դա հանցագործությունը պարտակելու և հետքերը թաքցնելու նպատակով է արվել: Սակայն, ինչպես հաղորդեց փաստաբանը,  Արտյոմ Ադանալյանի լողացված լինելու մասին ոչ քննիչը՝ դիակի զննության արձանագրությամբ և ոչ էլ դատաբժշկական փորձագետը՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չեն նշել: Ավելին՝ փաստաբանը ընդգծում է, որ քննիչը ոչ մի քննչական գործողություն չի կատարել, ոչ մի վկայի ոչ մի հարց չի տվել և գործով չի պարզաբանել, ի վերջո, ով կամ ինչու լողացրել Արտյոմ Ադանալյանին:

 Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ու տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը

«Քննիչն անփույթ է փաթեթավորել փորձաքննության ուղարկվող իրերը: Եթե անգամ առկա են եղել նմանատիպ հետքեր, ապա դրանք ոչնչացել են: Ձեռքի հետքերի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել պարզել հանցագործության բոլոր մասնակիցներին և պատասխանատվության ենթարկել նրանց»,- նշեց փաստաբան Հովհաննիսյանը:

Նա նաև ներկայացրեց, որ դեպքի վայրի զննության ընթացքում չի հայտնաբերվել այն ապակյա սրվակը, որի վրա հետագայում նշանակված փորձաքննությամբ հայտնաբերվել է թմրամիջոց և այդ մասով հարուցվել է քրեական գործ, առանձնացվել առանձին վարույթում: Այդ սրվակը հայտնաբերել են այլ վկաներ, իսկ Ռուզաննա Ադանալյանն այն ներկայացրել է քննիչին:

Առաջին լուսանկարում՝ մայր ու որդի Ռուզաննա և Արտյոմ Ադանալյաններն են

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի և տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի լուսանկարը՝ Երանուհի Սողոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter